
Կոնդը` տարածք «Don't worry, be happy» խմբային նախագծի համար
Այսօր "City in Use" նախագծի շրջանակներում մի շարք արվեստագետներ իրենց խմբային նախագիծն իրականացնելու համար սոցիալական հետազոտության օբյեկտ են ընտրել Կոնդը` Երեւանի սոցիալապես ապադասակարգված, աղքատ թաղամասերից մեկը: Նարինե Զոլյանի, Մհեր Ազատյանի, Թոմաս Շինդլերի, Հերիքնազ Գալստյանի, Ռուբեն Մանգասարյանի (ներկայացվում է հետմահու) նախագիծը անդրադառնում է Հայաստանի, մասնավորապես Երեւանի սոցիալ-տնտեսական ոլորտին բնորոշ հետ-վերակառուցողական կտրուկ փոփոխություններին: Ինչպես նշում են նախագծի հեղինակները, վերակառուցողական Դրախտի սպասումները փոխարինվեցին դաժան Իրականության փաստացի իրողություններով: Նրանք փաստում են, որ իշխանություն ունեցողների եւ ընչազուրկների հնարավորությունների միջեւ գտնվող վիհն ավելի է խորանում: Ընչազուրկները դուրս են նետված Կյանքի` Աշխատանքի, Բնակարանի, Կրթության, Բժշկական օգնության տարածությունից:
Ավելի քան 30 տարի է, ինչ այս տարածքը գտնվում է աղետալի վիճակում: Կիսաքանդ տարրական կոմունալ հարմարություններից զուրկ տները բնակեցված են հուսալքված ու արդարության հանդեպ հավատը կորցրած մարդկանցով: Անվճար բնակարան ստանալու մասին երազելն այսօր արդեն ավելորդ է: Արվեստագետները փաստում են, որ սա տեղի է ունենում հսկայական, դամբարանային, էլիտար շինությունների ֆոնին, բառացիորեն դրանց հարեւանությամբ... եւ անմտորեն դրանք մեծամասամբ դատարկ են:
Մեկնաբանել