
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանավորման ժամկետը երկարացվեց
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանավորման ժամկետի երկարացման վերաբերյալ, ինչպես նաև մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պաշտպանական կողմը դեռևս տեղյակ չէ, թե դատարանը քննիչի միջնորդության բավարարման հիմքում ինչ հանգամանք է դրել։
«Դատարանը ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել, քանի որ բացակայում է հիմնավոր կասկածը, որ Նազարյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, բացի այդ` կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման հիմքերը բացակայում են։ Դատական նիստին պաշտպանական կողմը քննիչից պահանջեց արդարացնող ապացույցներ, որոնք այդպես էլ չներկայացվեցին»,- նշում է փաստաբանը։
Սեդրակ Նազարյանը չի ցանկացել դատական նիստին ներկա գտնվել։
Հիշեցնենք, որ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր. 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել