HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Լայպցիգյան հրաշք կամ Քաղաքային միջավայրի զարգացման սաքսոնական դասերը

 

Մշակութային քաղաքի համբավ ձեռք բերած Լայպցիգը՝ Սաքսոնիա երկրամասի խոշոր բնակավայրերից մեկը, կանաչ քաղաքային տնտեսություն ստեղծելու հիանալի օրինակ է:   

Չնայած Լայպցիգում մեքենաշինական երկու խոշոր ընկերություններ՝ BMW-ն եւ Porsche-ն, արտանետումների, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի քարոզչության եւ հեռանկարի քաղաքականության առումով սաքսոնական այս քաղաքը նախանձելի հաջողությունների է հասել:

Լայպցիգի փողոցներում հեծանվային երթուղու երկարությունը հասնում է 444 կիլոմետրի: Բացի այս, եւս 500-600 կմ երկարությամբ հեծանվային երթուղի կա այգիների տարածքներում: Մոտ 600 հազարանոց քաղաքում այսօր կա 507 հազար հեծանիվ: Եթե 1998 թվականի դրությամբ 1000 բնակչի հաշվով կար 540 հեծանիվ, ապա արդեն 2013-ին՝ 918 հեծանիվ՝ կրկին 1000 բնակչի հաշվով: Այստեղ համալսարաններն ունեն իրենց ստորգետնյա հեծանվային կայանատեղիները:

Լայպցիգի Բժշկական համալսարանի ուսանողների հեծանվակայանատեղին

1987 թվականին Լայպցիգում հեծանիվը կազմել է փոխադրամիջոցների 5,27 տոկոսը, 2008 թվականին արդեն՝ 14,4 տոկոս: Քաղաքային իշխանությունները նախատեսում են 2020 թվականին հասնել 18 տոկոսանոց արդյունքի: Եվ հակառակը՝ նպատակ է դրվել նվազեցնել ավտոմեքենաների թիվը: Եթե 2003 թվականին ավտոմեքենաները կազմել են ընդհանուր փոխադրամիջոցների 34,1 տոկոսը, ապա 2008-ին դրանց թիվը նվազել է մինչեւ 28,6 տոկոս, իսկ 2020 թվականի համար պլանավորած ցուցանիշը 25-ն է:

Քաղաքի կենտրոնում ավտոմեքենաների երթեւեկությունը խիստ սահմանափակ է: Եթե Երեւանում վարորդները դժգոհում են, որ մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանման տեղ չկա, ապա Լայպցիգում, ավտոմեքենաների օգտագործումն ու քաղաքի կենտրոնում կայանելը սահմանափակելու նպատակով, քաղաքապետարանն ուղիղ կրկնակի անգամ թանկացրել են կայանման 1 ժամվա վճարը՝ 1 եվրոյից դարձնելով 2 եվրո:

Քաղաքապետն անձամբ է մասնակցում հեծանվային արշավների

Լայպցիգը նաեւ հետիոտնային, երկաթուղային եւ օդային տրանսպորտի քաղաք է: Քաղաքի 1765 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներից 148 կիլոմետրը տրամվայի երթուղունն է: Լայպցիգյան տրամվայների համար նախատեսված 148 կիլոմետր երթուղին ավելի է, քան Սան-Ֆարնցիսկոյում, Պրահայում, Օսլայում, Բրյուսելում կամ Լիսաբոնում: Նշված քաղաքներում տրամվայներն ավելի փոքր ցանց ունեն: Իսկ կենտրոնական երկաթուղային կայարանն իր մակերեսով աշխարհում ամենախոշորն է:

Զարգացնելով հեծանվային, ինչպես նաեւ էլեկտրական տրանսպորտին, քաղաքի կենտրոնը մատչելի դարձնելով հետիոտնի զբոսանքի համար, Լայպցիգի քաղաքային իշխանություններին հաջողվել է սոցիալիստական շրջանի համեմատ 95 տոկոսով կրճատել արտանետումների ծավալը:

Ի դեպ, մեզ համար կարող է չափազանց թվալ, սակայն տրամվայի աղմուկը ընդամենը երեք դեցիբելով նվազեցնելու նպատակով, Լայպցիգի քաղաքային իշխանությունները որոշել են երկաթգծի ռելսերի մեջտեղում սիզախոտ տեղադրել:

Սաքսոնական այս քաղաքը, այս ամենին զուգահեռ հասցրել է դառնալ նաեւ օդային բեռնափոխադրումների գիգանտ: 12 տարվա ընթացքում՝ 2004-2016թթ., Լայպցիգի օդանավակայանով տարեկան բեռնափոխադրումը 5700 տոննայից հասել է 1 միլիոն տոննայի:

Լայպցիգը արդեն հարյուրավոր տարիներ համարվում է թանգարանային եւ ցուցահանդեսային քաղաք (այստեղ են ապրել Բախը, Լայբնիցը, Գյոթեն, Վագները, այստեղ անցկացվում են երաժշտական եւ կինոփառատոններ), բայցեւ 2012 թվականին հատուկ մրցանակի է արժանացել կյանքի որակի եւ քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացմանն ուղղված հաջողությունների համար:  

Չնայած այս ամենին, Լայպցիգի իշխանությունները մտահոգված են բնակչության արագ աճի տեմպով: Նրանց անհանգստացնում է, որ քաղաքը կարող է կորցնել զարգացման այն ճանապարհը, որ կա հիմա: Լայպցիգի քաղաքապետարանի Քաղաքային զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության գլխավոր վարչության ղեկավար Տորբեն Հայնեմանն ասում է. «Ավելորդ աղմուկն ու արտանետումները բացազաբար կանդրադառնան քաղաքի կյանքի որակի վրա»:  

Հայտնի է, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում պատմամշակութային հուշարձաններին: Հին Երեւանի հետ կատարվածը բոլորին է հայտնի: Իսկ ահա թե ինչպեսին է պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը Լայպցիգում: Քաղաքում մետրոյի նոր կայարանի շինարարության ժամանակ շինարարները, մտահոգվելով տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձան համարվող կամարի ճակատագրով (դրա հիմքերը կարող էին թուլանալ ստորգետնյա աշխատանքների արդյունքում), հատուկ տեխնիկայի միջոցով այն 40 մետր տեղափոխել են, իսկ շինարարության ավարտից հետո՝ երբ արդեն թունելը փորված էր, վերադարձրել իր տեղը: Ընդ որում, մեկ ուղղությամբ տեղափոխությունը տեւել է մեկ ամբողջ օր:

Ասում են, թե իբր պրուսական Բեռլինի եւ սաքսոնական Լայպցիգի միջեւ մրցակցություն կա: Հաստատ կարելի է փաստել, որ գոնե շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի առումով՝ Լայպցիգն անվիճելի առաջատար է եւ դեռ երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կողմից անգերազանցելի:

Լուսանկարները՝ հեղինակի եւ Լայպցիգի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter