
Մի փայտը բոց չի տա, կծխա ու կհանգի, կամ ինչո՞ւ ջավախքցիները միասնական չեն
Գուրգեն Շիրինյան
Մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ Ջավախքին և Վահագնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Արցախյան ազատամարտի հերոսներ, գեներալներ, պատմաբաններ, արվեստագետներ, պատգամավորներ, երիտասարդներ և մեծահասակներ:
Ջավախքցիների համար սա շատ ողջունելի և ընդունելի քայլ էր, որովհետև նման ազգային դեմքեր արտահայտեցին իրենց դիրքորոշումն ի նպաստ Ջավախքի և Ջավախքի ժողովրդի: Ավելացնեմ նաև, որ այս դեմքերը առաջին անգամ չէ, որ արտահայտում են նույն դիրքորոշումը Ջավախքի հարցում:
Բայց բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ մինչև խոսքը վերածվի գործի, դեռ կա շատ դժվար ու տքնաջան աշխատանք, և կա նաև մեկ այլ խանգարող հանգամանք, այն է` ջավախքցիները միասնական չեն ու յուրաքանչյուր պայմանում միասնական չեն էլ լինի, որովհետև ջավախքյան կառույցներն իրարից տարբեր են` թե' մտածելակերպով, թե' գաղափարական ուղղվածությամբ և թե ապրելակերպով:
Հիմա տեսեք. երբ ինչ-որ տեղ բարձրացվում է Ջավախքի և Ջավախքի հայորդիների հարցը, ինչ-որ մի այլ ջավախքցի սկսում է քննադատել դա կամ գովաբանել թուրքամետ Վրաստանի իշխանություններին: Նման դեպքը կարելի է վերագրել նախանձի, պատվերի կամ մոլորվածության, չնայած բնական է, նման բացասական քննադատություններ պիտի լինեն, որովհետև նույնիսկ մարդկության ամենաուժեղ գաղափարի դեմ` խոսքը կրոնների մասին է, նույնպես կան բացասական քննադատություններ:
Ո՞րն է Ջավախքի միասնության խնդիրը: Ինչո՞ւ մենք միասնական չենք: Սկսենք մեր Հայաստանի Հանրապետությունից. Հայաստանում ապրում են հազարավոր ջավախքցիներ, բայց նրանք միասնական չեն, որովհետև մասնատված են Հայաստանի կուսակցությունների ու կազմակերպությունների միջև, և ամենքը դավանում և պաշտպանում է տվյալ կուսակցության, կամ կազմակերպության գաղափարը: Սա հասկանալի է միայն այն դեպքում, երբ այդ պայքարը կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, բայց, ցավոք, այդ ամենը ջավախքցիների համար վերածվել է թշնամական պայքարի հենց Ջավախքի հարցում. սա սխալ է, նման ձևով մենք երբեք Ջավախքի որևէ հարց չենք լուծի:
Ջավախքում նույնպես նույն իրավիճակն է, դրան գումարած դավաճանների ու վրացական ուժային կառույցների տեռորը: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում էլ կենցաղային խնդիրներ են, որոնք բացասական լիցքեր են հաղորդում ջավախքցիների միասնության համար:
Ելնելով Հայաստանի ներկա աշխարհագրական դիրքից և ներքին ու արտաքին խնդիրներից` Երևանը երբեք չի կարող միայնակ լուծել Ջավախքի խնդիրները: Ջավախքցիները նույնպես չեն կարող` ելնելով վերը նշված խնդիրներից: Անհատական ոչ մի կուսակցություն կամ կազմակերպություն նույնպես ի վիճակի չէ լուծել Ջավախքի ժողովրդի խնդիրները, որովհետև մի փայտը բոց չի տա, կծխա ու կհանգի: Դիվանագիտական ու քաղաքական գործընթացներով լուծումը նույնպես անհիմն է, որովհետև վերջին 10 տարիները ուղիղ հակառակ արդյունք գրանցեցին ջավախքցիների համար:
Եվրամիության, ՄԱԿ-ի, մարդու իրավունքների վերաբերյալ օրենքներով նույնպես անօգուտ է պայքարել, որովհետև Եվրոպան թուրքամետ Սահակաշվիլուց ավելի շատ օգուտ ունի, քան ջավախքցու իրավունքներից:
Մնում է միայն մի ելք, այսինքն` ջավախքցիներին թողել են միայն մի ելք, որը կհամախմբի ու կմիավորի ջավախքցիներին ու լուծում կտա Ջավախքի բոլոր խնդիրներին. դա զինված պայքարն է: Եվ սա փաստ է, որովհետև Կովկասում թե' Արցախը, թե' Օսիան, և թե' Աբխազիան իրենց իրավունքները կարողացան պահպանել միայն պատերազմի գնով: Այսինքն` մարդկային ապրելու իրավունքները միայն զենքով կարելի է պահպանել և վերջ…
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել