
Հովհաննես Ղազարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել
Սարի թաղի բախումների ժամանակ ձերբակալված Հովհաննես Ղազարյանը երեկվանից «Նուբարաշեն» քրակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու և ազատ արձակելու պահանջով:
«Հետք»-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Անի Չատինյանը հայտնեց, որ երեկ է տեսակցել Հովհաննեսին, այդ պահի դրությամբ նրա առողջական վիճակը լավ է եղել:
«Քրեակատարողական հիմնարկի պետին դիմում-պահանջ է ներկայացրել, որ մինչ իրեն արդարացնելով ազատ չարձակեն, չի դադարեցնելու հացադուլը»,- նշում է Չատինյանը:
Փաստաբանը հացադուլը ծայրահեղ միջոց է համարում, սակայն հույս ունի, որ այս քայլը որևէ փոփոխություն կբերի: Չատինյանը պնդում է, Հովհաննես Ղազարյանը արդեն չորս ամսի է անազատության մեջ է և գործի քննությունում որևէ տեղաշարժ, փոփոխություն չկա, այդ պատճառով նաև այս հանգամանքը «ստիպեց» Հովհաննեսին՝ անժամկետ հացադուլ հայտարարել:
Չատինյանը ՀՀ գլխավոր դատախազին գործը կարճելու, իսկ վարույթ իրականացնող մարմնին՝ տեսակցությունների արգելքը վերանցելու դիմում-պահանջներ է ներկայացրել: Կարծում է՝ այս միջնորդությունների պատասխաններով ևս, հնարավոր է՝ որոշակի հարցեր լուծվեն:
Հիշեցնենք, որ նոյմեբերի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Հովհաննես Ղազարյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը՝ մերժելով նրան մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
Հավելենք, որ Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նա մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեջ։
Մեկնաբանել