
Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանը «ժողովուրդ» օրաթերթին
Ի պատասխան «ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային էջում տեղադրված այսօրվա հրապարակմանը
Հարգելի գործընկերներ,
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, բաժնի կանոնադրությամբ և տարեկան աշխատանքային ծրագրով սահմանված իր լիազորություններից ելնելով, իրականացնում է մարզպետարանի տեղեկատվական քաղաքականությունը, ծանուցում է մարզպետին ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը:
«Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև թերթի էլեկտրոնային էջում, տպագրված «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» և «Մարզպետը կաշառք է վերցրել» հրապարակումներին ի պատասխան մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում պարունակող պատասխաններով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին և 8-ին:
Հերքման տեքստից օգտվել է նաև «Ժողովուրդ» օրաթերթը՝ այն տեղադրելով հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20:20-ին, թերթի էլեկտրոնային էջում. «Ժողովուրդ թերթին դատի են տվել. ներկայացնում ենք պատճառ հանդիսացած հրապարակումը» հոդվածում՝ մեջբերելով հետևյալ տողերը. «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է և չի համապատասխանում իրականությանը»:
Բացի դրանից՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ինտերնետային էջում (gegharkunik.gov.am) տեղադրել է հերքման և պարզաբանման տեքստ պարունակող երկու հրապարակում. «Ժողովուրդ» թերթը զրպարտում է» և «Տարօրինակ ոչինչ չկա» վերնագրերով: Ավելի, սույն թեմայի շուրջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հերքման բովանդակություն պարունակող հարցազրույց է տվել «Հետք» էլեկտրոնային էջին (10 հոկտեմբերի) և «Առավոտ» օրաթերթին (11 հոկտեմբերի):
Հարցազրույցում մարզպետը նշել է, որ ինքը կբավարարվի եթե «Ժողովուրդ» թերթը ներողություն խնդրի իրեն զրպարտելու համար:
Տարօրինակ է, որ «Ժողովուրդ» թերթը այս ամենը չի համարում հերքում և իր նոյեմբերի 28-ի էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում համառորեն պնդում է, թե «Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո մեկամսյա ժամկետում «Ժողովուրդին» հերքման պահանջ չի ներկայացրել (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Արդյոք այս ամենը հերքման պահանջներից չի՞ բխում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել