HY RU EN

Մեղադրողը միջնորդեց «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Մեղադրողն այսօր դատարանին միջնորդեց «Հայբիզնեսբանկի» փողերի լվացման գործով, վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 

Արա Կիրակոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 4 հոդվածներով.

214-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատախազն այս հոդվածի համար պահանջեց 3 տարի ազատազրկում:

325-րդ հոդվածի երկրորդ մասով՝ այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Դատախազը այս մեղադրանքի համար պահանջեց երեք տարի ազատազրկում:

178-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Դատախազը պահանջեց 7 տարի ազատազրկում:

190-րդ հոդվածի երրորդ կետի առաջին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս մեղադրանքի համար դատախազը պահանջեց 10 տարվա ազատազրկում:   

Այլ կերպ ասած՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։  

Քանի որ ոչ մեղմացուցիչ, ոչ էլ ծանրացնող հանգամանքներ են ներկայացվել դատարանում Արա Կիրակոսյանի վերաբերյալ, դատախազը միջնորդեց Արա Կիրակոսյանին ազատազրկել 15 տարով:   

Մեղադրող Գևորգ Սարգսյանը Արա Կիրակոսյանի առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարեց` ոչ արժանահավատ համարելով Արա Կիրակոսյանի, իսկ արժանահավատ, վկաների ցուցմունքները, ինչպես նաև վկայակոչեց նույն գործով մեղադրվող Մելիք Եսայանի նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ Մելիք Եսայանը դատարանում չի հարցաքննվել: Նրա վատառողջ լինելու մասին դատաբժշկական եզրակացություն կա, որի հիման վրա նա այդպես էլ դատարան չբերվեց, իսկ Եսայանի մասով գործն առանձնացվել է: 

Մեղադրողը նշեց, որ Արա Կիրակոսյանը չի փորձել ճշտել DHL-ով ստացված կեղծ փաստաթղթերի իսկությունը: Մինչդեռ այդ փաստաթղթերը չէին կարող հիմք ընդունվել, քանզի թղթակցային «Սբերբանկ»-ից չէին ուղարկվել, այլ «Միր բիզնես բանկ»-ից: 

Գումարների հետագա շարժը, ըստ մեղադրող Սարգսյանի, նույնպես համաձայնեցվել է Արա Կիրակոսյանի հետ: Իսկ այն, որ Արա Կիրակոսյանի հաշվեհամարին այդ շարժերից մեկի ժամանակ գումար է փոխանցվել 500 հազար եվրոյին համարժեք դոլարի չափով, ըստ մեղադրողի, նույնպես համընկնում չէր կարող լինել: Հիշեցնենք, որ Արա Կիրակոսյանը դատարանում տված ցուցմունքում ասել էր, որ այդ գումարը բանկի սեփականատիրոջ՝ Վիտալի Գրիգորյանին իր ունեցած պարտքի դիմաց էր փոխանցել:    

Արա Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում անհիմն որակեց բոլոր մեղադրանքները: Փաստաբանը նշեց, որ մեղադրողի ճառը նույնությամբ կրկնում էր մեղադրական եզրակացությունը, որը կազմել էր նախաքննական մարմինը:  

«Ենթադրում են, որ Արա Կիրակոսյանը Սուրեն Գաբրիելյանից ստացել է 500 հազար եվրո և դա փոխանցել Վիտալի Գրիգորյանին: Բնականաբար, Արա Կիրակոսյանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Վիտալի Գրիգորյանի հետ, այդ գործարքներից մեկն էլ այդ 500 եվրոյին համարժեք 630 հազար դոլարն է եղել»,- ասում է փաստաբանը:

Մեր հարցին, թե որտեղից ուրեմն Արա Կիրակոսյանին այդ 630 հազար դոլարը, որ փոխանցել է Վիտալի Գրիգորյանին նույն օրերին, փաստաբանը նշեց, որ Արա Կիրակոսյանն իր բիզնեսներն է ունեցել, վարկեր է վերցրել և մարել, և Վիտալի Գրիգորյանի հետ ունեցած փոխադարձ վստահության շնորհիվ գումարներ է վերցրել նաև նրանից: 

«Չգիտես ինչու՝ փաստերը և հեռախոսային ձայնագրությունները մեկնաբանվել են ոչ թե չեզոք, այլ ի վնաս Արա Կիրակոսյանի»,- նշեց Հակոբ Ճարոյանը: 

Փաստաբանն իր պաշտպանական ճառի համար մեկամսյա ժամկետ խնդրեց մեղադրանքին պատշաճ պատրաստվելու համար: