HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դավիթին բանտից ազատել են, գնում ենք տուն բերենք»

Խաղաղապահ զորքերի նախկին ծառայող, մեկ տարի չորս ամիս անազատության մեջ գտնվող Դավիթ Հակոբյանի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը հեռախոսով մեզ հայտնեց, որ Հանրապետության նախագահի ներման հրամանագրով տղային ազատում են, իրենք էլ գնում են դիմավորելու: 

Դավիթի ծնողներին հանդիպեցի «Արմավիր» ՔԿՀ-ի նախասրահում: Սպասում էին որդու ազատմանը: Մինչ Դավիթը կերևար բանտի ծանր, երկաթե դռների ճաղերից, նրա ծնողները պատմեցին, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից են տեղեկացել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներման մասին:

Շուտով Դավիթը դժվար քայլերով անցավ բանտի ու ազատության շեմը՝ ցույց տալով ազատականը (ձախ ոտքը շարժում էր մեծ դժվարությամբ): Բոլոր աշխատակիցները աչքալուսանք էին տալիս: Եվս մի քանի պաշտոնական թղթեր լրացնելուց հետո, Դավիթ Հակոբյանը ծնողների հետ ուղևորվեց հայրենի Մայիսյան գյուղ:

«Գոմ էր սարքում, տունն էր մեծացնում, ամեն ինչ կիսատ մնաց: Ես առողջ երեխա տվեցի պետությանը, գերազանցիկի կրծքանշանով եկել է բանակից, սովորել թիկնապահական քոլեջում ծառայության անցել խաղաղապահ զորքերում, անգամ դեպքից 10 օր առաջ բուժզննում էր անցել, ոչ մի հիվանդություն չի ունեցել»,-ասաց Գայանե Կիրակոսյանը:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը կարող էր վաղուց լինել ազատության մեջ և ավելի շուտ սկսեր զբաղվել իր բուժման հարցերով: «Արմավիր» ՔԿՀ վարչական հանձնաժողովի կողմից թեև 3 անգամ նա ներկայացվել է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է ազատել:    

Նոյեմբերի 14-ին «Հետքն» անդրադարձել էր խաղաղապահ զորքերի զինծառայող Դավիթ Հակոբյանի պատմությանը՝ «Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ» հրապարակմամբ, որին արձագանքել էին քաղաքացիներ, պաշտոնյաներ: Զինծառայողի մորը նոյեմբերի 19-ին ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոստանալով աջակցել որդու բուժման հարցում:

Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում, Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից որդին հայտնվել էր կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Իսկ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն էր եղել, ինչպես զինծառայողը հայտարարել էր դատարանում:

Ամեն ինչ սկսվել է 2012թ.-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել: Դավթի ծնողները, սակայն,  մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել: ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում: Բուժումն այդպես էլ իրականություն չի դարձել:  

Հակոբյանները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցողներին. «Պետությունը գիտակցեց, որ Դավիթին օր առաջ պետք է բուժել, ոչ թե պահել բանտում: Մենք շնորհակալ ենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանից, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, բոլոր այն մարդկանցից, որոնք օգնեցին Դավիթին դուրս գալ»,-ասաց նախկին զինծառայողի մայրը՝ խնդրելով լուծել նաև որդու բուժման հարցերն արտերկրում:

Լուսանկարում Դավիթ Հակոբյանն է` ազատության առաջին րոպեներին

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Աստված օգնական, տղաս...
jaj
Մենք շնորհակալ ենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանից....???? )))) (((((((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter