HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Էլեոնորա Մանանդյան. «Եթե բունտ չկա, շատ տխուր է»

Նա, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտինը: Այսպես է կարծում ֆրանսիացի հայտնի գրող Վիկտոր Հյուգոն: Աշխարհը ցնցած ուսանողական շարժումները ցույց են տալիս, որ համալսարանի դուռը բացողը կարող է բացել նաև բանտինը: Ձերբակալվելու չափ ակտիվ լինելը, Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի առաջին նախագահ Էլեոնորա Մանանդյանի կարծիքով, վատ չէ…

Ուսանողական ակտիվությունը շատ կարևոր է: Եթե երիտասարդության մեջ չկա պոռթկում, ուրեմն հասարակությունը հիվանդ է: Երիտասարդները պետք է լինեն ծայրահեղ: Դա նրանց էությունն է. կիրքը պետք է այնքան եռա, որ բունտ դառնա: Եթե բունտ չկա, շատ տխուր է : Բունտը նորի շունչն է:

Ինչո՞ւ ԵՊՀ  պաշտոնական կայքում ձեր անունը նշված չէ ուսխորհրդի նախագահների ցանկում:

Դե դա նորմալ է(ծիծաղում է-Մ.Մ): ԵՊՀ ադմինիստրացիան, մանավանդ այսօրվա ադմինիստրացիան միշտ խնդիր ունի առավել ակտիվ մարդկանց, մանավանդ իմ քաղաքական կողմնորոշումների հետ, որոնք այն ժամանակ էլ էին ընդդիմադիր, հիմա էլ: Այդ առումով ես դրա վրա չեմ զարմանում:

Այսինքն` կարելի է ենթադրել, որ այսօրվա ուսխորհուրդը ստեղծողները  իսկապես «բունտ» բարձրացնող երիտասարդներ են եղել:

ԵՊՀ ուսխորհուրդի հիմքում լավ մարդկանց մի մեծ թիմ է եղել : Այդ խմբի անդամները  տարբեր քաղաքական հայացքներ ունեին, բայց որոշակի ձևով համահունչ էին: 1994թ. էր, բոլորս հավատում էինք, որ մենք ենք մեր երկիր կառուցողները: Բայց այդ լավ հարաբերությունները փչացան 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ուսխորհուրդը պառակտվեց. մի մասը գործող իշխանությունների էին պաշտպանում, մյուս մասը ընդդիմություն էր:

Ճի՞շտ եք համարում ուսանողի մուտքը քաղաքականություն: Մի քանի օր առաջ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա  էին կազմակերպեկ ընդդեմ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի  «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի»,  տասը ուսանող էլ ձերբակալվեց:

Անկախ ամեն ինչից մենք բոլորս քաղաքականության գործոններ ենք: Չկա այնպիսի մարդ, որ կարող է ասել` ինքը քաղաքականությունից դուրս է: Հարցն այն է, որ հաճախ մենք քաղաքականությունը ճիշտ չենք ընկալում:  Ես ինքս 1996թ.  շատ ակտիվ մասնակցում էի քաղաքական գործընթացներին. Վազգեն Մանուկյանի վստահված անձն էի և գրեթե բոլոր ցույցերին ելույթ էին ունենում: Չէ՞ որ յուրաքանչյուր ուսանող վաղվա թե' տնտեսական, թե' սոցիալական, թե' քաղաքական դաշտի մասնիկն է:  Այլ բան է, որ ուսանողը չպետք է մտածի կուսակցական հստակ շահերի պաշտպանության մասին: Որովհետև ինքը դեռ այդքան հասունացած չէ և դառնում է օգտագործման առարկա, լծակ, խաղալիք:

Իսկ այսօրվա հայ ուսանողները քաղաքական դաշտում փոխելու բան չունե՞ն, այդ պատճառո՞վ պայքար չկա:

 Չէ', պարզապես այսօրվա ուսանողական խորհուրդը ադմինիստրատիվ կառույց է դարձել  և եթե այդպիսին է, նմանվում է կոմսոմոլին: Կոմսոմոլը ենթարկվեց պետությանը, լճացավ պետության հետ միասին, և այդ լճացմանը ենթակա են բոլոր ուսանողական խորհուրդները: Դրանց անդամները հստակ կարիերիզմով տարված երիտասարդներ են, ովքեր գծում են իրենց ճանապարհը և հաշվարկում  են միջոցները  քաղաքական դաշտում դիրքի հասնելու համար: Իսկ ուսանողը նա է, ով կարող է մի քանի օր հաց չուտել, միայն թե պայքարի, մենք այդպես էլ ապրում էինք: Սա է ամենակարևորը, որ անկում ապրեց:

Եվ ինչո՞ւ անկում ապրեց:

Կարծում եմ իշխանության ահավոր ճնշումների  պատճառով: Ես չեմ ասում, որ մեր թվերին ճնշումներ չկային: Հիշում եմ 1996-ին մի ցույց էինք կազմակերպել, նույն օրը ինձ հեռացրին աշխատանքից: Այլ կերպ չէր  էլ կարող լինել,գիտեի, որ մի շարք դռներ փակվել են իմ առաջ, քանի որ իրենց ընկալումներով` ես դարձա «անկառավարելի սուբյեկտ»:  Բայց այժմյան իշխանությունների ճնշումները ավելի ուժեղ են և վտանգավոր . թուլանում է ապագայի տեսլականը  և առաջ է գալիս  ամենավտանգավոր զգացողությունը` հուսահատությունը: Երբ գիտես` ինչ-որ բան վատ է, ասում ես` ոչինչ, ոչինչ, կպայքարենք, կանցնի, բայց երբ հիասթափված ես, աշխարհը գլխիդ քանդվի, կմտածես`դե, ի~նչ անեմ:

Փաստորեն «բունտի պատրաստ երիտասարդներ  չունենք:

Ուսխորհուրդներում` միանշանակ ոչ: Ես շատ լավ երիտասարդների գիտեմ, որ ընդգրկված են ուսանողական կառույցներում: Այնպես չէ, որ ուսանողական խորհրդի անդամները, նախագահները լավը չեն, չէ’, բայց պայքարի տարրեր չունեն, կիրք չունեն. ուսանողը պետք է փորձի աընդհատ ինչ-որ բան փնտրել, փնտրելու համար էներգիա է պետք, էներգիան պետք է ուղղված լինի նաև պոռթկմանը: Նույնիսկ եթե մենք ապրեինք փայլուն երկրում, ոչ մի խնդիր չունենայինք, ես էլի կասեի, որ ուսանողությունը պիտի բունտ ունենա: Որովհետև ամենալավ վիճակն անգամ փտում է, եթե չկա շարժում: Պատկերացրե’ք ամենագեղեցիկ լիճը. եթե չկա ստորգետնյա ջրերի շարժում, ինքը դառնում է ճահիճ: Շատ երկրներ անկում ապրեցին հենց այն պատճառով, որ ուսանողության մեջ այդ կիրքը մարել էր: Եվրոպան արդեն սկսում է մտածել` ոնց անի, որ գոնե արհեստական ցույցեր  լինեն: Եվ եվրոպական շատ երկրներում այդ ուսանողական շարժումներն ստեղծովի են, արհեստական:

Չիլիում, 2006թ. ուսանողական ցույցի մասնակիցների պահանջներից մեկը  անվճար երթևեկության հաստատումն էր ուսանողական քարտերով: Գիտեմ, որ նման շարժման փորձ Ձեր ուսխորհուրդն էլ է ունեցել:

Իննսունվեց թվականին երկիրը ահավոր աղքատ էր: Այդ ժամանակ կար հանրապետական ուսանողական խորհուրդ, ճնշող մեծամասնությունը իշխանամետ էր, բայց մենք կարողանում էինք նստել և հստակ ծրագրեր մշակել: Ուսանողական տոմսով անվճար երթևեկելու խնդիրը հստակ դրված էր: Եվ մասամբ լուծվեց: Հիշում եմ` կարողացանք հասնել նրան, ուսանողները կտրոններ էին ստանում` մետրոյից հիսուն տոկոս զեղչով օգտվելու համար: Այսօրվա ուսանողն էլ այդ խնդիրը ունի: Ուզում եմ պարզապես շեշտել, որ  շարժման կոռեկտությունը անպայման հանգեցնում է խնդրի լուծման: Անկախ քո տարիքից դու պետք է իրավացի լինես: Հակառակ դեպքում քեզ կճնշեն և չես կարողանա հակառակվել:

2011 թ. Հարավային Կորեայի ուսանողները շարժում էին բարձրացրել իրենց ստացած կրթության և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության պատճառով: Մեր ուսանողները մրցունա՞կ են աշխատաշուկայում թե՞ ծուլանում են պայքարել կրթության որակի բարձրացման համար:

Մեր մասնագետները  միջազգային շուկայում բավականին պահանջված են, օրինակ` մեր ծրագրավորողները: Բայց ցանկացած միջազգային կազմակերպությունում հայ  և արտասահմանից հրավիրված փորձագետների աշխատավարձերի տարբերությունը հարյուրապատիկ է, չնայած որ նրանք երկուսն էլ աշխատում են նույն կազմակերպությունում, ունեն նույն պատրաստվածությունն ու կատարում են նույն ֆունկցիաները: Էս ամենը գաղութային քաղաքականություն է հիշեցնում, երբ արտասահմանյան ընկերությունները այստեղից վերցնում են էժան աշխատուժ, իսկ իրենց մասնագետներին ավելի բարձր են վարձատրում:  21-րդ դարի միջազգային քաղաքականության հիմքը գաղութն է:Մի քանի ուժեղ երկրներ տարբեր երկրներում իրենց գաղութներն են ձևավորում: Այդ պատճառով ակտիվ, դժգոհող ուսանողության մեծ մասը դուրս է գնում:  Բայց ես, միևնույն է, մեղադրում եմ, որ նրանք ոչ մի ձևով չեն կարողանում ինքնաիրացվել: Պետք է անպայման պայքարել և փոխել:

Հունաստանում էր  2011թ.  սեպտեմբերին. կրթության ֆինանսավորման կրճատումներից դժգոհող ուսանողները պարզապես թույլ չտվեցին, որ ներքին գործերի նախարարը մինչև վերջ դիտի Վուդի Ալենի նոր ֆիլմը կինոթատրոնում և «դու փչացրիր մեր կյանքը» վանկարկումներով  դուրս  հանեցին դահլիճից… Նմանօրինակ փորձ Հայաստանում չի՞ եղել:

Կա… 1996թ. երեք օրում երեք հազար հոգով ցույց կազմակերպեցինք նախագահի նստավայրի մոտ: Ուզում էին կրճատել ուսանողների կրթաթոշակները: Մենք էլ որոշեցինք պայքարել: Հիշում եմ գիշեր-ցերեկ նստած էինք փողոցում: Էդ ժամանակ Երևանում շատ տուրիստներ կային: Մի քանի արտասահմանցի մեզ խնդրեցին, որ տեղափոխվենք մի մայթից մյուս մայթ, բայց մենք, միգուցե ծայրահեղ էինք, չտեղափոխվեցինք հենց այն պատճառով, որ մեզ այդպիսի բան են ասել: Ի վերջո հասանք նրան, որ մեր բոլոր պահանջները բավարարվեցին… Վախը մեծերի կատեգորիա է: Երիտասարդությունը պետք է վախ չունենա, որովհետև կորցնելու բան չունի: Ես  բունտի կոչ չեմ անում, ո’չ, դա ծիծաղելի է: Մենք պետք պարզապես էներգիայի աղբյուր լինենք, որոշում կայացնենք, որ մենք մեր երկիրը պետք է զարգացնենք:

Սոցիլական ցանցերում միավորվելու եղանակը արդյունավետ համարո՞ւմ եք:

Բացարձակ ոչ: Ես բոլոր սոցիալական կայքերին դեմ եմ, ոչ մեկում չկամ: Բոլորին ասում եմ դուրս գալ, որովհետև ահավոր էներգաքամ է: Պարզապես էներգետիկ վամպիր է: Յուրքանաչյուր մարդ, նույնիսկ ամենապասիվը, բունտի տարրեր ունի: Ինքը  պիտի ինչ-որ ձևով դա արտահայտի, մտածում է ինչ անի, գնում է Ֆեյսբուքում գրում է դժգոհությունը ու վերջ, բավարարվում է դրանով, մտածում է` ամեն ինչ արեց: Ստացվում է` մենք վիրտուալ պայքարում ենք, իսկ ռեալ կյանքում`ոչ: Համաշխարհային քաղաքականության տեսանկյունից շատ ձեռնտու էր բեմ հանել սոցիալական կայքերը, որպեսզի հնարավոր պոռթկումները իջեցնեն վիրտուալ դաշտ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter