HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմը՝ պատշգամբից

Պատշգամբում դիպուկահարի նման կանգնած Ավոն տեսախցիկով վավերագրել է Հալեպի Նոր գյուղ թաղամասի առօրյան պատերազմի ժամանակ: Ասում է՝ այդտեղից նկարելը լավ է նրանով, որ կարողանում ես նայել հեռուներում մարդկանց, տեսնել, թե ինչ են անում:

31-ամյա Ավո (Ավետիս) Գաբրիելյանը Հալեպից է, սովորել է Դամասկոսում, մասնագիտությամբ թատերագետ է: Ավարտելուց հետո վերադարձել է Հալեպ, կինոյի պատմություն և դրամատուրգիա դասավանդել այստեղ:

Ավոյի հետ մեր զրույցը հեռահար էր՝ Երևան-Բեյրութ: Նա երկու տարի առաջ ընտանիքով Հալեպից փոխադրվել է Լիբանան, ասում է, որ պատերազմի ժամանակ այնտեղ էլ հնարավոր չէր ապրել:

Հիշում է, որ Հալեպում իրենց բեմադրած վերջին ներկայացումը «Երազն» էր: Այն ձայնի և լռության մասին էր: «Երազից» մի քանի օր անց ռմբակոծվեցին նաև հայկական թաղամասերը:

2012-ին, երբ իրավիճակը չէր թեժացել, Ավոն նկարում էր Հալեպի առօրյա կյանքը: Ասում է, որ դեռ չէր մտածում ֆիլմ նկարելու մասին, պարզապես վավերագրում էր: Սակայն Սիրիայի կառավարական ուժերը ձերբակալել են նրան՝ պահանջելով ջնջել նկարածը:

Այդ միջադեպից հետո Ավոն դարձյալ շարունակել է վավերագրել, բայց արդեն պատերազմական Հալեպում: 2012-ի նոյեմբերի 7-ին Սիրիայի պետանվտանգությունը ձերբակալել է Ավոյին: Պատմում է, որ ձերբակալության պատճառը տեսախցիկն էր, կառավարական ուժերին դուր չէր գալիս, որ ինչ-որ մեկը վավերագրում է իրականությունը: 21 օր նրան պահել են պետանվտանգության նկուղային հարկերում, որտեղ բանտերն են: Ավոն ժպտում է այս դրվագը պատմելիս, ասում է՝ հաճելի պահեր էին: Հետո ավելացնում է, թե ժամանակ առ ժամանակ հիշում ես, որ աշխարհում նաև վայրենիներ կան:

Երկրորդ ձերբակալությունից հետո, նշում է, մարտահրավեր էր դարձել նկարելը, որոշել էր պատշգամբից նկարել: Նույնիսկ այդ ժամանակ չէր մտածում, որ գուցե մի օր ֆիլմ է դառնալու նկարածը. պատերազմական իրավիճակներում առհասարակ դժվար է մտածել նման մտահղացումների մասին, հատկապես, երբ նկարում ես քո հարազատ թաղամասը, հարազատ դեմքերը:

Ֆիլմն անվանել է «Տներ առանց դռների», որում միահյսուված են անձնական և համամարդկային թեմաները: Ֆիլմում հայ ընտանիքի տան պատշգամբն է, որտեղից մի աչք հետևում է դրսի կյանքին՝ հեռվում երևացող պայթյունների ծուխ, փողոցով՝ անմիջապես պատշգամբի տակով անցնող հուղարկավորության մեքենա՝ երիտասարդ աղջկա լուսանկարով: Հայրը նկատողություն է անում որդուն, որ վտանգում է իրենց կյանքը, իսկ մայրը՝ հակառակը, տեսախցիկի առաջ խոսում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնց գաղթի ճանապարհը հասցրել է Հալեպ:

Նոր գյուղի մասին Ավոն նշում է, որ կարող է ժամերով խոսել, դա իր ծննդյավայրն է, մանկության, դպրոցական տարիների հարազատ թաղամասը, սակայն զգացողությունները դժվար է բառերի վերածել: Պատերազմը հղկում է մարդուն, Ավոյի կարծիքով՝ ոչ մի կեղծ, իր ասած «ֆեյք» բան չի թողնում ներսումդ, ամեն բան այլ կերպ ես սկսում գնահատել:

«Տներ առանց դռների» ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Թուրինի վավերագրական ֆիլմերի 34-րդ փառատոնին: Այն ներկայացվել է նաև Բեռլինի և Պրահայի միջազգային կինոփառատոներին: Ավոն պատմում է, որ Բեռլինի կինոփառատոնից հետո ֆիլմի պատրաստմանն աջակցած կազմակերպությանը էլեկտրոնային նամակ է ուղարկվել «Ոսկե ծիրանից», որպեսզի այն ուղարկեն երևանյան կինոփառատոնին: Սակայն ֆիլմը չի ցուցադրվել այս տարվա «Ոսկե ծիրանի» ժամանակ: Ռեժիսորը պատճառը մինչ օրս չգիտի, ենթադրում է, որ կամ 2008-ի մարտիմեկյան դեպքերի՝ 4 վայրկյան տևող անդրադարձն էր պատճառը, կամ պարզապես չեն հավանել: Մինչդեռ նրա առաջին՝ «Երկու քայլ ևս» 4-րոպեանոց ֆիլմը 2012-ին ցուցադրվել էր «Ոսկե ծիրանի» «հայկական համայնապատկեր» ծրագրում: Ավոն ասում է՝ չգիտի, թե ինչի մասին է լինելու հաջորդ ֆիլմը, թեման ինքնաբուխ է ծնվում:

Սիրիահայ արվեստագետը երբևէ Հայաստանում չի եղել, բայց միշտ երազել է գալ: Ասում է, որ հատկապես այս ամռանը «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ էր ցանկանում գալ, գոնե մեկ օր լինել դեպքի վայրում: Հետո լռում է, քիչ անց ավելացնում՝ կամ էլ գտնվեմ նրանց հիմիկվա տեղերում:

Ավոյի հետ պայմանավորվում ենք, որ մեր հաջորդ զրույցը կլինի դեմառդեմ Հայաստանում: 

Առաջին լուսանկարում՝ դրվագ «Տներ առանց դռների» ֆիլմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter