HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Միտում ենք տեսնում». «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը՝ ՎՊ հաշվետվության մասին

Վերահսկիչ պալատի վերջերս հրապարակված հաշվետվությունը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) գործունեության մասին, ըստ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտին, հատկապես՝ օտարեկրյա ներդրումների առումով։ Նա կարծում է, որ դա վնաս է ոչ միայն «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի»-ի համբավին, այլև՝ երկրի ՏՏ ոլորտին ընդհանրապես։ «Գործ ունենք ՀՀ-ի համար կարեւոր և իմիջ ստեղծող ոլորտի հետ»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նշեց Բ. Ենգիբարյանը։

Հիշեցնենք, որ  ՀՀ վերահսկիչ պալատը (ՀՀ ՎՊ) վերահսկողություն  է իրականացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում։ Ուսումնասիրվել է 2006-2016թթ. ժամանակահատվածի գործունեությունը։ Շեշտադրվել են հիմնադրամի ստեղծած ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործարքները,  հիմնադրամի կողմից տրված փոխառությունների տրամադրումը ու Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ կապված հիմնադրամի գործունեությունը։ Երեքի կապակցությամբ էլ մի շարք խախտումներ է մատնանշել ՎՊ-ն։ ՁԻՀ-ը, սակայն, առարկում է՝ չի ընդունում ՎՊ-ի դիտարկումները։ Բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ առարկություններին առավել մանրամասն անդրադարձել ենք։

Օրեր առաջ էլ ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՎՊ-ի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:

«Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- գրված է դատազախության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մենք ուրախ ենք, որ քննություն կլինի և ամեն ինչ կպարզվի։ Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ այս ամենը լուրջ հարված է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտին։ Որովհետև այն դաշտն ու մթոնլորտը, որը ստեղծվել է մեր և մյուս կազմակերպությունների կողմից, վտանգվում է այս ամենով»,- ասաց Բ. Ենգիբարյանը։

Նա ընդգծեց, որ ՎՊ-ն հաշվետվությունը հրապարակելուց առաջ իրենց հետ քննարկում չի անցկացրել։ ՎՊ-ից ընթացիկ զեկույցներ են ներկայացրել իրենց, որոնց վերաբերյալ հիմնադրամն առարկություններ է ներկայացրել, սակայն վերջնական զեկույցն ու եզրակացությունն իրենց չի ներկայացվել։

«Նախ՝ չհասկացանք՝ ինչո՞ւ ՎՊ-ն ստուգում սկսեց հիմնադրամում։ Մենք պետական միջոցների ուղղակիորեն շահառու չենք։ Բայց դա խնդրի մյուս կողմն է։ Երբ սեպտեմբերին տեսանք, որ եզրակացություն  է եղել, սպասում էինք, որ կլինի մեզ հետ քննարկում։ Քննարկում տեղի չունեցավ։ Երբ առանց քննարկման հրապարակվեց ՎՊ-ի հաշվետվությունը, մենք այդ ժամանակ ստիպված էինք մեր կայքում հրապարակել մեր առարկությունները, որոնք պատրաստել էինք քննարկման համար, որպեսզի մասնագետները կարողանան համեմատել և տեսնել։ Մեզ համար էլ հասկանալի չէր, թե ինչու քննարկում  չեղավ»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Հարցին՝ ինչո՞ւ ՎՊ-ն հիմա որոշեց ուսումնասիրություն իրականացնել, և արդյոք դրանում միտումնավորություն տեսնու՞մ է,  Բ. Ենգիբարյանը պատասխանեց. «Միտում տեսնում ենք»։ Բայց այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ դիտավորության մասին է  խոսքը։

Ըստ նրա՝ ընթացքը ցույց կտա՝ իրենք այս հարցով դատարան կդիմե՞ն, թե՞ ոչ։

Բ. Ենգիբարյանը նաև ներկայացրեց ՏՏ ոլորտի այս տարվա իրենց վիճակագրության նախնական պատկերը։ 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter