Դատարանը բավարարեց արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու միջնորդությունները
Ամալյա Մարգարյան
Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը 500 հազար դրամ գրավով փոխարինելու համար:
Դատավոր Մ. Մակյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը որպես խափանման միջոց նույնը թողնելու և միջնորդությունը մերժելու որոշումը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժել է նույն գործով ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի կալանքը գրավով կամ ստորագրությամբ փոխարինելու միջնորդությունները:
Ամբաստանյալ Ա. Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը ներկայացրեց միջնորդություն, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա տեսակցել և հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել ազգակցականների և բարեկամների հետ` մեջբերելով այն հանգամանքը, որ վերջինիս ընտանիքը որևէ ձևով չի ազդի գործի քննության վրա: Դատարանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը և վերացնել արտաքին աշխարհի հետ շփման արգելքը:
Նույնանման միջնորդություն ներկայացրեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապյանը: «Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը, այն ամբողջ ծավալով հասանելի է ոչ միայն դատավարության մասնակիցներին, այլև այլ անձանց ևս, ուստի ներկայումս առարկայազուրկ է իմ պաշտպանյալի նկատմամբ քննիչի կողմից որոշված սահմանափակումները»,- հայտնեց պաշտպանը:
Դատավոր Մակյանը բավրարեց նաև այս միջնորդությունը:
Ամբաստանյալների ներկայացուցիչները հանդես եկան մեկ այլ միջնորդությամբ` նիստն արագացված դատական կարգով անցկացնելու վերաբերյալ, որը կքննվի հաջորդ դատական նիստին` դեկտեմբերի 2-ին:
Ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս գործով տուժող են ճանաչվել 46 ոստիկաններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել