
Որոշ զբոսաշրջային օպերատորներ կնքել են «հավատ չներշնչող» պայմանագրեր ու սոցփաթեթի շահառուների փոխարեն հանգստի ուղարկել այլ անձանց
Գայանե Սարգսյան
Հայաստանի վերահսկիչ պալատն այս տարվա ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողություն է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության և արդյունավետության գործընթացի նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվել է 2012 թ.-ի հունվարի 1-ից 2016թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության նկատմամբ:
Վերահսկիչ պալատը ռիսկային է համարել առողջապահական փաթեթի և հանգստի ապահովման ծառայության բաղադրիչները: Ավելի վաղ անդրադարձել էինք առողջապահական բաղադրիչին: Հերթը հանգստի բաղադրիչինն է, որի հետ կապված ևս Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ է արձանագրել:
Հանգստի բաղադրիչի մասով ընտրանքային կարգով վերահսկողության են ենթարկվել էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված թվով 69 զբոսաշրջային օպերատորներից 17-ը: Դրանց մեծ մասում արձանագրվել են տարատեսակ խախտումներ ու բացթողումներ:
«Բանգի» ՍՊԸ-ի փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը կնքվել են ոչ լիարժեք, թերի, որոշ պայմանագրերում բացակայում են սոցիալական փաթեթի շահառուների կոնտակտային տվյալների, աշխատանքի վայրի վերաբերյալ տեղեկությունները:
Վերահսկիչ պալատը «հավատ չներշնչող» է որակել «Բանգի», «Մալետա» և «Լեյա» ՍՊԸ-ների համագործակցության արդյունքում կնքված գործարքը` տեսակետ հայտնելով, որ «այն այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու նպատակ է ունեցել»:
Հավատ չի ներշնչել մասնավորապես 2014թ.-ի հուլիս-օգոստոսին կնքված պայմանագիրը, ըստ որի` ՍՊԸ-ն 146 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր` «Լեյա» հյուրանոցում հանգստանալու համար: «Լեյա» հյուրանոցի ննջարանային մասնաշենքը, համաձայն վարձակալության պայմանագրի վարձակալել է «Մալետա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկը «Բանգի» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է: Ընկերությունը պայմանագիր է կնքել «Մալետա» ՍՊԸ-ի հետ` վերջինիս միջոցով «Լեյա» հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների` պարզվել է, որ թվով 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների և ընդհանուր 56 մահճակալների թիվը:
«Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ում ևս սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը եղել են ոչ լիարժեք, թերի:
Ընկերությունը 2014թ.-ի հուլիս և օգոստոս ամիսներին շուրջ 98 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր «Լեյա» հյուրանոցում հանգստանալու նպատակով: Ինչպես «Բանգի» ՍՊԸ-ի դեպքում, այս անգամ ևս հյուրանոցի ու զբոսաշրջային օպերատորի միջև կապը եղել է միջնորդավորված:
«Լեյա» հյուրանոցի ննջարանային մասնաշենքը, համաձայն վարձակալության պայմանագրի, վարձակալել է վերը հիշատակված «Մալետա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկը միաժամանակ նաև «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է: Ընկերությունը պայմանագիր է կնքել «Մալետա» ՍՊ ընկերության հետ վերջինիս միջոցով «Լեյա» հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների` պարզվել է, որ թվով 5 տարբեր օրերում ընդհանուր 209 սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների թիվը:
«Նշվածից ենթադրվում է, որ «Ռուբենյանց տուն», «Մալետա» և «Լեյա» ՍՊԸ-ների համագործակցությունը իր մեջ ներառում է հավատ չներշնչող գործարք, որը նպատակ է ունեցել այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու»,- նշված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:
«ԳՈՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում վերահսկողության ընթացքում Վերահսկիչ հանձնաժողովն արձանագրել է. ««LIST.AM» կայքէջում որպես ընկերության գործակալ ներկայացած Ռուբեն Ամատունու կողմից տեղադրված հայտարարությունից պարզվեց, որ ընկերությունը գնում է սոցիալական փաթեթներ, ինչն արգելված է ոլորտը կարգավորող իրավական ակտերով»:
Ընկերությունը հերքել է նշված անձի հետ կապը, սակայն այդ հանգամանքը փաստացի չի հիմնավորել:
Ի դեպ, նույն կայքում Ռուբեն Ամատունին ներկայացել է նաև որպես որպես «ԷԴՆԱ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի գործակալ: Ինչպես և ակնկալվում էր, այս դեպքում ևս ընկերությունը հերքել է տվյալ անձի հետ կապը:
«Անիկ Թադևոսյան» ԱՁ-ն սոցիալական փաթեթի շրջանակներում պայմանագրային գործունեություն է ծավալում «Ջերմուկի Աշխարհ» ՍՊԸ-ի հետ:
Ստուգման ընթացքում ՍՊԸ-ի և ԱՁ կողմից տրամադրված հաշվետվությունների համադրության արդյունքում փաստացի արձանագրվել է թվով 2 անհամապատասխանություն: Պարզվել է, որ ՀՀ կառավարության 1691-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ շահառուի փոխարեն սոցիալական փաթեթից օգտվել են այլ անձիք:
ԱՁ-ն սոցիալական փաթեթի շրջանակներում պայմանագրային գործունեություն է ծավալում նաև ԵՊՀ հանգստյան տան հետ: Տրամադրված հաշվետվությունների համադրության արդյունքում փաստացի արձանագրվել է թվով 16 անհամապատասխանություն:
Ստուգող հանձնաժողովի աշխատակիցները որոշում են կայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել քննարկել «Անիկ Թադևոսյան» ԱՁ-ին Էկոնոմիկայի նախարարությունում գրանցված հանգստի ապահովման ծառայություն իրականացնող ընկերությունների ցանկից հանելու հարցը` խուսափելու համար հետագայում բյուջեի դրամական միջոցների ոչ նպատակային ծախսից և խախտումներից:
«Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվել և գործունեություն է ծավալել 2013 թվականին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. մարտի 19-ի 170 Ն հրամանի 3-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ կարող են մատուցել այն ընկերությունները, որոնք նշված հրամանի 12-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի: Նշված պահանջը ապահովելու նպատակով ընկերությունը ներկայացրել է փաստաթուղթ, առ այն, որ ընկերությունը 2011թ. նոյեմբերի 3-5-ը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի: Սա այն դեպքում, երբ «Ֆան Թրեվլը» իրավաբանական անձի պետական գրանցում ստացել է 2012 թվականի օգոստոսի 29-ին, այսինքն 2011 թվականին «Ֆան Թրեվլ» անունով ընկերություն գոյություն չի ունեցել:
Արդյունքում, Վերահսկիչ պալատը արձանագրել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի 170-Ն հրամանի պահանջը բավարարված չէ և ընկերությունը չէր կարող հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել»:
Ստուգող հանձնաժողովի աշխատակիցները ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդին առաջարկել են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, հետագայում բյուջեի դրամական միջոցների ոչ նպատակային ծախսից և խախտումներից խուսափելու համար քննարկել «Ֆան Թրեվլ» ՍՊԸ-ին Էկոնոմիկայի նախարարությունում գրանցված հանգստի ապահովման ծառայություն իրականացնող ընկերությունների ցանկից հանելու հարցը:
Ընկերությունը ներկայացրել է առարկություն այն մասին, որ ցուցահանդեսին մասնակցել է ոչ թե ֆիրմային անվամբ, այլ՝ ապրանքային նշանով, որին պատշաճ ուշադրություն չի դարձրել հաշվառում իրականացնող մարմինը: Ստուգող հանձնաժողովն առարկությունը ընդունել է մասամբ:
«Ռիմ ընդ Ար» ՍՊԸ-ում արձանագրվել են խոշոր չափերի հասնող պարտքեր: Ընկերությունը, խախտելով հյուրանոցների հետ կնքած պայմանագրերում վճարումներ կատարելու ժամկետները, կուտակել է պարտքեր: 2016թ.-ի մայիսի 19-ի դրությամբ թվով 48 հյուրանոցներին կուտակված պարտքի չափը կազմել է 2 մլն 959 հազար դրամ:
«Ինվիկտուս Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտքը 2016թ.-ի մայիսի 13-ի դրությամբ կազմել է 20 մլն 722 հազար դրամ, ընկերության հանդեպ բանկերի ունեցած պարտավորությունները եղել են շուրջ 6 մլն դրամի: Վերահսկիչ պալատն արձանագրել է. «Սոցիալական փաթեթի շահառուներին հանգիստն ապահովելու համար պետական բյուջեից հատկացված 20 մլն 722 հազար դրամը ընկերությունը ծախսել է այլ նպատակների համար` խախտելով ՀՀ կառավարության սոցիալական փաթեթի շահառուների ոլորտը կարգավորող համապատասխան որոշումները: Այս դեպքում ևս որոշվել է առաջարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել ընկերությանը հանգստի ապահովման ծառայություն իրականացնողների ցանկից հանելու հարցը:
«Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում ստուգող հանձնաժողովին տեղեկացվել է, որ 2015թ.-ի օգոսոտոսին ընկերությունում բաժնետիրոջ փոփոխությունից հետո պարզվել է՝ ընկերությունն ունի ֆինանսական պարտավորություններ ՀՀ հյուրանոցային տնտեսությունների, ինչպես նաև սոցիալական փաթեթի շրջանակում հյուրանոցային ծառայություների մատուցման պարտավորություն մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Ընկերությունը մարել է մի շարք հյուրանոցային տնտեսությունների պարտքեր, սակայն բավարար միջոցներ չի ունեցել մարելու ընկերության ողջ պարտքը` ՀՀ հյուրանոցային տնտեսություններին իրենց կողմից մատուցած ծառայությունների դիմաց: Վերջիններիս հայցի բավարարման նպատակով ընկերության պատկանող գույքի և դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել:
«Էլիտար» ՍՊԸ-ում կատարված ստուգման ընթացքում սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերում հյուրանոցային օբյեկտների գիշերակացի գնի և նույն հյուրանոցներից ստացված հաշիվ ապրանքագրերի միջև նշված գիշերակացի գնի մեջ շեղումներ ու անհանմապատասխանության դեպքեր են արձանագրվել: Հանձնաժողովն առաջարկել է վերահսկիչ պալատի խորհրդին դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին՝ վերը նշված խնդրի իրավաչափությունը ստուգելու և որպես պետական լիազոր մարմին պարզաբանելու խնդրանքով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել