Արամ Սարգսյան. «Մեր մղումներն անկեղծ են, նպատակները՝ բարի և անշահախնդիր»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը շնորհավորեց և ողջունեց այսօր ձևավորված իրենց համագործակցությունն ու դաշինքը։ Քաղխորհրդի նախագահի դիտարկմամբ՝ սա իրենց կուսակցության 15-ամյա գործունեության երրորդ դաշինքն է, սակայն, ըստ նրա, այսօր հայտարարված դաշինքը տարբերվում է նախորդներից, քանի որ առաջին հերթին՝ եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա, որն ի սկզբանե քննարկել և ընդհանուր հայտարարի է բերել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական և թե՛ ապագային միտված բոլոր հարցերը։
Սարգսյանի խոսքով՝ այս ընտրությունները ներառում են ոչ միայն խորհրդարանի, այլև երկրի առաջին դեմքի և իշխանության ձևավորումը. «Հետևաբար, հուսով ենք, որ մեր ճշգրիտ և ակտիվ աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հանրային այնպիսի աջակցություն և մասնակցություն, որը հնարավորություն կտա մեզ՝ հոկտեմբերի 27-ին դավադրաբար և դավաճանաբար գնդակահարված «Միասնություն» դաշինքի, 2003-ի նախագահական ընտրություններին ու 2004-ի ապրիլի 12-ին աննախադեպ մասնակցություն ապահոված և «Արդարություն» դաշինքին աջակցած, 2008-ով ոգևորված ու մարտի 1-ով կոփված հանրության երազանքները, ցանկություններն ու նպատակները իրականություն դարձնել՝ փակելով այդպես էլ 21-րդ դար չմտած գործող իշխանության ամոթալի էջերը։ Մեր մղումներն անկեղծ են, նպատակները՝ բարի և անշահախնդիր։ Թող Աստված օգնի և օրհնի մեզ»,- ելույթն ավարտեց կուսակցության նախագահը։
Լուսանկարում՝ Արամ Սարգսյանը (մեջտեղում)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել