HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը Դավիթ Հակոբյանի մորը խոստացել է աջակցել որդու առողջության վերականգնման հարցում

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող, ներկայում՝ առաջին խմբի հաշմանդամ, «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Դավիթ Հակոբյանի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը, «Հետքին» տեղեկացրեց, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, իրեն ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախկին պայմանագրային զինծառայող, այսօր ազատազրկված Դավիթ Հակոբյանի մայրը դիմում էր գրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու համար՝ ակնկալելով, որ միգուցե որդու առողջության հարցերը կկարողանա նրա օրոք լուծել:  

Դավթի մայրը Վիգեն Սարգսյանին ներկայացրել է որդու առողջական վատ վիճակը, խոսել օր առաջ որդու բուժման հարցը լուծելու անհրաժեշտության մասին, ինչը, բնականաբար, ազատազրկման վայրում անհնար է:

«Խոստացավ աջակցել Դավիթիս բուժման հարցերում»,- ասաց Գայանե Կիրակոսյանը:

Տիկին Գայանեն մի քանի օր առաջ է տեսել որդուն «Արմավիր» ՔԿՀ-ում. «Ձախ ոտքի շարժունակությունը ահագին պակասել էր, դե՛, ինչ պիտի լինի 4 պատի մեջ, առանց վերականգնման: Իսկ մինչև բանտարկությունը բավականին լավ սկսել էր շարժել»,-ընդգծեց մայրը:

Խաղաղապահ զորքերի զինծառայող Դավիթ Հակոբյանի հետ պատահածի մասին «Հետքի» «Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ» հրապարակմանը արձագանքել են քաղաքացիներ, պաշտոնյաներ: ԱԺ նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր խնդիրը, Դավիթ Հակոբյանի առողջական խնդրին անդրադարձել էր նաև նորանշանակ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում,  Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Իսկ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն է եղել, ինչպես զինծառայողը հայտարարել է դատարանում:

2012թ. Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել: Դավթի ծնողները, սակայն,  մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել: ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։