HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյտենանտի երկրորդ Ամանորը Շուշիի բանտում

Դեկտեմբերին լրացավ մեկ տարին, ինչ լեյտենանտ Արամ Աղայանը գտնվում է Շուշիի բանտում: Նա երկրորդ Ամանորն է անցկացնելու անազատության և ոչ թե  ծառայության մեջ: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Դավիթ Սարգսյան) զինվորականին այս տարվա նոյեմբերին դատապարտել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման (ՔՕ 358.1 2-րդ մաս):

Լեյտենանտի ծնողները ամսական մեկ անգամ ընդամենը կես ժամով են կարողանում  տեսակցել որդուն՝ բանտային ապակիներից այն կողմ:

Դատալեքս տեղեկատվական համակարգում այս գործի մասին տեղեկատվությունը փակ է: Ուստի փորձեցինք գտնել կողմերին և ստանալ գործի նյութերը: Արամ Աղայանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ փոխանցեց մեղադրական ու պաշտպանական ճառերը, ինչպես նաև դատավճիռը, որը նա արդեն իսկ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

2,6 տարվա ազատազրկում՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքի համար

Ըստ դատավճռի, 2015 թվականի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերթապահ, լեյտենանտ Արամ Աղայանը, տեսնելով, որ թիվ 1 պահակակետում պարեկ կարգված, շարքային Ռուդիկ Գրիգորյանը դեռ զորանոցում քնած է, գնացել է զորանոց` նրան արթնացնելու համար: Լեյտենանտը մի քանի անգամ հրելով փորձել է արթնացնել շարքայինին` հերթափոխը կատարելու համար: Զինվոր Ռուդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին՝ ինչու է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ Աղայանը վիճաբանել է զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` քաշքշել ու հարվածել է`պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Արամ Աղայանը ծնվել է 1991թ., Նոր Հաճն քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Նոր Հաճնի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է կարատեի դեռևս 5 տարեկանից: Դպրոցն ավարտել է գերազանցությումբ: Կրթությունը շարունակել է ԵՊՀ  Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, կրկին գերազանցությամբ  ավարտել: Ապա սովորել է Արմենակ Ղանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտում: Հանդիսանում է  «Վարդանանք» ռազմահայրնասիրական ակումբի անդամ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության  համար պարգևատրվել է Պաշտպանության նախարարի, ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև ԵԿՄ Շենգավիթ բաժանմունքի պատվոգրերով: Հրաժարվել է վիճակահանությունից և ինքնակամ մեկնել Շուշի:

Արամի հայրը՝ Գրիգոր Աղայանը պատմեց, որ Ապրիլյան պատերազմի օրերին որդին Շուշիի ՔԿՀ մեկուսարանի մի խումբ սպաների հետ նամակ է ուղարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. «Մոտավոր եմ նշում, քանզի մենք անձամբ նամակը չեմ կարդացել: Գրել էին, որ իրենց էլ ուղարկեն առաջնագիծ, գրել էին, որ իրենց տեղը մեր զինվորների կողքին է, այլ ոչ բանտում: Պատերազմի ավարտից հետո մեզ նոր կդատեք: Բայց ինչպես շատ նման նախաձեռնություններ, սա ևս մնաց անպատասխան»,-նշեց Գրիգոր Աղայանը:

Այս տարվա սկզբին՝ փետրվարին, Գրիգոր Աղայանը դիմել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ հիմնավորելով, որ որդուն  ներկայացվել է անհիմն մեղադրանք. «Սպան, ով մարտական հերթապահության ապահովման նպատակով կատարել է օրենքով և զինվորական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններ, չի կարող մեղադրվել»: Փետրվարի 22-ին նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի ՊՆ-ն իրավասու չէ միջամտելու դատարանների գործունեությանը: «Ստացվում է, որ Հայոց բանակի զինվորը և սպան, փաստորեն անպաշտպան են»,-ասում է լեյտենանտի հայրը:

Արամ Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 5 տարի 3 ամիս ազատազրկում (որպես 2014 թ-ի դատվածության պայմանական ազատման չկրած մաս՝ մասնակի գումարման սկզբունքով):

Տուժողի ընտանիքը որևէ բողոք չունի

«Հետքը» զրուցեց նաև այս քրեական գործով տուժող ճանաչված զինվոր Ռուդիկ Գրիգորյանի հոր՝ Վելիխան Գրիգորյանի հետ: Նա նշեց. «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Դա իմ տեսակետն է ու նաև իմ տղայի: Էն, ինչ ասում եմ, դատարանում հնչել է: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ շեշտեց, որ մտերիմ են եղել»,-«Հետքին» ասաց Վելիխան Գրիգորյանը:

Մեղադրողը, սակայն, պահանջել է 3 տարվա ազատազրկում, իսկ նախկին պայմանական պատժից՝ մասնակի գումարման սկզբունքով՝ 6 տարվա:

Ռազմական ոստիկանության հետաքննիչը որպես վկա կանչվել է դատարան

Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ընդգծեց, որ Արամ Աղայանի գործով այնքան խախտումներ ու բացեր կարող է նշել, որոնք մեկ նյութում չեն տեղավորվի. «Այստեղ չկա հանցակազմ: Զինվորական կարգի դեմ ուղղված հանցանք չկա: Հիմնական օբյեկտ չկա»:

Տարօրինակն այն է, որ ՌՈ հետաքննիչին վկայի կարգավիճակ են տվել: Այս հարցին անդրադարձել է պաշտպան Պապիկյանն իր ճառում: Ավելին՝ ՌՈ հետաքննիչ լեյտենանտին հարց է տվել փաստաբանը դատարանում, թե երբևէ եղել է, որ դատարանում որպես վկա հանդես գա իր իսկ քննած գործով: Պարզվել է, որ նման նախադեպ չի եղել:

«Ինչպե՞ս կարելի է բացատրել Պարգև Սիմոնյանին որպես վկա դատակոչի ենթակա անձանց ցուցակի մեջ ընդգրկելը. այդ անձը նախաքննության ընթացքում ունեցել է հստակ դատավարական կարգավիճակ՝ հետաքննիչ: Նախաքննական մարմնի «թեթև ձեռքով» հետաքննիչը դարձել է վկա: Ենթադրենք քննիչը չէր պատկերացնում, թե ինչ է նշանակում հետաքննիչին վկա դարձնել, այդուհանդերձ նա պարտավոր էր իմանալ, որ դատավարական կարգավիճակ ունեցող մեղադրանքի կողմում հանդես եկող անձին վկա դարձնելով՝ քրեական գործը դարձնում է կարճման ենթակա՝ ԵԽԽՎ թիվ 1620 բանաձևի 4.7.3 կետի լույսի ներքո»,-գրված է պաշտպանական ճառում:

Փաստաբանը շեշտեց, որ թեև դեպքը տեղի է ունեցել 2015թ-ի սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ծառայողական քննություն է եղել սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 10-ին բացատրություն է վերցրել: Ապա քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 23-ին, սակայն քննիչը, չգիտես՝ ինչպես սեպտեմբերի 2-ին է օպերատիվ գործողություններ կատարել, այսինքն՝ քրեական գործի հարուցումից առաջ:

Խոսելով որդու դատապարտման մասին՝ Գրիգոր Աղայանը կարծիք հայտնեց. «Ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտում նստի, որովհետև ամբողջ դատական պրոցեսը դա ցույց տվեց... դատական նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում էին. 11 ամիս նիստ էին անում: Ոչ միայն դատախազն էր բացակայում, այլև՝ դատավորը: Շտամպ դնող մեքենայի հետ գործ ուենենք փաստորեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Աղայանը:

Արամ Աղայանի լուսանկարը՝ ընտանեկան ալբոմից

Մեկնաբանություններ (9)

Վարազ Սյունի
Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված հետաքննող-վերահսկողական ու պատժիչ ֆունկցիաներով:
Ա․
Ինչ արդարադատություն՞, ինչ արդարություն՞, իրոք հավատում եք, որ ինչ որ մեկին պետք է կամ հետաքրքրում է ՞ թե մի լեյտենանտ կհայտվի բանտում կամ ոչ։ Ընդամենը համակարգը, կամ նրա ինչ որ որոշիչ կամ անորոշ անդամներ պետք է ավելի հաստացնեին առանց այդ էլ հաստ քսակները։ Չի տվել նստելա, և ինքը և հաջորդները կվախենան, մյուս անգամ կտան։ Եթե կան հակառակ տեսակետներ, կամ միամիտ են, կամ շահագրգիռ։
Սամվել Հովասափյան
Եթե ճիշտ է, որ Արամը անմեղ է, ապա մեզ մնում է միայն նստել, ողբալ և գոչել՝ վայ քեզ, ո'վ հայ ժողովուրդ, զի ապիկար են իշխանական աթոռին նստած անձինք և այդ պատճառով էլ մութ է քո ապագան և վտանգված:
Ռ.
2.5 տարի մարդ սպանելու կամ խոշոր չափի գողության համար չեն տա երևի,էս ինչ են անում...Աղայանի մասին էլ կարամ մենակ դրական արտահայտվեմ,շատ լավ անձնավորություն է:
Վեհարի
Ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտում նստի, որ հատկապես մեր Հայկական գենաֆոնդի Արիական հատկանիշների արյան ցայտուն կրիչները ոչնչանան, իսկ դատախազները, դատավորներն ու քննիչները ենթարկվեն դավաճաններին և գործեն որպես Մարդկանց և ազգի ճակատագրի վրա Շտամպ դնող մեքենա:
Հովնան Ղուկասյան
Արամը իմ ընկերն է։ Իրական հայի կերպար Մեծատառով մարդ ցավոք անարդար վերաբերմունքի զոհ։ Մեր օրերի Նժդեհ Մոնթե.... նրա ազատ հոգին բանտի ճաղերի ներսում ել է ազատ համոզված եմ։ ԱՍՏՎԱԾ Քեզ պահապան ախպերս
Ռուդիկ
Պարզ է քննիչն ու դատավորը վերադասների պատվերն են կատարել։ Դե կրթված, ուժեղ սպա է եղել`չի խարդախություններ թույլ չի տվել վերադասներն էլ , երեվի կոռուպցիային խանգարել է։ ՀԿՉ
Անահիտ Սարգսյան
Ճանաչում եմ Արամին որպես «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամ։ Նա մի քանի անգամ մասնակցել է Արցախ աշխարհում ակումբի կազմակերպած ուխտագնացություններին ։ Ազնիվ և շիտակ երիտասարդ է։ Նրա նման հայրենասերներն էին, որ այս տարվա ապրիլյան օրերին սահմանում փակեցին ոսոխի ճանապարհը։ Իմ կարծիքով, եթե պարեկը հերթափոխին քնով է անցել, և Արամը կոպտորեն է նրան արթնացրել, ապա շատ էլ ճիշտ է վարվել։ Պատերազմի մեջ ներքաշված մեր երկրի քնով անցած հերթապահին պետք է դատել։ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Արամին։
Մարտին
Արամի նման հայրենասեր ու հզոր ունակությունների տեր տղուն տարիներով դատել ինչ որ կարգազանց զինվորի քաշքշելու համար, ուղեղումս այդպիսի անարդարություն չի տեղավորվում, կամ ինչ որ վատ ուժերի նա խանգարել է, կամ էլ ինչ որ բան այստեղ են չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։