HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանության ոչ բարենպաստ վերաբերմունքն ինձ համար ակնհայտ է». Գևորգ Սաֆարյան

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Սաֆարյանի քրեական գործով հերթական նիստի ընթացքում կայացավ վկա, «Նոր Հայաստան» շարժման աջակից Սևակ Մանուկյանի հարցաքննությունը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկան, նշեց, որ տեսել է՝ ինչպես Ազատության հրապարակում 2015-ի դեկտեմբերի 31-ին բախում է տեղի ունեցել Նոր Հայաստան» շարժման անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև: Նա մոտեցել է ոստիկանության չորրորդ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանին և ասել՝ այս ինչ եք անում, որից հետո Գեղամ Խաչատրյանը նրան ասել է, թե դա իր տղաները չեն, այլ «կարմիր բերետներով» ոստիկաններն են: Բախման ընթացքում Սևակ Մանուկյանը նույնպես վնասվածք է ունեցել, չի հիշում` ով է հարված հասցրել, բայց ուղեղի ցնցում է ստացել: Իսկ հիվանդանոցում նույն հարցը կրկնելուց հետո, Գեղամ Խաչատրյանը ասել է՝ «լավ են արել, խփել են»:

Վկան նշեց, որ ինքը ապշած է մնացել նման վարքագծից, ինչպես նաև ավելացրեց, որ Գեղամ Խաչատրյանի վրա ոչ մի վնասվածք չի եղել, երբ նրան հանդիպել է հիվանդանոցում:

Վկային հարցաքննելուց հետո, դատավորն ասաց, որ նրա տված երկու ցուցմունքերը չեն համապատասխանում. տարաձայնություններ կան:

- Ինչու՞ ասացիր, որ Գեղամ Խաչատրյանի դեմքին վնասված չկա, մենք այդ հարցը չէինք տվել,- ասաց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ է, թե Գևորգ Սաֆարյանն ինչի համար է մեղադրվում, ուստի նշել է: Իսկ դատավորի այն հարցին՝ ինչու քննիչի մոտ չի ասել նույնը, վկան պատասխանեց, որ նշել է ինքը, ուղղակի հնարավոր է` քննիչը չի արձանագրել:

Այնուամենայնիվ ընթերցվեց վկա Սևակ Մանուկյանի նախաքննական ցուցմունքը: Դատարանում ընթերցվեցին նաև գործով վկաներ Սերգեյ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Ղազարյանի և Վարուժան Ավետիսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ Վարույթն իրականացնող մարմինն արգելել է նրանց շփումն այլ անձանց հետ` նշելով, որ նրանք կարող են նախաքննական գաղտնիք հրապարակել:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո ասաց, որ քննիչը շարժվել է այն տրամաբանությամբ, որպեսզի փորձի մերկացնել այս շարժման մասնակիցներին. «Ոչ մի հարց չի ուղել, որպեսզի բացահայտի կատարված հանցագործությունը. կամ հերքի կամ հիմնավորի Գ.Սաֆարյանին մեղսագրված արարքը»:

Նախաքննության ընթացքում տված  ցուցմունքների մեջ բոլորը նշել են, որ Սաֆարյանը չի հարվածել Գեղամ Խաչատրյանին:

Վարուժան Ավետիսյանը գրել է, որ Կարո Եղնուկյանը, ով հանդերձավորվել է ինչպես Ձմեռ պապ, իր ձեռքում ունեցել է փոքր եղևնի, իսկ ոստիկանները ՝ Վ. Օսիպյանի գլխավորությամբ, եղևնին մաս-մաս են արել և հեռացրել հրապարակից:

Վկան նշել էր նաև, որ Գեղամ Խաչատրյանը դրսևորել է ագրեսիվ վարք, իրեն պահել է ինչպես «ռինգում»:

«Մենք բազմաթիվ հարցեր ունեինք, բայց չենք կարող այդ հարցերը ուղղել, 4 վկաները շատ կարևոր վկաներ էին,  շատ հանգամանքներով քննիչն իրենց հարցեր չի տվել, մյուս կողմից էլ մենք կարող էինք այդ հանգամանքները բացահայտել, բայց  այդ հնարավորությունը չտրվեց, այսինքն հնարավորություն չեն տալիս որպեսզի  պաշտպանական կողմն ապացույց ներկայացնի: Սա Եվրոպական կոնվենցիայի շատ կոպիտ խախտում»,- նշեց փաստաբան Հայրապետյանը:

Նա ավելացրեց նաև, որ վկաներից 5-ից 4-ը նշել են, որ Գևորգ Սաֆարյանը եղել է իրենց առջև, և հետևել են նրա գործողություններին, և վերջինս որևէ հարված չի հասցրել Գեղամ Խաչատրյանին:

Դատարանի դահլիճում պաշտպանական կողմը ներկայացրեց նաև տեսանյութ՝ ցույց տալու, որ բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ոչ պաշտպանվելու համար:

Այնուհետև Գևորգ Սաֆարյանը հանդես եկավ իր ցուցմունքով, որի ժամանակ ներկայացրեց, որ 2015-ին, դեկտեմբերի 31-ին, երբ ընկերներով փորձել են մտնել Ազատության հրապարակ, նրանցից մեկը Ձմեռ պապի հագուստով է եղել, իսկ ձեռքին տոնածառ, ոստիկանները հարձակվել են և փորձել խլել տոնածառը: Միջադեպն ավարտվել է տոնածառը ջարդուխուրդ անելուց հետո:

«Հետո մենք մի քանի հոգով մոտեցանք Ազատության հրապարակ, մեր ընկերներից մեկը՝ Հովհաննես Ղազարյանը, գտնվում էր տոնածառի հանդերձանքով, մեզ մոտեցան 2-3 ոստիկաններ և ասացի, որ չի կարելի մտնել Ազատության հրապարակ՝ չնշելով որևէ պատճառ: Հովհ. Ղազարյանը փորձեց շրջանցել ոստիկաններին, նրանք հարձակվեցին, և մտցնելով ծառի տակ պոկեցին հանդերձանքը: Ես հորդորեցի ոստիկաններին հանգստանալ: Այդ  ժամանակ Գեղամ Խաչատրանը՝ մոտենալով Հովհ. Ղազարյանին ոտքի շեշտակի հարվածով նրան գցեց գետնին, որից հետո նրա ենթակաները սկսեցին աջ ու ձախ հարվածել:

Ցուցմունքի ավարտին Գևորգ Սաֆարյանը նշեց, որ միջադեպից հետո Գեղամ Խաչատրյանի վրա որևէ վնասվածք չի տեսել: Պաշտպանի այն հարցին` ոստիկնաների կողմից կողմնակի վերաբերմունք իր նկատամամբ նկատել է Գևորգ Սաֆարյանը, պատասխանեց, որ ոչ միայն այդ օրը, այլև ընդհանրապես իր նկատմամբ ոստիկանները ատելություն են ցուցադրել գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ: «Մի անգամ նույնիսկ ոստիկանության կենտրոնի բաժնից ոստիկանությունը ինձ ստիպված է եղել տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության ոչ բարենպաստ վերաբերմունքն ինձ համար ակնհայտ է, մասնավորապես «հրեշտակներ» կոչվող  գումարտակի՝  և հրամանատար Գեղամ Խաչատրյանի կողմից, ով նույնիսկ  մի անգամ իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքներ գրեց նաև իմ և իմ հարազատների հասցեին», - հայտնեց ամբաստանյալ Գ. Սաֆարյանը:

Գ. Սաֆարյանը նշեց նաև, որ ոստիկանության մոտեցումը հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բացասական է. «Սա գալիս է նաև նրանից, որ ոստիկաններն ասում էին՝ էս Նոր տարվա օրոք մենք կլինեին տանը, եթե դուք չլինեիք»:

Ինչ վերբերում է Գեղամ Խաչատրյանին հարվածելուն, Սաֆարյանը նշեց, որ ինքը որևէ մեկին չի հարվածել. «Ինձ ներկայացվեց դրվագը որտեղ երևում է մի քաղաքացու ոտք և ասում են, որ ես եմ այդ քաղաքացին, և ես ոտքով հարվածում եմ Գեղամ Խաչատրյանին, խփում եմ սրունքին, ինչի արդյուքնում Գեղամ Խաչատրյանը թիկունքով ընկնում է գետնին: Քննիչին բացատրել եմ, որ միայն ֆիզիակայի օրենքներից ելնելով դա անհնարին է»:

Սաֆարյանը պարզաբանում է, որ Գեղամ Խաչատրյանին կռվի մեջից ուսից քաշելով հեռացրել է ոստիկանության աշխատակիցներից մեկը, բայց նրա հետևում ընկած քաղաքացի է եղել, որին բախվելով ոստիկանության հրամանատարը ընկել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter