HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռլինում հարձակման զոհ է դարձել առնվազն 12 մարդ

Առնվազն 12 մարդ է սպանվել, ևս 48-ը վիրավորվել են, երբ երկուշաբթի երեկոյան մի բեռնատար մեքենա սլացել է Արևմտյան Բեռլինի ամանորյա տոնավաճառներից մեկում հավաքված մարդկանց ուղղությամբ:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:00-ից (Երևանի ժամանակով` 23:00) հետո: Ամանորյա տոնավաճառը տեղակայված է Վիլհելմ Կայսեր եկեղեցու մոտ, որն ավիրվել է Երկրորդ աշխարհամարտի ռմբակոծություններից: Դեպքի վայրը մոտ է նաև Բեռլինի կենդանաբանական այգուն և համարվում է քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերից մեկը:

Բեռնատարը, ականատեսների վկայությամբ, շարժվելիս է եղել 40 կմ/ժ արագությամբ: Դեպքը նման չէ եղել պատահական վթարի, թեև երկրի իշխանությունը դեռևս չի որակում այն որպես ահաբեկչություն: «Չեմ ուզում գործածել «հարձակում» բառը այս պահին, թեև շատ բաներ են վկայում այդ մասին:- Deutsche Welle-ի փոխանցմամբ` ասել է ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզերեն, - Բառերի ընտրությունը հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ երկրում, և մենք ցանկանում ենք լինել շատ, շատ զգույշ և գործել ըստ հետաքննության իրական արդյունքների, ոչ թե ենթադրություններով»:

Երկու ուղևորներից մեկը սպանվել է տեղում` վթարի հետևանքով, մյուսը փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից դեպքի վայրից մոտ 2 կմ հեռու: Ոստիկանությունը հաստատել է, որ մահացած ուղևորը եղել է Լեհաստանի քաղաքացի: Բեռնատարը պատկանել է լեհական մի ընկերության, որի սեփականատեր Արիել Զուրավսկին տեղական TVN 24 հեռուստաընկերության հետ զրույցում հաղորդել է, որ մեքենան վարել է իր զարմիկը, սակայն հավատում է, որ նա չէ ահաբեկչության հեղինակը և հնարավոր է` մեքենան առևանգել են: Զուրավսկու խոսքով` վարորդի հետ կապը կորցրել են 16:00-ի սահմաններում` այն բանից հետո, երբ նա Լեհաստանից շարժվել է դեպի Գերմանիա:

Ձերբակալված ուղևորի մասին պաշտոնական մանրամասներ չկան, թեև տեղական մի քանի տեղեկատվամիջոցներ, անվտանգության ուժերի իրենց աղբյուրներին հղում անելով, գրել են, որ նա ներգաղթյալ է Պակիստանից կամ Աֆղանստանից և Գերմանիա է ժամանել փետրվարին:

Telegraph-ը հաղորդում է, որ Գերմանիայում առկա է եղել մտահոգությունը, որ երկրի ավանդական ամանորյա տոնավաճառները կարող են թիրախ դառնալ ահաբեկիչների համար: Հղում անելով տեղական Die Welt թերթին` լրատվամիջոցը գրում է, որ գերմանական հատուկ ծառայությունները որոշ տեղեկություններ են ունեցել վերահաս ահաբեկչության մասին:

Դեպքը ամենամեծն է Գերմանիայում վերջին մեկ տասնամյակի ընթացքում: Այն հիշեցնում է հուլիսին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որին զոհ գնացին 84 մարդիկ: Հիշեցնենք, որ Թունիսում ծնված մի մարդ վարել էր 19 տոննա քաշ ունեցող բեռնատարը ծովափին հավաքված և Բաստիլի օրվա հրավառությունը դիտող մարդկանց ուղղությամբ:

Թեև որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել բեռլինյան իրադարձության պատասխանատվությունը, լրատվամիջոցները մեջբերում են եվրոպական երկրներում ահաբեկչություններ անելու «Իսլամական պետություն» խմբավորման կոչը իր հետևորդներին: Հիշատակվում է նաև Գերմանիայի իշխանությունների միգրացիոն քաղաքականության քննադատությունը, ըստ որի` վերջին երկու տարում Գերմանիայի կողմից ավելի քան 1 մլն փախստականների ընդունումը կարող է նաև անվտանգության համար ռիսկեր ներկայացնել: Նախատեսվում է, որ կանցլեր Անգելա Մերկելի այս քաղաքականությունը կենտրոնական թեմա կլինի 2017թ-ի դաշնային ընտրությունների ժամանակ: Մինչ այդ, ենթադրվում է, որ կվերանայվեն անվտանգության միջոցառումները Գերմանիայի ամանորյա տոնավաճառներում, ինչպես նաև հարցը, թե արդյոք դրանք կշարունակեն գործել ընդհանրապես:

Հրանտ Գալստյան

լուսանկարը` Spiegel Online/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter