HY RU EN

Սեդա Հերգնյան

20% աճ՝ ՏՏ ոլորտում. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախնական հաշվարկները

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախնական  հաշվարկներով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործում է  շուրջ 540 ընկերություն և ոլորտում ներգրավված է 16 հազար մասնագետ։ Իսկ ոլորտի շրջանառությունն այս տարի գերազանցել է 500  մլն ԱՄՆ դոլարը։ ՏՏ ոլորտի՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժինը գնահատվել է 6%:

Վիճակագրական այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Թեև  սրանք նախնական տվյալներ են, սակայն մոտավոր հաշվարկներով՝ այս տարի ՏՏ ոլորտի շրջանառության ծավալներն, ըստ Բ. Ենգիբարյանի, նախորդ տարվա համեմատ 20%-ով աճել են։

«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի նախորդ տարի հրապարակած հետազոտության մեջ նշվում է, որ ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ   560 մլն դոլար։ Հետևաբար, եթե այս տարի շրջանառության շուրջ 20%  աճ է գրանցվել, ենթադրվում է, որ այն պետք է գերազանցած լինի 600 մլն դոլարը։  Ինչևէ, հիմնադրամը ծրագրել է վերջնական տվյալները ներկայացնել եկող տարվա սկզբին։

Ըստ Բ. Ենգիբարյանի՝ այս տարին աննախադեպ էր հայաստանյան ՏՏ ոլորտի նորաստեղծ կազմակերպությունների քանակով, գաղափարներներով և ներդրումներով։

Անդրադառնալով 2017 թվականի գլխավոր ծրագրերին՝ հիմնադրամի տնօրենը նշեց, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի  առաջնային նպատակներից են Ինժեներական քաղաքի և Կիբերանվտանգության կենտրոնի ծրագրերի իրականացումը։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Բ. Ենգիբարյանը անդրադարձել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի գործունեության մասին ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։ 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի