HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչիկ Պապինյան

Անտառային ռեքվիեմ-2

Սկիզբ

Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության աշխատակից Հովիկ Բեկչյանին առավել զայրացնում է, որ Հայաստանից շինափայտ է արտահանվում: Խորհրդային տարիներին Հայաստանում շինափայտ չէր հատվում եւ այն ամբողջությամբ ներկրվում էր Ռուսաստանից։ Այսօր փոխվել է պատկերը, եւ Հայաստանը շինարարական փայտ է առաքում Պարսկաստան, Գերմանիա։ Առավելապես հատվում է մեր անտառներում առկա շինարարական ամենաարժեքավոր ծառը` հաճարենին։ Իսկ հաճարենին ինքնավերականգնվում է միայն սերմերով եւ կոճղաշեւ չի տալիս։

Համատարած հատումների հետեւանքով փաստորեն չի կատարվում հաճարի սերմերի բնական տարածում, դրա հետեւանքով էլ մի քանի տարի հետո ոչնչացման եզրին կհայտնվի ընդհանրապես տեսակը։ Նման վիճակ է ստեղծվել նաեւ լորիների, սոճիների, կաղնիների, բոխիների եւ հացենիների դեպքում։ Այս ծառատեսակների գոյությունը լոռու անտառներում ոչնչացման եզրին է։ Մարզի բոլոր անտառտնտեսությունների հատումների տարեկան ծավալները 25 հազար խմ է, որից 5 հազար խմ շինափայտ։

Սակայն հատումների ամբողջ ծավալը մարզում, իր ուսումնասիրությունների արդյունքում Հ. Բեկչյանը գնահատում է տարեկան 500 հազար խմ, որից միայն 250 հազար տեղացիների կողմից որպես վառելափայտ եւ շինափայտ։ Հաշվարկներն էլ արվում են մարզում առկա բնակչության թվաքանակի եւ վառելափայտի միջին ծախսերին համապատասխան։

Ըստ Հ. Բեկչյանի յուրաքանչյուր օր մարզի անտառներից հանրապետության տարբեր բնակավայրեր է տեղափոխվում շուրջ 1000-1500 խմ փայտ։ Չնայած անտառտնտեսությունները կատարում են պետական առաջադրանքը, սակայն գտնվում են ֆինանսական ծանր վիճակում, անգամ չեն կարողանում աշխատավարձ վճարել։ «Անհավատալի է, որ մի տնտեսությունում հատվի 1000-ավոր խմ անտառանյութ եւ էդ տնտեսության վիճակը ծանր լինի»,- ավելացնում է Հ.Բեկչյանը: Այս ամենը կատարվում է շրջանցելով պետական բյուջեն, այսինքն միլիարդավոր դրամներ են շրջանառվել այս տարիների ընթացքում, այն էլ` ստվերում։

Եվ այս ամենը արվում է զինվորական, իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ ունեցող մարդկանց հովանավորությամբ։ Ովքեր կասկածում են կարող են գիշերը եւ առավոտ ծեգին կանգնել Վանաձոր- Երեւան մայրուղում եւ հաշվել թե բնափայտով բարձված քանի մեքենա է շարժվում դեպի Երեւան: Վարորդները նախընտրում են շարժվել գիշերը, կամ էլ վաղ առավոտյան, որ ավելորդ աչքից հեռու լինեն: 

 «Ավելին ասեմ, Գուգարքի անտառտնտեսությունում, որտեղ գրեթե այլեւս ոչ մի ծառ չի մնացել եւ գրեթե ամբողջությամբ հատվել է, էս տարի 3000 խմ նորից պետական առաջադրանք են իջեցրել, եւ ես մտածում եմ որ այս ամենը միտումնավոր է արվում, էդ բոլորը ապօրինի հատումները կատարվում են պետական առաջադրանքի քողի տակ։ Դա ծածկագիր է ապօրինի հատողների համար, որ ասեն թե պետական առաջադրանք ենք կատարում»,-շարունակում է Հ. Բեկչյանը: 

Լոռու անտառների միջին խտությունը 80-ական թթ-ին եղել է 0.6-0.7: Հայաստանի անկախացումից հետո այդ ուղղությամբ որեէ ուսումնասիրություն չի կատարվել: Հ.Բեկչյանի դիտարկմամբ միջին խտությունը այժմ իջել է մինչեւ 0.3 - 0.4, իսկ այդպիսի անտառները այլեւս անտառներ չեն կարող համարվել, դրանք ինքնավերականգնման հատկությունը կորցրած նոսրուտներ են։ 

«Տասնամյակներ շարունակ մեր պապերը օգտվել են անտառից եւ հիմա էլ համոզված եմ, որ կենցաղային նպատակներով հատումները անտառին չեն վնասի: Այսօր միայն մեր բնակչության պահանջարկով անտառը էս վիճակին չէր հասնի, եթե չլիներ արտերկրներին փայտ արտահանելը, եթե չլիներ մեծ ու փոքր փայտամշակման տնտեսությունները, այն էլ ստվերի տակ»,-համոզված ասում է Հ.Բեկչյանը: «Փայտի գործը» սկսվելուց հետո Լոռու մարզի անտառամերձ գոտու գյուղերում մարդիկ դադարել են մշակել հողը։ Սոցիալական դժվարություններից կքած լոռու գյուղացիները դարձել են անտառահեններ, ձեւավորվել են կլաններ, փայտագողերի խմբեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter