
Պետության թիրախում կլինեն տաղանդավոր գրողները, սփյուռքահայ և ազգային փոքրամասնությունների գրականությունը
Դեկտեմբերի 1-ին մշակույթի նախարարին գրավոր հարցեր էինք ուղարկել գրահրատակչական ոլորտի փոփոխությունների մասին: Պատասխաններն ստացել ենք այսօր: Դրանք ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
-Գրահրատարակչության ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել (եթե հնարավոր է, խնդրում եմ ներկայացնել կետերով): Պետական աջակցության ի՞նչ ծրագրերում են սպասվում փոփոխություններ, ի՞նչ ծրագրեր են դադարեցվելու, և որո՞նք են պատճառները:
-Պետական աջակցությամբ հաջորդ տարի կհրատարկվեն տաղանդավոր հեղինակների առաջին գրքեր, սփյուռքահայ գրականություն, ՀՀ ազգային փոքրամասնությունների գրքեր, աջակցություն կլինի գրական հանդեսներին և գրական մամուլին։
Փոխվելու են ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրման ձևաչափն ու սկզբունքները. նախարարության նոր մոտեցումն է՝ հրատարակչին աջակցել ոչ թե գրքի հրատարակման գործում, այլ աջակցության այլ միջոցներ առաջարկել՝ շնորհանդեսների կազմակերպում, ստեղծագործությունների թարգմանություն և դրամաշնորհների տրամադրում արտասահմանում հրատարակվելու համար, հեռուստառադիոհաղորդումներ՝ գրականության և գրողների մասին։ Նախարարությունը կապահովի հարթակներ ընթերցողների և հրատարակիչների հետ գրողների հանդիպման համար: Այսպես ընթերցողն ավելի լավ կճանաչի ժամանակակից գրականությունը, իսկ հրատարակչին հնարավորություն կտրվի ավելի ճիշտ կողմնորոշվել հրատարակելիք գրքերի ընտրության հարցում։
Նախարարությունն աջակցելու է գրականության հանրահռչակման ոլորտում հանրապետական գրական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես՝ «Պոեզիայի համաշխարհային օր», «Գիրք նվիրելու օր», «Մանկապատանեկան գրականության շաբաթ», «Ընթերցման օլիմպիադա», «Խորհուրդ են տալիս հայտնիները» և այլն:
Հայ դասական և ժամանակակից գրողների թարգմանություններն արտասահմանում հրատարակելու հարցում նախարարությունն առաջնահերթություն է տալու առավել հայտնի օտարերկրյա հրատարակիչներին, որոնք լավագույնս կկազմակերպեն լույս տեսած գրքերի տարածումն ու գովազդը։ Նաև օժանդակելու է, որպեսզի հայաստանցի գրողները մասնակցեն գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին։
Աջակցության ձևի փոփոխությունը կատարվել է հրատարակչությունների միջև մրցակցային դաշտը բացառապես գրաշուկայի կանոններով առաջնորդելու նպատակով: Միաժամանակ նկատելի է հայ ժամանակակից գրողին և իր գրականությունը հանրահռչակելու որոշակի բացը: Դրա լրացումը կնպաստի ժամանակակից հայ գրականության հրատարակման նկատմամբ հետաքրքրության աճին:
2017 թվականին «Գրականության հրատարակում» (պետական պատվեր) ծրագրով կհրատարակվեն միայն հանրագիտարանային, Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող, ալբոմային, դասական և էլեկտրոնային գրականություն:
Պետական պատվերով հրատարակված գրքերն այլևս չեն վաճառվի՝ նպատակ ունենալով բացառել պետության որևէ տեսակ մրցակցություն մասնավոր հրատարակիչների հետ: «Գրականության հրատարակում» ծրագրով լույս տեսած սահմանափակ քանակությամբ գրքերը կտրվեն գրադարաններին, Հայաստանի և սփյուռքի կրթական և մշակութային հաստատություններին, կծառայեն մեր մշակույթի հանրայնացմանը:
Գրադարանների հավաքածուների համալրման նպատակով Ազգային գրադարանում կստեղծվի մասնագիտական խորհուրդ, որը, հետևելով գրական տպագիր և էլեկտրոնային մամուլին, կուսումնասիրի և կծանոթանա ժամանակակից գրական գործընթացներին և, համադրելով գրախանութներից պարբերաբար ստացվող նոր հրատարակությունների ցանկերի և մարզային գրադարանների առաջարկների հետ, Հայաստանի ազգային և մարզային գրադարանների համար կկազմի ձեռքբերման համար անհրաժեշտ գրականության ցանկը:
Կատարվելու է շուկայի ուսումնասիրություն՝ պարզելու համար ներքին, արտաքին, ինչպես նաև սփյուռքի պահանջները և պետական կարիքները։ Այդ ուսումնասիրությունը կծառայի ինչպես մշակույթի նախարարությանը, այնպես և մասնավոր հրատարակիչներին՝ առավել ճիշտ կողմնորոշվելու գրահրատարակչական շուկայում։
Նախարարությունը մտադիր է օտարերկրյա մասնագետների հետ գրքի ձևավորման վարպետության դասեր կազմակերպել։ Դրանց անհրաժեշտության հարցը շոշափվել է նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։
-Ժամանակակից հայ գրականությունն արդյո՞ք դուրս է մնալու պետական աջակցության ծրագրից: Եթե այո, խնդրում եմ նշել պատճառները:
-Ժամանակակից հայ գրականությունից պետական աջակցության ծրագրում նախկին ձևաչափով մնացել են միայն «Առաջին գիրք» և «Սփյուռքահայ գրականություն» ուղղությունները, գրականության մյուս ուղղությունների (արդի հայ արձակ և պոեզիա, մանկապատանեկան գրականություն, այլ լեզուներից հայերեն) համար նախատեսված են աջակցության այլ ձևեր, մասնավորապես հայերենից այլ լեզուների թարգմանությունների համար ստեղծված գրանտային ծրագրով, հայ գրականության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև ընթերցանության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով:
Մանկապատանեկան գրականությունը հրատարակչական շուկայում ամենապահանջվածներից և ամանավաճառվողներից է, հետևաբար հրատարակչությունների կողմից ներդրում անելն այս պարագայում պակաս ռիսկային է:
«Այլ լեզուներից հայերեն» թարգմանությունների դեպքում հարկ է նշել, որ թարգմանությունների աջակցության նպատակով երկրների զգալի մասն ունեն գրանտային ծրագրեր, որոնցից աջակցություն ստանալով՝ կարելի է հրատարակել նախատեսված գրականությունը:
-Պետական աջակցությամբ քանի՞ գիրք է հրատարակվել 2008-ից մինչ օրս (եթե հնարավոր է, խնդրում եմ ներկայացնել ցանկը՝ ըստ տարիների, հեղինակների, ստեղծագործությունների և յուրաքանչյուր գրքին հատկացված գումարի):
-2011-2016 թվականներին «Աջակցություն գրականության հրատարակմանը» (պետական աջակցություն) ծրագրով հրատարակված գրականության ցանկը կցվում է: Ցավոք, մինչև 2010 թվականը հրատարակված գրականության ցանկերն արխիվացված են, ուստի եթե դրանք կարևոր են վերլուծության նպատակով, ապա արխիվից վերհանումը կպահանջի հավելյալ ժամանակ:
-Ի՞նչ սկզբունքով են կազմակերպվում հանձնաժողովները, որոնք գրքերի հրատարակչության ընտրությունն են կատարում: Ինչու՞ չեն հրապարակվում հանձնաժողովի անդամների անունները, մրցույթին առաջադրված գրքերը:
-ՀՀ մշակույթի նախարարին կից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակվող գրականության ցանկերը ձևավորող մասնագիտական խորհրդի կազմում ընդգրկվում են անվանի գրողներ, գրականագետներ, պատմաբաններ, արվեստաբաններ, թարգմանիչներ և ոլորտի այլ մասնագետներ: Հանձնաժողովից բացի՝ հրատարակության համար առաջարկվող ստեղծագործությունների մասին, կախված դրանց բնույթից, կարծիք են հայտնում նաև անկախ փորձագետները: Հանձնաժողովի կազմը մինչև հրատարակվող գրականության ցանկերի վերջնական հաստատումը չի հրապարակվում վերջինի աշխատանքները հնարավորին անկախ իրականացնելու նկատառումով, իսկ ցանկերի հաստատումից հետո, ըստ անհրաժեշտության, կարող է հրապարակվել:
Մեկնաբանել