
Պատգամավորը վաճառում է ունեցվածքը
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը վաճառում է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող իր ունեցվածքը: Արդեն տեւական ժամանակ է՝ չի գործում Նալբանդյան գյուղի հարակից տարածքում գտնվող գազալցակայանը: Ըստ լուրերի` վաճառքի են հանվել նաեւ պատգամավորի թանկարժեք ավտոմեքենաները:
Ռուստամ Գասպարյանը դժվար իրադրության մեջ հայտնվեց այս տարվա ապրիլից, երբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորորդիները` Կամո եւ Գոռ Խլղաթյանները, ծեծեցին երկու երիտասարդների, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորորդին էր` Արա Գասպարյանը:
Այդ միջադեպից հետո Ջանֆիդայի երիտասարդները փախչում էին գյուղից: Նրանք հայտնվել էին երկու քարի արանքում. մի կողմից չէին կարող պատգամավորի եղբոր որդու թիկունքին չկանգնել, մյուս կողմից էլ քաղաքապետի մարդկանց հետ չէին ցանկանում գործ ունենալ: Ընդամենը 1-2 ամիս է, ինչ գյուղում հարաբերական անդորր է, սակայն չի բացառվում, որ առաջիկայում գարնան կռիվը թարմանա:
Խոսակցություններ կան, որ պատգամավորը եղբորորդու պատճառով առաջիկայում կվաճառի նաեւ Ջանֆիդա գյուղի առանձնատունը: Այն կառուցել է պատգամավոր ընտրվելուց հետո (ընտրվել է 2007 թ.): Արտաքին շքեղությամբ Ռուստամ Գասպարյանի առանձնատունը միակն է Ջանֆիդայում: Գյուղացիներն այն կոչում են «սպիտակ տուն»:
Պատգամավորի «սպիտակ տունը» հսկվում է անվտանգության տեսախցիկներով: Ըստ լուրերի` Ռուստամ Գասպարյանը թուլություն ունի սեւ հովազների նկատմամբ: Պատգամավորի մոխրամանը, բազմոցը սեւ հովազի պատկերով են: Այս տունը պատգամավորի միակ բնակելի տարածքը չէ: Նա բնակարան ունի նաեւ Երեւանում:
Ռուստամ Գասպարյանին է պատկանում նաեւ Արմավիր քաղաքում գտնվող «Արմավիրի Սիթի» սուպերմարկետը: Այդ շենքը սկզբում եղել է Արմավիրի կինոյի տունը, հետո Ռ. Գասպարյանն այն դարձրել է հացի փուռ: Պատգամավոր ընտրվելուց հետո շենքը դարձել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
Թեեւ բոլորը գիտեն Ռուստամ Գասպարյանի ունեցվածքի մասին, սակայն պատգամավորն իր հայտարարագրում այդ մասին չի նշում: Օրինակ՝ 2010 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում պատգամավորը հայտարարագրել է իր աշխատավարձից մի փոքր ավել գումար` 4 մլն 108 հազ. 580 դրամ:
Ռուստամ Գասպարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա Ազգային ժողովի վերջին նիստերին չի մասնակցել, իսկ նրա օգնականն ասաց, որ Ռ. Գասպարյանը Հայաստանում չէ եւ չգիտի, թե երբ կվերադառնա:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել