HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է սպասվում անազատության մեջ պահվող կենդանիներին

Հասարակական նշանակության հաստատություններում, ինչպես նաև անհատների կողմից կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման պայմանների վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացվել կառավարություն: Այն թույլ կտա այդ կենդանիների նկատմամբ հսկողություն իրականացնել և կազմակերպել կենդանիների տեղափոխումը համապատասխան վայրեր, եթե կա դրա անհրաժեշտությունը: Այս մասին այսօր հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Հետքի» այն հարցին, թե ինչու երեք տարի է՝ այդ կենդանիների պահման հարցը քննարկվում է, բայց դեռևս լուծում չի ստանում, և կարմիր գրքում գրանցված կենդանիները շարունակվում են պահվել անհատների կողմից ոչ համպատասխան պայմաններում:  

Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկրորդ մոդել են նաև քննարկում, որը ենթադրում է թույլտվությունների համակարգ ստեղծել՝ կենդանու պահման անհրաժեշտ նվազագույն պայմանների և երաշխիքների ամբողջական ենթահամակարգերով:

«Եթե մեկը արջի քոթոթ է պահում իր մոտ, առաջին հերթին մենք պետք է արձանագրենք, որ սա, այս պահին գոնե, անօրինական գործողություն է: Այնպիսի համակարգ պետք է առաջարկենք, որ անգամ եթե անձը ցանկանում է վայրի կենդանիների պահպանություն իրականացնել կիսաազատ կամ ազատ պայմաններում, պետք է անպայման անվտանգության, առողջական, պահպանման նվազագույն պահանջներին բավարարի, ստանա այդ թույլտվությունը, որպեսզի ԲՆ-ն էլ կարողանա անընդհատ մոնիտորինգի ենթարկել»,- մանրամասնեց նախարարը:

Մեր հաջորդող հարցին, թե արդյոք նախարարությունն այս պահին արդեն ունի մոնիտորինգային արդյունքներ, թե հանրապետությունում անազատ կամ կիսաազատ պայմաններում քանի կարմիր գրքում գրանցված կենդանի է պահվում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մեր արդյունքները չափազանց քիչ են, թույլ են: Ունենք, անշուշտ, բայց համակարգն ամբողջական չէ, դրա համար ես կխուսափեմ թիվ հրապարակելուց, որովհետև վստահ եմ, որ այդ թիվը մի քանի անգամ պետք է բազմապատկվի»:

Անդրադառնալով կենդանիների միջազգային առևտրին, որում ներգրավված է նաև Հայաստանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այստեղ ևս կարգավորման խնդիր կա, քանզի թե ԵՏՄ-ի, և թե Եվրոպական Միության օրենսդրության, և թե միջազգային կոնվենցիայի (CITES) համապատասխան Հայաստանն ավելի մեղմ ռեժիմ է որդեգրել, և կենդանիների առևտուրն իրականացվում է բավականին ազատ ռեժիմով:

«Մեր խորին համոզմամբ, այս ռեժիմը պետք է փոխվի, ավելի ուժեղացվի, և թե վայրի կենդանիների մասով, թե միջազգային առևտրի, թե կենդանիների ՀՀ մուտն ու ելքը պետք է ավելի խիստ կանոնակարգումների ենթարկվի»,- նշեց նախարարը:

Ըստ նախարարի, ցանկացած վայրի կենդանի, երբ մուտք է գործում ՀՀ, ունենում է ծագման փաստաթուղթ, սակայն չկան կենդանուն նույնականացնելու մեխանիզմներ: Օրինակ՝ ներմուծվել է շիմպանզե, որի նկարագրությունը տրվում է փաստաթղթում, սակայն իրականում այդ նույն կապիկն է նկարագրված (որը փաստացի ներմուծվել է), թե ոչ, հնարավոր չի լինում նույնականացնել:  

«Այն կենդանիները, որոնք ներառված են միջազգային կարմիր գրքում, միանշանակ պետք է նույնականացվեն: Դա կարող է լինել չիպավորման, տարբեր տեխնիկական միջոցների գործադրմամբ: Ազատ ռեժիմ կարող ենք թողնել այն կենդանիների մասով, որոնց նկատմամբ նման պահանջներ չկան, բայց նորից որոշակի նույնականացմանը մոտ գործողություններով»,- մանրամասնում է բնապահպանության նախարարը:

Արծվիկ Մինասյանը գիտակցում է, որ այս առաջարկը սկզբնական շրջանում կարող է դժգոհությունների առիթ դառնալ, սակայն կարծում է, որ այն կօգնի ոչ միայն վայրի կենդանիների միջազգային առևտրի կանոնակարգմանը, այլ նաև հենց Հայաստանի տնտեսությանը:

«Լավ կարգավորված համակարգը հնարավորություն կտա լուրջ եկամտի աղբյուր տեսնել նաև Հայաստանում»,- հույս ունի նախարարը:

Այս գործընթացը, ըստ Ա. Մինասյանի, որոշակի առաջընթաց կունենա 2017թ. կեսերին: Ներգրավված են նաև տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, այդ թվում՝ Երևանի կենդանաբանական այգին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter