
Ազգային ժողովն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը
Երկրորդ ընթերցմամբ՝ 100 կողմ, ոչ մի դեմ կամ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ միաձայն և ամբողջությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց ապօրինի հարտացումը քրեականացնող օրենսդրական փոփոխությունները։
Համաձայն «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, ապօրինի հարստանալու հանցակազմի գործողությունը տարածվում է գույքի ու եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն' հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար և նրա հետ փոխկապակցված անձինք, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյայի ամուսինը, համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:
Եվ եթե հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն (5 միլիոն և դրանից ավելի չափի դրամով) գերազանցում են նրա օրինական եկամուտները, որը ողջամտորեն չի հիմնավորվում, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան էր գումարվել։ Նիստի օրակարգում ընդգրկվել էին գրեթե երեք տասնյակ հարցեր, որոնցից մեկն այս օրենքի նախագիծն էր։
Մեկնաբանել