HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Էրդողանը կարծես թե ուզում է նոր Աթաթուրք դառնալ Թուրքիայի համար»

«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրելը դարձել է տարբեր քննարկումների առիթ և արժանացել զանազան գնահատակնների:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի կարծիքով` գնահատակնների մի մասը չափազանցված են, և «ներողության ակցիային» առավել ուշադրություն են դարձնում, քան հարկավոր է: Ըստ նրա՝ իրականում դա կուսակցական պայքարի դրսևորում է, որ կա «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր` «Հանրապետական ժողովրդական» կուսակցության միջև:

Վերջինիս հիմնադիրը հենց Քեմալ Աթաթուրքն է, իսկ Թուրքիայի իշխանությունները փորձում են վարկաբեկել քեմալիզմը: Նման հայտարարության նպատակը եղել է ընդդիմադիր կուսակցության մեջ պառակտում մտցնելը, ինչպես նաև կուսակցության առաջնորդին` Քեմալ Քիլիչդարօղլուին ևս մեկ անգամ նսեմացնելը:

Վերջինիս պարբերաբար մեղադրում են դերսեմցի լինելու, ինչպես նաև հայկական արմատներ ունենալու մեջ: Իսկ Թուրքիայում դեռ արդիական է նսեմացնելու համար հայ անվանելը: Թուրքագետն այս հարցը դիտարկում է նեղկուսակցական շրջանակներում, որովհետև, եթե դա լիներ մեծ ակցիա, ապա կըտնրվեր մեկ այլ ամբիոն:

Ա. Հովհաննիսյանը «ներողության ակցիան» որակեց որպես փարիսեցիություն. մինչ Էրդողանը ներողություն էր խնդրում, «թուրք ժանդարմները մաքրման օպերացիա էին իրականացնում Դերսիմում»: Իսկ Դերսիմը հայտնի է որպես «ընդդիմադիր տարածք», որտեղ պատսպարվել են բազմաթիվ հայեր և այստեղ մեծ համակրանք կա հայերի նկատմամբ:

Բացի այդ` Թուրքիայում միտում կա կոտրել հանրապետական կուսակցության շուրջ առկա առասպելները, ինչը կատարվում է իշխող կուսակցության աջակցությամբ:  

«Էրդողանը կարծես թե ուզում է նոր Աթաթուրք դառնալ Թուրքիայի համար», - հավելեց Ա. Հովհաննիսյանը:

Վերջինիս կարծիքով` Էրդողանի` երկիրն արդիականացնելու փորձերը միտված են փոխել թուրքերի ինքնությունը, սակայն հաճախ հանդիպում են դիմադրության: Թուրքիայում «իսլամականությունը շատ ուժեղ է և բերում է ազգայնականության»: Իսկ Էրդողանին բնորոշ է պրագմատիզմը. նա փորձում է քարոզել չափավոր իսլամ և մոդեռնիզացիա, որպեսզի չհակադրվի Արևմուտքին: Հենց դա է Թուրքիայի և Էրդողանի հաջողության գրավականը:

Մյուս կողմից, թուրքագետի կարծիքով` Էրդողանի` ներողություն խնդրելու փաստն աննախադեպ երևույթ է. պետության ղեկավարը պետության անունից ներողություն է խնդրում: Եվ չնայած դա Էրդողանի ցանկությունը չէ, բայց այն իր հետևից բերում է տարբեր արձագանքներ, քննարկումներ, և բարձրացնում է հայերի հարցը: Թուրքական մամուլը գրում է, եթե Էրդողանն առաջին տառը՝ «ա»-ն ասել է, ինչո՞ւ չի հասնում նաեւ «բ»-ին և անդրադառնում Ցեղասպանության խնդրին:

Միաժամանակ, Ա. Հովահաննիսյանի խոսքերով` այս քայլը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը հիմնական խնդրից: Այն նմանվում է PR ակցիայի. Էրդողանի այս քայլը կլինի «ապացույց», երբ Թուրքիան ցանկանա ցույց տալ, թե ինքը չի վախենում անցյալի հետ առերեսումից և ազնիվ է իր քայլերում:

Իրականում, սակայն, շարունակվում է Ցեղասպանության ուրացումը, բայց այն «լղոզված է». թուրքական կողմը մի կողմից ցույց է տալիս պատրաստակամություն լուծել հայերիի հետ կապված հարցը, մյուս կողմից` պետական մակարդակով ընդդիմանում է ընդունել որևէ բանաձև: Թուրքիան ստեղծում է պատրանք, թե 1915թ.-ի դեպքերը երկու ժողովուրդների պատմության ողբերգական էջերն են, և հայերի նման շատ են տառապել նաև թուրքերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter