Տնտեսական տարին. 5 իրադարձություն՝ ամենակարևորներից (տեսանյութ)
Նոր կառավարության ձևավորումից մինչև բանկային համակարգում խոշորացումներ, Հարկային օրենսգրքի ընդունումից մինչև գազի էժանացում. այս տարի ևս Հայաստանում տնտեսական հիշարժան ու բավականին քննարկված իրադարձությունները քիչ չէին։ Դժվար է դրանք դասակարգել ըստ կարևորության, քանի որ վերջում միշտ էլ սուբյեկտիվ ցանկ է ստացվում։ «Հետք»-ն առանձնացրել է կարևորություն ստացած ու ամենաքննարկված թեմաներից հինգը և լսել մասնագետների մեկնաբանությունները, որոնք ներկայացված են տեսանյութերում։
«Մրցավազք»՝ Կենտրոնական բանկի պահանջով. միաձուլումներ ու խոշորացումներ բանկային համակարգում
2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ Այս տարին առանձնացավ բանկային համակարգում միաձուլումներով ու խոշորացումներով։
Մինչև Կենտրոնական բանկի որոշումը Հայաստանում գործող առևտրային բանկերի թիվը 21-ն էր։ Ընթացքում այդ թիվը կրճատվեց 4-ով։ Նախ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը միացավ «Ինեկոբանկ»-ին, հետո «ԲՏԱ Բանկ»-ը՝ «Հայէկոնոմբանկ»-ին, «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը՝ «Արդշինբանկը»-ին, իսկ «Զարգացման Հայկական Բանկ»-ը՝ «Արարատբանկ»-ին։ Թեև բանկերը դեռևս չեն ներկայացրել իրենց տարեկան ամբողջական հաշվետվությունները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ կապիտալի խոշորացման պահանջը բավարարել, և 2017-ից օրենքի նոր պահանջներին համապատասխան իր գործունեությունը Հայաստանում կշարունակի 16 կամ 17 բանկ։ Ավելի հստակ պարզ կդառնա եկող տարվա սկզբում։
Նոր վարչապետ, նոր կառավարություն
«Ես որոշել եմ հրաժարական տալ»,- սեպտեմբերի 8-ին հայտարարեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա հայտարարությունից օրեր առաջ էլ արդեն հայտնի էր, որ հրաժարական է տալու։
Օրեր անց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ՝ այդպիսով դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը:
Փոփոխվեց նախարարների կազմը։ 8 նախարար վերանշանակվեց իր պաշտոնում՝ չհաշված կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որը ևս վերանշանակվեց։ Նշանակվեց 10 նոր նախարար։
Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի։ Այսինքն՝ դադարեց գործել որպես նախարարություն։ Իսկ Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը։
Հարկային օրենսգիրքն ընդունվեց
2015 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ հարկային օրենսգրքի» նախագիծը: Այս տարի այն ներկայացվեց ու քննարկվեց Ազգային ժողովում։ Չնայած բուռն քննարկումներին ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից առաջացած դժգոհություններին՝ այս հոկտեմբերի սկզբին ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի» նախագիծը։
Հարկային օրենսգիրը մշակել էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը և «ժառանգություն» թողել նոր կառավարությանը։
Գազի սակագների նվազումը
Եկող տարվանից Հայաստանում սպառողների համար կգործեն գազի նվազեցված սակագներ։ Նոր գներ են սահմանվել՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի մեծ ծավալով գազ սպառողների համար։ Դրան զուգահեռ երեք այլ խմբեր են առանձնացվել, որոնց համար կգործեն ավելի էժան գներ։
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում սահմանվել է 139 000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ներկայում գործող 146 700 դրամի փոխարեն։ Այսինքն՝ այս խմբի համար 1 խորանարդ մետրի գինը կնվազի 7.7 դրամով։
Տնտեսական աճ
Տնտեսական աճը, որպես այդպիսին, իրադարձություն չէ, այլ՝ տնտեսական իրադարձությունների ուղղակի հեևանքը։ Թեև տարեկան ամբողջական պատկերը դեռևս չունենք, սակայն արդեն իսկ կարող են ենթադրել՝ քիչ հավանական է, որ պետական բյուջեով նախատեսված 2.2% տնտեսական աճն Հայաստանում այս տարի կապահովվի։ ՀԱՆ-ի եռամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին առաջին եռամսյակում գրանցվել էր 4.3% աճ, երկրորդում՝ 1.6% աճ, իսկ երրորդում՝ միանգամից 2.6% անկում։
Իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը հունվար-նոյեմբերին կազմել է ընդամենը 0.6%: Տարվա սկզբում այն համեմատաբար բարձր էր։ Հունվար-ապրիլին հասավ 6%-ի, սակայն հետո աճի տեմպերը թուլացան և մոտեցան զրոյին։
Բացի այս ամենը ոչ պասկաս կարևորության ստացան և ոչ պակաս քննարկվեցին ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան ներկրվող մեքենաների ԱԱՀ-ից ազատումը, սահմանում «հսկիչ գին» կոչվող երևույթի վերացման մասին խոստումները, հայկական առաջին սմարթֆոնի՝ ArmPhone-ի թողարկումը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը, DigiTec-2016-ը, Պանամայի օֆշորային սկանդալը, «1000 դրամների» նախագիծը և այլն։
Տեսանյութերը` Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել