HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի լրագրողն արժանացել է «Ճամպրուկ 2016»-ի մրցանակին

«Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի «տպագիր մամուլ» անվանակարգի առաջին մրցանակին արժանացել է «Հետք» թերթի լրագրող Երանուհի Սողոյանը` «Գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյան. «Եթե դիպվածն ինձ չգամեր հաշմանդամի սայլակին, ես երբեք չէի տեղափոխվի Բեռլին»» հրապարակման համար:

Մրցույթին ներկայացվել են Հայաստանում գործող տեղեկատվամիջոցների ներկայացուցիչների և անկախ լրագրողների հրապարակումները միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ` հրապարակված 2016թ-ի ընթացքում: Մրցույթը հայտարարվել է երեք անվանակարգերում՝ տպագիր լրագրություն, հեռուստալրագրություն և ռադիոլրագրություն: Ժյուրին կազմված է եղել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, Միգրացիոն պետական ծառայության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից և 2 անկախ փորձագետներից:

Տպագիր մամուլի մյուս մրցանակներին արժանացել են «Նյումագ» ամսագրի լրագրող Նազելի Գրիգորյանը` «Սեզոնային երջանկություն» և «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բադալյանը` «Վերադարձած միգրանտներին բիզնեսի տեր են դարձնում, հմտություններ սովորեցնում, որ հայրենի հողում մնան» հրապարակումների համար:

Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 95 նյութ, որից 54-ը՝ տպագիր, 19-ը՝ հեռուստատեսային և 22-ը՝ ռադիո:

«Հեռուստալրագրություն» և «ռադիոլրագրություն» անվանակագերում մրցանակների են արժանացել «ԱՐ» (Քրիստինե Ոսկանյան, «Հայրենադարձություն»), «Հանրային» (Սուսան Բադալյան, «Պատերազմի դեմքը») և «Քյավառ» (Տիգրան Հովակիմյան, «Խոպանը՝ կենսակերպ») հեռուստաընկերությունների, «Հանրային» (Արմինե Գևորգյան, «Մեկ խնդիր՝ տարբեր ճակատագրեր», Ալիսա Գևորգյան, «Գերմանիայի փոխարեն ընտրեց Գեղամա լեռները») և «Ազատություն» (Ռուզան Գիշյան, «Սիրիահայ. «Հա՛մ ուզում եմ մնամ, հա՛մ չմնամ»») ռադիոընկերությունների լրագրողները:

7-րդ «Ճամպրուկ» լրագրողական մրցույթը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից: ««Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը»,- գրված է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

«Միգրացիայի ազդեցությունը ընտանիքների և երեխաների վրա», «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ», «Ներգաղթած սիրիահայերի ինտեգրում. հայաստանյան իրականություն», «Դժվարություններ հաղթահարած վերադարձողի ինտեգրման հաջողված պատմություն» և «Տեղահանված երեխաների խնդիրների շուրջ լավագույն նյութ» անվանակարգերում մրցանակներ են շնորհել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն, «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը և «Save the Children International» հայաստանյան ներկայացուցչությունը: Հատուկ մրցանակներ են ստացել Գայանե Միրզոյանը (chai-khana.org), Լիլիան Գալստյանը (www.panorama.org), Քրիստինե Ոսկանյանը (ԱՐ հեռուստաընկերություն), Հասմիկ Դիլանյանը (Հանրային ռադիո), Արմինե Ավետիսյանը (1in.am), Հասմիկ Հարությունյանը (Արմենպրես), Անուշ Խաչատրյանը (Հանրային հեռուստաընկերություն), Հրայր Թամրազյանը (Ազատություն ռադիոկայան):

Մրցույթը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter