
Վահան Մարտիրոսյանը ևս ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ նա ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամագրման դիմում է ներկայացրել, սակայն դեռ որոշման պատասխանը չի ստացել։
Նախարարը շեշտեց, որ կուսակցական դառնալու հարցում իրեն որևէ մեկը չի պարտադրել` հիշեցնելով նաև վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ որևէ պարտադրանք չկա։
«Մենք թիմային աշխատող ենք և թիմային կմիանանք հանրապետականին»,- ասեց նախարարը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն վարկաբեկված կուսակցություն է, հասարակությունը նրան չի վստահում», նախարարը հակադարձեց. «Իսկ ինչի՞ եք տենց ասում որ։ Եթե չի վստահում, ինչպե՞ս է որակական ձայներ հավաքել»,- հարցրեց Մարտիրոսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչև նախարար դառնալը չի անդամակցել ՀՀԿ-ին, Մարտիրոսյանը պատասխանեց, որ մինչ այս պաշտոնը ստանձնելը ընդհանրապես քաղաքական դաշտում չի աշխատել։
Նախարարը հավելեց, որ ինքն անդամակցելու է ցանկացած կուսակցության գաղափարախոսության, որը հայ ազգի բարգավաճմանն ու լավ վիճակին բերելուն է ուղղված։
Մեկնաբանել