HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Վարչական հայց քաղաքապետարանի դեմ․ Սիսակյան 3-ի բնակիչը վիճարկում է իր հանդեպ խտրական վերաբերմունքի հարցը

Սիսակյան փողոցի 3-րդ շենքի բնակիչ Զվարդ Սարգսյանը այս տարվա սկզբին դիմել է վարչական դատարան՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել իր նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ և հատկացնել հասանելիք բնակարանը:

Երբ ս/թ հոկտեմբերի 7-ին քաղաքապետարանը մեկսենյականոց բնակարան հատկացրեց Սիսակյան 3-ի բնակիչ Ռոլանդ Գասպարյանի ընտանիքին (սա որակելով որպես քաղաքի օրվա կապակցությամբ շնորհվող նվիրատվություն), արձանագրեցինք, որ Սիսակյան 3-ի բոլոր բնակիչներն արդեն գոհ ու երջանիկ են: Նույնիսկ որոշեցինք անտեսել այն հանգամանքը, որ քաղաքապետարանը հարկ չհամարեց պատասխանել «Հետքի» հարցմանը, որտեղ պահանջ էր ներկայացվում հնարավորություն ընձեռել լրագրողին ուսումնասիրելու Սիսակյան 3-ի բնակարանների հատկացման հիմքերը: Բայց պարզվում է, որ Սիսակյան 3-ի բնակիչներից ոչ բոլորն են արժանացել քաղաքապետարանի բարեհաճ վերաբերմունքին, իսկ առնվազն մեկ բնակիչ քաղաքապետարանի դեմ վարչական հայց է ներկայացրել։ 

«Ես աղջկաս մոտ էի գնացել Ռուսաստան,- պատմում է Զվարդը,- թոռնիկս լավ չէր, հետո մահացավ, ու դրա համար ես երկար մնացի այնտեղ: Երբ հետ եկա, հարևաններս ասեցին, որ բնակարաններն արդեն ստանում են: Ես էլ դիմեցի քաղաքապետարան ու ասեցի, որ երկրում չեմ եղել ու նոր եմ վերադարձել, բայց ինձ մերժեցին, ասեցին՝ արդեն բաժանել ենք»։

Զվարդը ՌԴ էր մեկնել 2013թ., որոշ ժամանակ մնացել էր այնտեղ, և Հայաստան էր վերադարձել 2014թ.։  

Հայցադիմումը ներկայացրած փաստաբան Ալինա Ղազարյանը համոզված է, որ Զվարդի հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք։ Կնոջ՝ բնակարանների հատկացման գործընթացից դուրս մնալու պատճառը փաստաբանը համարում է նրա՝ երկրից տևական ժամանակ բացակայելը։

«Ես բավականին ուշ եմ ներգրավվել գործում,- ասում է Ղազարյանը,- երբ բնակարանների հատկացման գործընթացը համարյա ավարտված էր: Զվարդի ներկայացրած փաստաթղթերը պետք է բավարար հիմք լինեին կնոջ իրավունքը ճանաչելու համար։ Սակայն, դա տեղի չի ունեցել»:

Զվարդ Սարգսյանի փաստաբաններ Ալինա Ղազարյանն ու Քրիստինե Գալստյանը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հրաժարվեց թույլատրել լրագրողին դատարանում կատարել լուսանկարահանում․ դատավորը լրագրողին խնդրեց լուսանկարի մեջ չներառել կողմին։

61-ամյա Զվարդը հերթով սեղանին է դնում փաստաթղթերը՝ աշխատանքային գրքույկը, որը վկայում է նրա՝ «Մետաքս» գործարանի նախկին աշխատակից լինելը, բնակարանի օրդերի, թաղապետարանի որոշման բնօրինակները, հետո նաև՝ աղջկա և թոռան լուսանկարներն ու ասում. «Միգուցե հանցանք եմ գործել, որ դուրս եմ եկել ու գնացել, ու հիմա երեխեքիս զրկել եմ բնակարանից»։ 

Զվարդի աղջիկն ու 9 ամսական երկրորդ թոռնիկը․ «Եթե տուն ունենայինք, երեխաներս կվերադառնային Հայաստան»

«Ես ծեր կին եմ, ոտքերի մի քանի վիրահատություն եմ տարել, երկու ծնկներիս մեջ երկաթներ են հիմա դրված,-ասում է Զվարդը,- մի քանի տարի առաջ խոնավության պատճառով ստիպված երեխայիս վերցրեցի ու գնացինք վարձով: 2013թ. աղջկաս ամուսնացրեցի։ Արդեն 17 տարի է, ինչ արևածաղիկ վաճառելով եմ ապրում, այդպես երեխա եմ մեծացրել ու քանի տարի է՝ բնակարանի վարձ եմ տալիս. որքա՞ն արևածաղիկ պիտի վաճառեմ, որ տան վարձ տամ»։

Տիկին Զվարդը նեղսրտում է, որ իրեն քաղաքապետարանում չեն լսում, կոպտում են ու ճանապարհում. «Ինձ վիրավորում են, անպատվում, գնում եմ՝ ո՛չ ուզում են ինձ լսել, ո՛չ ուզում են հասկանալ։ Ասում են՝ գնացեք ու դատարան դիմեք, եթե դատարանը որոշեց, որ ձեզ բնակարան հասնում է, կտանք»։

Զվարդ Սարգսյանի 55 քմ տարածքով բնակարանը Սիսակյան 3-ի առաջին և նկուղային հարկերում տեղակայված նախկինում ոչ բնակելի համարվող 12 տարածքներից մեկն էր, որտեղ ապրող բնակիչները Աջափնյակ համայնքի թաղապետի 2003թ. հունվարի 24-ի որոշմամբ ճանաչվել էին վարձակալ և ստացել մշտական գրանցման իրավունք։ Նույն թվականի հուլիսի 18-ի ավագանու թիվ 145 որոշմամբ վերջիններս ընդգրկվել են բնակֆոնդում, բնակարաններին տրվել են փոստային հասցեներ և սեփականացման իրավունք։

Փաստաբանն ասում է, որ նախկինում ոչ բնակելի համարվող 12 բնակարաններից 11-ի բնակիչներն արդեն ստացել են բնակարաններ, և միայն Զվարդին են մերժել։ Նա նշում է, որ Զվարդ Սարգսյանի անունը կա նույնիսկ Երևանի քաղաքապետարանի կողմից 11․12․2015թ․ կազմված «Շինությունների հատակագիծ» փաստաթղթում, որտեղ շտրիխավորված կիսանկուղային տարածքի վրա գրված է «105» և «Սարգսյան Զվարդ»։  

Զվարդ Սարգսյանի բնակարանի հատակագիծը

«Սկզբնական շրջանում քաղաքապետրանի մերժման պատճառաբանությունն այն էր, որ առաջին փուլով Զվարդ Սարգսյանը և իրեն պատկանող տարածքը դուրս են մնացել բնակարանների հատկացման գործընթացից»,- ասում է Ղազարյանը և ավելացնում, որ Զվարդ Սարգսյանի կողմից քաղաքապետարանին ուղղված դիմումի՝ 25.01.2016թ. ստացված  պատասխանում արդեն նշված է՝ «…105 կիսանկուղ առկա չէ», և այն օրդերով, որ այս պահին տիրապետում է Զվարդը, տվյալ տարածքի դիմաց բնակարան են հատկացրել մեկ այլ անձի՝ Սիրանուշ Հակոբյանին:

Փաստաբանը նշում է, որ հատակագծից հստակ երևում է, որ Սիրանուշ Հակոբյանի բնակարանը Զվարդի բնակարանի կողքին է և նշագրված է՝ 1/5: Նա պարզել էր, որ սկզբում Սիրանուշ Հակոբյանին հատկացվել էր երկսենյականոց բնակարան: Փաստաբանի միջամտությունից հետո ճշտում էր կատարվել, Հակոբյանից վեցվել էր 62 քառ. տարածքով բնակարանը և դրա փոխարեն տրամադրվել մեկսենյականոց, բայց Զվարդի խնդրին այդպես էլ չեն անդրադարձել:

Քաղաքապետարանի դիրքորոշումն ու գործում ներգրավված երրորդ անձինք

Քանի որ քաղաքապետարանը Զվարդ Սարգսյանի դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, թե բնակարանն արդեն հատկացվել է 105-ի բնակչին, դատարանը  բավարարել է քաղաքապետարանի միջնորդությունը՝ լսելու Սիրանուշ Հակոբյանին։ Դատական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը նշել էր, որ 105 բնակարանի նկատմամբ հավակնություններ ունի ևս մեկ անձ՝ Հասմիկ Գևորգյանը, որին, սակայն, քաղաքապետարանը նույնպես հրաժարվում է բնակարան հատկացնել։ 

Սիրանուշ Հակոբյանը չներկայացավ նոյեմբերի 6-ի դատական նիստին

Սիրանուշ Հակոբյանը դատարանի առջև չէր ներկայացել վատառողջության պատճառով։ Դահլիճում քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը շարունակում էր պնդել, թե Սիրանուշ Հակոբյանի բնակարանը 1/5-ը չէ, այլ՝ 105-ը։ Նա նաև նշեց, որ նոր բնակարանը փոխվել է կնոջ խնդրանքի համաձայն. ըստ քաղաքապետարանի՝ Հակոբյանը պատճառաբանել է, որ հաշմանդամ երեխա ունի և բարձր հարկում չի կարող բնակվել, ուստի խնդրել է բնակարան հատկացնել առաջին հարկում: Նրա խնդրանքը բավարարվել է. կնոջ բնակարանը փոխարինվել է ցածր հարկում տեղակայված «համարժեք  բնակարանով», և բնակմակերեսը չի փոխվել։ Ալինա Ղազարյանն իր հերթին խոստացավ դատարանին ներկայացնել հակառակն ապացուցող փաստեր։

Չարաբաստիկ 105 թիվը երկու բնակիչների զրկում է բնակարան ստանալու իրավունքից

Նախորդ դատական նիստի ժամանակ քաղաքապետարանի միջնորդությամբ հրավիրված երրորդ անձ Հասմիկ Գևորգյանն իր շահերը պաշտպանող Թերեզա Ասատրյանի հետ դատարան ներկայացավ ուշացած, երբ նիստն արդեն ավարտված էր, իսկ դատավոր Կ. Զարիկյանը դահլիճից դուրս էր եկել: Սակայն, ի տարբերություն քաղաքապետարանի ներկայացուցչի, վերջինս ավելի բարյացակամ գտնվեց և չհրաժարվեց «Հետքին» ներկայացնել 105-րդ բնակարանի նկատմամբ իր հավակնության հիմնավորումները։ Հասմիկը հիմնականում լուռ էր։ Նրա փոխարեն իրավիճակը ներկայացնում էր ուղեկցորդուհին՝ Թերեզա Ասատրյանը, ով «Հետքին» ասաց, որ կինը գլխուղեղի ծանր վիրահատություն է տարել և չի կարող երկար խոսել ու խնդիրն ինքնուրույն ներկայացնել:

Հասմիկ Գևորգյանը Սիսակյան 3-ում է բնակվել մոր՝ Անահիտ Հովսեփյանի հետ, ով, ըստ Ասատրյանի, նույնպես «Մետաքս» գործարանի նախկին աշխատակից էր։ Ասատրյանը «Հետքին» ներկայացրեց փաստաթուղթ, որը հաստատում էր, որ Հասմիկի մայրը՝ Անահիտ Հովսեփյանը, 12 քառ. մետր տարածքով սենյակը ստացել է «Մետաքս» գործարանից 1996թ.:  

Ասատրյանի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ կողքի՝ 102-րդ բնակարանի հարևանուհին՝ Վերգինե Սարգսյանը, խաբեությամբ զավթել էր նրա՝ 105-րդ բնակարանը, Հասմիկը մոր հետ միասին ստիպված էր վարձակալությամբ բնակվել 67-րդ սենյակում։ 2013թ. Հասմիկը մեկնել էր ՌԴ, այն ժամանակ Վերգինեն խնդրել էր ժամանակավորապես զբաղեցնել սենյակը՝ մինչև Հասմիկի վերադառնալը: Վերջինս չի մերժել հարևանուհու խնդրանքը, բայց երբ կարճ ժամանակ անց վերադարձել էր, Վերգինեն  հրաժարվել էր 12 քառ. մ տարածքը վերադարձնել տիրոջը. նա արդեն միջնորմը քանդել էր և միացրել իր տարածքին։ Ըստ Ասատրյանի՝ Վերգինեն ու նրա տղան բռնությունների, ահաբեկումների միջոցով Հասմիկին հեռու են պահել 105-րդ սենյակից։ Թեև բռնության վերաբերյալ հաղորդումներ ներկայացվել են ոստիկանություն, բայց վերջինս գործին այդպես էլ պատշաճ ընթացք չի տվել, այլ հարևանների գործողությունները որակել է որպես քաղաքացիաիրավական ու բավարարվել բացատրական աշխատանքներով՝ Հասմիկին գրավոր տեղեկացնելով, որ հարևանները պարտավորվել են նրան այլևս չանհանգստացնել:

Ոստիկանության պատասխանը Հասմիկ Գևորգյանի՝ հարևանների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ բողոքին

Ասատրյանը պնդում է, որ հենց հարևանների կողմից հասցված հարվածների հետևանքով առաջացած խնդիրները վերացնելու նպատակով է կատարվել գլխուղեղի վիրահատական միջամտությունը։

 «Հասմիկ Գևորգյանը լուրջ առողջական խնդիրներ ունեցող դժբախտ մարդ է, ով մոր մահից հետո մնացել է միայնակ,- ասում է Ասատրանը,- նա հիմա գնալու տեղ չունի և բնակվում է իմ գրասենյակում. Քաղաքապետարանը նրան մերժում է հատկացնել հասանելիք բնակարանը»:

Ասատրյանը «Հետքին» ներկայացրեց նաև փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հասմիկը հանդիսանում է թիվ 105 բնակարանի իրական սեփականատերը: Սակայն ուշագրավ է այն, որ Հասմիկի ներկայացուցիչը պնդում է, որ բնակարանը գտնվել է ոչ թե կիսանկուղային հարկում, ինչպես ներկայացնում է Զվարդ Սարգսյանի պաշտպանը, այլ 2-րդ հարկում, և դրա մակերեսը ոչ թե 55 քառ. մետր է, այլ ընդամենը 12: 

Զվարդ Սարգսյանի 105-րդ բնակարանի հատակագիծը՝ վերեւում: Հասմիկ Գևորգյանի 105-րդ բնակարանը՝ ներքեւում։ 

Ներկայացված փաստաթղթերն, իհարկե, պիտի գնահատվեն դատարանի կողմից:

Ալինա Ղազարյանն իր հերթին ասում է, որ Հասմիկ Գևորգյանի պահանջը բացարձակապես կապ չունի Զվարդ Սարգսյանի հետ. այն ինքնուրույն պահանջ է, և նույնիսկ հատակագծի պարզ զննությունից երևում է, որ խոսքը երկու տարբեր տարածքների մասին է: Նա կարծում է, որ տարբեր հարկերում տեղակայված բնակարաններին միևնույն հասցեն ամրագրելը պարզապես սխալմունք է եղել: Ըստ Ղազարյանի՝ հենց այս  խառնաշփոթը շատ լավ գիտակցելով է, որ քաղաքապետարանը դատարանին միջնորդություն է ներկայացնել լսելու Հասմիկին՝ Զվարդի գործը խճճելու և երկու կանանց առանց բնակարան թողնելու հեռանկարով։  Քաղաքապետարանն այս միջնորդութունը ներկայացրել է այն բանից հետո, երբ դատական նիստերից մեկի ժամանակ դատավորը քաղաքապետարանից պահանջել է գրավոր ներկայացնել, թե արդյոք կա՞ ազատ բնակարան։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը սկզբում նշել է, թե ազատ բնակարաններ առկա չեն, բայց երբ Ղազարյանը հաջորդ նիստին բերել է հակառակն ապացուցող փաստեր,  քաղաքապետարանը ստիպված է եղել հաստատել փաստը։

Ասատրյանի պնդմամբ՝ Վերգինե Սարգսյանի ընտանիքի 7 անդամները 102 և 105 սենյակների դիմաց ստացել են մի քանի բնակարան: Ըստ Ասատրյանի՝ ընդհանրապես Սիսակյան 3-ի վերաբնակեցման ժամանակ բազմաթիվ խախտումներ են կատարվել, և ինքը մի շարք ապացույցներ ունի:  

Ալինա Ղազարյանը կարծում է, որ վերաբնակեցման ժամանակ խախտումներ իսկապես կարող էին տեղ գտնել. գործընթացը ոչ թափանցիկ էր և քողարկված, և բնակիչներից հաճախ կարող ես լսել կասկածների տեղիք տվող պնդումներ: Նա ասում է, որ Սիսակյան 3-ի և մյուս վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացը պետք է լինի Վերահսկիչ պալատի կամ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Զվարդ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter