
Սահմանամերձ Թլիկում արդեն 23 տարի ապրում են առանց ջրի ու խանութի
Սառը քամին թափառում է սպիտակ բաց տարածություններում, երբ դիպչում է ձյանը, այն մոխրի պես ցաքուցրիվ է լինում: Քարե միհարկանի տները ցուրտ եղանակին ավելի տաք են թվում: Հատուկենտ տներից ծուխ է բարձրանում: Տներն ավելի շատ են, քան բակիչները: Արագածոտնի մարզի՝ հայ-թուրքական սահմանին հարող Թլիկ գյուղն է, որտեղ բնակեցված 18 տուն կա: Գյուղն ամբողջապես եզդիաբնակ է: 23 տարի գյուղում ջուր չկա, խանութ չկա, ջուրը գնում են, հաց առնելու համար էլ մի քանի կմ են անցնում՝ հասնելով Արագածավան գյուղ:
Խոպան գնացողը հետ չի գալիս
Փաշիկը ճանապարհի մեջտեղով քարշ է տալիս ջրով լի սայլակը՝ «կաչկան»: Դեմքը ցրտից կարմրել է: Համագյուղացի Ալիկն ասում է, թե այ տղա, քեզ պե՞տք էր Սիբիրից վեր կացար եկար էստեղ, բայց Փաշիկը չի լսում սա: Ալիկը շարունակում է, թե երկու ամիս է Սիբիրից եկել, բայց ոչ իր կամքով: Ալիկի խոսքերում և դառնություն կա, և հոգատարություն, և զարմանք: Ասում է՝ գյուղից խոպան գնացողները էլ հետ չեն գալիս, և այստեղ մնացել են արտագաղթելու հնարավորություն չունեցողները:
Թալլիք, Թելիք, Թըլըկ, Թիլանք, Թիլլիկ, Թլիկ
Ալիկ Մստոյանը Թլիկի հիմնական դպրոցի եզդիերեն լեզվի ու գրականության ուսուցիչն է: Ուղղում է մեզ, ասում է՝ եզդիերեն Թըլլըք է, ոչ թե Թլիկ: Նրա փոխանցամբ՝ գյուղը 300 տարվա պատմություն ունի, ուղղակի բնակավայրի մի մասը մնացել է Ախուրյան գետի այն կողմում: Մեկ այլ պատմություն էլ կա, որ երկու եղբայր՝ Սըլիկ ու Թլիկ անուններով, երկու ափերին գյուղեր են հիմնել:
Բնակիչներն ասում են՝ գյուղն ուշադրությունից դուրս է այսօր: Համեմատության համար ասում են՝ այնքան փոքր է, որ նույնիսկ ընտրություններին չեն հիշում. դե հո մի 20 ընտրողի համար չե՞ն հասնելու գյուղ:
Վերջին տարիներին Արմավիրի մարզի Արաքս գյուղից 9 եզդի ընտանիք է փոխադրվել Թլիկ, և տների թիվը դարձել է 18: Բնակչության թիվը, ըստ գյուղապետի, այժմ 94 է, թեև այն անընդհատ փոփոխվում է: 1837-ին Թլիկն ուներ 137 բնակիչ, մեկ դար անց՝ 1979-ին՝ 507, իսկ 2011-ին կայացած ՀՀ վերջին մարդահամարի տվյալներով՝ 123: Գյուղից գնալու միակ պատճառը, Ալիկի խոսքով, ջուրն է:
Գյուղ՝ առանց ջրի
Ալիկն ասում է՝ Թլիկը մարզում միակ գյուղն է, որ ջուր չունի: 1993-ից այս կողմ գյուղում խմելու ու ոռոգման ջրի ցանց չի գործում: Շաբաթական մեկ անգամ Թալինից ջրատար մեքենա է գալիս այստեղ. 40 լիտր ջուրը 350 դրամ է: Ալիկի ընտանիքը 7 հոգուց է կազմված՝ 4 անչափահաս երեխաները, ինքը, կինն ու մայրը: Շաբաթվա համար գնում են 250 լիտր ջուր, այսինքն՝ ամսական խմելու ջրի համար վճարում են շուրջ 8000 դրամ:
Այս ջուրն օգտագործում են միայն խմելու և ճաշի համար, իսկ կենցաղային օգտագործման ջուրը բերում են գյուղապետարանի հարևանությամբ տեղադրված ցիստեռնից, որտեղ ջուրը հավաքվում է Ախուրյանից՝ պոմպի միջոցով: Ամռանը ջրի մեջ հաճախ որդեր են լինում, բայց գյուղացին, ըստ Ալիկի, օլիգարխ պիտի լինի, որ լվացքի ու լողանալու ջուրն էլ գնի: Ձմռանը պարբերաբար ջուրը սառչում է, օրեր են լինում, երբ պոմպը չի աշխատում: Նախանցյալ ձմռանը պոմպը փչացել էր, մեկ ամսից ավելի ջուր չեն ունեցել: Ալիկը հաշվարկել է այդ ծախսը, ասում է՝ մեկ կովի ու հորթի համար 45.000 դրամի ջուր է գնել: «Բա անասուն է, ինքն էլ ջրի կարիք ունի»,- ավելացնում է:
Ցիստեռնից վերցրած ջրի համար ամսական վճարում է 2000 դրամ: Գինը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով և անասնունների գլխաքանակով: Ջրի խնդրի մասին տեղյակ են պահել անգամ Սերժ Սարգսյանին: 2013-ին նախագահական ընտրություններից առաջ Սարգսյանը հանդիպել էր եզդիական համայնքի հետ, և համագյուղացիներից մեկը անձամբ նամակ էր փոխանցել նրան խնդրի մասին: Մինչ օրս, սակայն, պատասխան չեն ստացել:
«Խոտը շակալադ ա դառել»
Խորհրրդային տարիներին գյուղում ջուր կար, խողովակաշարը հարևան համայնքներից էր գալիս, դրա շնորհիվ մեծ ծավալներով հացատիկ էին արտադրում: Բայց 90-ականներից ջուրը սկսեց կամաց-կամաց պակասել, 93-ին էլ իսպառ կտրվեց: Ջրի խողովակների մի մասը հանել-տարել են:
Խոտհարքեր, արոտավայրեր ունեն, չեն դժգոհում: Բայց ասում են, որ վերջին երեք տարիներին երաշտ էր, խոտը չեն քաղել: Փոխարենը խոտի տուկը նախորդ տարիների համեմատ թանկացել է՝ 700-1500 դրամ է դարձել: «Խոտը շակալադ ա դառել»,- զրույցին միջամտում է Ալիկի կինը՝ երեխան գրկին: Ալիկն ասում է՝ իսկապես որ: Մեկ անասունի համար 100 տուկ է գնում, մեզ խնդրում է՝ ինքներս հաշվել գումարը:
Ակումբը բացվում է ընտրությունից ընտրություն
Գյուղի ակումբի միակ աշխատակիցը Անահիտ Մստոյանն է՝ Ալիկի մայրը: 23 տարի աշխատում է ակումբում: Մշակութային կյանքը սառել է գյուղում, ինչպես համայնքի խորդուբորդ, ձնառատ ճանապարհները: Ակումբում տեղի ունեցող միջոցառումները ավագանու նիստերն են և ընտրությունների օրը քվեարկության կազմակերպումը:
12 կմ՝ խանութ հասնելու համար
Տիկին Անահիտն ասում է՝ արդեն չեն հիշում, թե գյուղում երբ է խանութ եղել, երևի 93-ից, ավելացնում է: «93-ից մինչև հիմա ոչ ջուր ունենք, ոչ խանութ»,- շարունակում է: Նույնիսկ մի հաց առնելու համար 12 կմ պիտի գնան՝ Արագածավանից առևտուր անելու համար: Արագածավանի ու Թլիկի միջև գտնվող Գետափում էլ խանութ չկա: Մեքենա չունեցող բնակիչներն ստիպված 2000 դրամ տաքսուն պիտի տան, որ հասնեն խանութ: Գյուղացիների ասելով՝ խանութ բացելը ձեռնտու չէ. բնակիչները քիչ են, առևտուրն էլ «նիսյա» պիտի լինի: Չնայած, ըստ տիկին Անահիտի, այնպես չէ, որ Արագածավանից պարտքով չեն առևտուր անում:
2000-ականներին գյուղում դեռ պահպանվում էր խանութի շենքը, հետո այն դարձրեցին հանդիսությունների սրահ: Մի քանի տարի անց էլ քանդեցին, քարերի մի մասն ու «պանելները» տարան (ասում են, որ տանողներն իրենց գյուղից չեն եղել):
Խորհրդային տարիներին մանկապարտեզի շենք էին սկսել կառուցել, բայց հետո կիսատ մնաց:
Տիկին Անահիտի գրկում 10 ամսական Ալենն է՝ Ալիկի փոքր որդին: Մի քանի օր առաջ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բուժքրոջը չեն կարողացել կանչել: Վերջինս Արագածավանում է «նստում», բայց ամիսը մեկ անգամ էլ չեն տեսնում, ինչպես տիկին Անահիտն է պատմում: «Հասկացանք, որ կտրված ենք, բայց էրեխեք են, հիվանդանում են, ամիսը գոնե 1-2 անգամ գա, ի՞նչ կէղնի»,- նշում է նա:
Մեկ ամսով գյուղում ապրելու հրավեր պաշտոնյաներին
Գյուղ գնացած վերջին պաշտոնյան Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է եղել: Անահիտ Մստոյանն ասում է, որ դա 2014-ին էր, մարզպետի պարտադիր այցերից էր, հակառակ դեպքում չէր էլ այցելի:
Ալիկը լռում է, հետո թե՝ «պաշտոնյաներին հրավիրում եմ գյուղ՝ մեկ ամիս ապրելու, էստեղ էնքան ազատ տուն կա, եթե դիմացան, մենք չենք բողոքի էլ»: Ծիծաղում ենք, ինքը շարունակում է միտքը, թե լուրջ է ասում, առանց կատակի, հրավերն ուղղում է նախարարներին ու մարզպետին:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել