HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

33-ամյա Ներսես Գալստյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման

33-ամյա Ներսես Գալստյանին Լոս Անջելեսի Գերագույն դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը: Գալստյանի գործը դատարանում քննվում էր արդեն յոթերորդ տարին:

Ներսես Գալստյանը հայտնի է` որպես Լոս Անջելեսի Riverside Drive փողոցի աղմկահարույց սպանության գլխավոր հերոս: Նա մեղադրվում էր 2010թ. ապրիլի 3-ին Հյուսիսային Հոլիվուդում` Hot Spot ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ 25-ամյա Հայկ Եգնանյանի (Hayk Yegnanyan), 31-ամյա Վարդան Թոֆալյանի (Vardan Tofalyan), 26-ամյա Սարգիս Քարաջյանի (Sarkis Karadjian) և 28-ամյա Հարութ Բաբուրյանի (Harut Baburyan) սպանության մեջ: Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայկ Եգնանյան, Սարգիս Քարաջյան, Հարութ Բաբուրյան, Վարդան Թոֆալյան(ձախից)

Լոս Անջելեսի դատախազության հաղորդագրության համաձայն` Գալստյանն այդ օրը այցելել էր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով մահացած ընկերոջ հիշատակի արարողությանը, որտեղ էլ վեճի էր բռնվել ռեստորանի ներսում գտնվող իր մի քանի ծանոթների հետ, այնուհետև դուրս էր եկել ռեստորանից, մեքենայի միջից վերցրել ատրճանակը և կրակ բացել:

Դեպքից հետո և լրատվամիջոցներում, և Լոս Անջելեսի հայ համայնքում խոսակցություններ էին պտտվում, որ Ն. Գալստյանը մաֆիայի անդամ է և որ կապ ունի զենքի ապօրինի առևտրի հետ, միայն թե հստակ հղումներ չկային, թե Լոս Անջելեսում պաշտոնապես ճանաչված որ խմբավորմանն էր նա հարում:

Հիշեցնենք, որ դատարանում նախկինում քննվում էր նաև Ներսես Գալստյանին մահապատժի դատապարտելու հարցը, սակայն դատավորն ընտրել է ցմահ ազատազրկումը` առանց վաղաժամկետ ազատման հնարավորության:

Առաջին լուսանկարում` Ներսես Գալստյանը, աղբյուրը` www.lapdonline.org 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter