HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրենկ Սինատրա, Գրեգ Լեյք և Սթինգ. Ամանորի երաժշտական բարեմաղթանքներ

Նաիրա Հայրապետյան

Աշխարհում Ծննդյան տոներին կամ Նոր Տարվան նվիրված բազմաթիվ երգեր կան: Այն կատարել են լեգենդար արտիստներ և իրենց գեղեցիկ երգերով ձևավորել Ամանորի երաժշտական հրաշք ավանդույթներ: Դրանցից շատերն այնքան սիրված և հայտնի են, որ այլևս անհնար է տոնը պատկերացնել առանց նրանց:

«Ռետրո Ակումբ» երաժշտական շարքում այսօր կանդրադառնանք մի քանի երգերի, որոնք նվիրված են Նոր Տարվա և Ծննդյան Տոների խորհրդին, կամ մեծ առումով կապված են այս օրերի հետ:


Ֆրենկ Սինատրան Ծննդյան Տոների, թերևս, ամենահայտնի երգիչն է: Նրա կատարմամբ բազմաթիվ են երգերը, որոնք վաղուց դարձել են տոնական օրերի անբաժանելի մասն ու խորհրդանիշը: Աշխարհի տարբեր երկրներում եթերից, տոնական սեղանի պատրաստության մեջ մխրճված տներից, առևտրի մեծ ու փոքր կենտրոններից, ամենուր հնչում են նրա՝ Նոր Տարվա խորհրդանիշ դարձած «Let it Snow»-ն, «Jingle Bells»-ը, «The Christmas Waltz»-ը, «We Wish You The Merriest» դուետը, «The Christmas Song»-ը և այլ երգեր:

Ծննդյան տոներին նվիրված նրա առաջին ալբոմը թողարկվել է 1957 թ.: Այն կոչվում էր «A Jolly Christmas from Frank Sinatra»: 50-ականներին շատ հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Գորդոն Ջենկինսի նվագախմբի և բեք վոկալում՝ «Ralph Brewster Singers»-ի ուղեկցությամբ Սինատրան ստեղծեց Ամանորի լավագույն երաժշտական նվերների փունջը:  Սինատրան ուրախ նոր տարի էր մաղթում մարդկանց՝ ձմեռվա հեքիաթային շնչով, հեռավոր, բայց խաղաղ մի աշխարհից, որտեղից լսվում է սլացող սահնակի զանգակների մեղեդին,  բուխարու մեջ այրվող փայտի ճարճատյունը, երևում է պատուհանից նայող մոխրագույն երեկոն ու տաք գուլպաների մեջ նվերներ բաժանող մանուկների սիրելին:

«Capital Recods» ընկերությունը այս ալբոմը նոր շապիկով և փոփոխված վերնագրով վերաթողարկեց 1963թ.: Դրանից հետո որոշ փոփոխություններով կրկին լույս է տեսել մի քանի անգամ, տարբեր տարիների՝ 80-ականներին, 90-ականներին… առայժմ վերջինը 2010 թվականում է կանգ առել:

2004թ. թողարկվեց լեգենդար երգչի ևս մեկ տոնական ալբոմ՝ «Frank Sinatra Christmas Collection » հավաքածուն: Հին ու հայտնի երգերից մի քանիսի հետ այն ընդգրկում էր Սինատրայի՝ 1957-91թթ- ի ընթացքում ձայնագրված և մեծ մասամբ չթողարկված կամ քիչ հայտնի կատարումներ: Դրանք, ինչպես միշտ, գեղեցիկ էին ու տարբեր՝ ավանդականի, ջազի, փոփի և դասական ժանրերում, բոլորն էլ Ծննդյան Տոների թեմայով: Ունկնդիրներին շատ հայտնի և շատ սիրված երգեր կային այստեղ, որոնք վաղուց արդեն դարձել էին Սինատրայի ներկայությունը տոնական օրերում, Ամանորի անբաժան ուղեկիցը աշխարհի մեծ ու փոքր երկրներում: Այս հավաքածուում տեղ գտած «The Christmas Song» և «White Christmas« երգերը ձայնագրվել էին դեռևս 1954թ. հեռուստատեսային տոնական համերգ-ծրագրի ժամանակ:

Խաղարկային, մյուզիքլի ոճով այդ ծրագիրը հարուստ էր և բովանդակալից թե՛ երաժշտության, թե՛ մասնակիցների առումով: Սինատրան այստեղ հանդես էր եկել ամերիկացի մեկ այլ հայտնի երգիչ Բինգ Քրոսբիի հետ դուետով և  Նելսոն Ռիդըլի նվագախմբի նվագակցությամբ: Ալբոմում կան երգեր, որոնք Սինատրան կատարել է նաև Ֆրեդ Ուորինգի, Նենսի Սինատրայի, երգահան Ալան Բերգմանի և այլ երաժիշտների հետ:

Ահա «We Wish You The Merriest» և «Jingle Bells» դուետները՝ Սինատրայի և Բինգ Քրոսբիի կատարմամբ. Ամանորի բարեմաղթանք՝ ջազի, ակադեմիականի, փոփի և վերջապես Սինատրայի անկրկնելի ոճով:

«I Believe in Father Christmas». լեգենդար «Emerson, Lake & Palmer» պրոգրեսիվ ռոք խմբից Գրեգ Լեյքի անկեղծ խոստովանությունն էր այս երգը՝ նա հավատում էր Ձմեռ Պապին, սակայն…

Չնայած Լեյքը ամենևին էլ նպատակ չուներ այս երգով տոնական տրամադրությունների մեջ հիշվել, այնուամենայնիվ, Ամանորի առևտրատնտեսական մրցավազքը մերկացնող այս գործը դարձավ Ծննդյան Տոների՝ աշխարհում ամենահայտնի և լավագույն երգերից մեկը: Խոսքերի հեղինակը բրիտանացի երգահան և պրոդյուսեր Փիթեր Սինֆիլդն էր, երաժշտությունը՝ Գրեգ Լեյքի:

«I Believe in Father Christmas»-ը, որը անակնկալ հաջողություններ ունեցավ երաժշտական հիթ-շքերթներում, Նոր Տարվա  տոնի, նրա իրական խորհրդի առևտրականացման դեմ էր ուղղված: Մի հակասական իրականություն, որի շրջապտույտում արդեն վաղուց հայտնվել ենք նաև մենք՝ հայերս: Սինֆիլդի մեկնաբանությամբ երգը մանկության երազանքների և անմեղության կորստի մասին էր: Լեյքի համար «I Believe in Father Christmas»-ի հաջողությունը անսպասելի էր: «Այս երգը ստեղծելիս մենք երբևէ նպատակ չենք հետապնդել հիթային գործ ունենալ,- ասում էր Լեյքը,- մենք այն գրեցինք զուտ որպես ալբոմի կազմում ընդգրկվող հերթական մի գործ, որը, սակայն, անդրադառնում էր այն փաստին, թե ինչպես է աշխարհում ամենաբարի տոնը՝ Ամանորը, տոնական խորհրդից վերածվել մի հսկա ու զզվելի շոփինգոմանիայի»:

Ի՜նչ լավ է, որ Գրեյք Լեյքը չի եղել Հայաստանում և չի տեսել մեր տոնական սննդոմանիան:

«Soul Cake». հոգևոր բարիքներից թխված այս տոնական տորթի բաղադրատոմսը Սթինգը վերցրել է իռլանդական միջնադարյան խոհանոցից: Ժողովրդական ավանդույթներից մեկը համարվող այս մրգաշատ ու համով թխվածքը, չնայած իր իմաստային տարբերությանը, անձամբ ինձ հիշեցնում է հայկական հին Ամանորի Տարեհացը (Դովլաթով հացը), որի ավանդույթը  բարեբախտաբար դեռևս պահպանվում է մեր որոշ գյուղերում: Բրիտանական և իռլանդական մշակույթում, սակայն, այն բոլորովին այլ խորհուրդ ուներ: «Բոլոր սրբերի օր» անվամբ քրիստոնեական տոնի, Նոր տարվա կամ Հելոուինի օրերին աղքատներին,  հիմնականում որբ և մուրացիկ երեխաներին էր նվիրվում այդ թխվածքաբլիթը, որպես հոգու հաց կամ ծիսական քաղցր հաց՝ մեռյալների հոգիներին կամ նրանց հիշատակին: Նրանք երգելով շրջում էին դռնեդուռ, աղոթում մահացածի հոգու համար, ընտանիքի բարօրության,  նաև ընտանի կենդանիների համար բարեմաղթանքներ ասում և որպես օրհնանք ստանում մրգերով, աղանդերներով հարուստ Հոգու թխվածքաբլիթը: Ժողովրդական լեզվում դռնեդուռ գնալու այս երևույթը կոչվում էր soul-caking կամ souling, իսկ մարդիկ, ովքեր ստանում էին հացը՝ soulers:

Photo Soul Cake & Souling

Ահա ավանդական խաղիկի մի օրինակ՝

«A soul! a soul! a soul-cake!

Please good Missis, a soul-cake!

An apple, a pear, a plum, or a cherry,

Any good thing to make us all merry

One for Peter, two for Paul

Three for Him who made us all…»

Տոնը, հավանաբար, նախաքրիստոնեական ժամանակներից է գալիս, սակայն հետագայում որոշակի իմաստային փոփոխությամբ պահպանվել է նաև քրիստոնեական ծեսերում: Բրիտանիայում այն ավանդաբար և հետևողականորեն տոնվում էր մինչև 1930-ական թթ.` կաթոլիկների և բողոքականների համայնքում: Մի շարք երկրներում մինչ օրս պահպանվում է` Պորտուգալիա, ԱՄՆ, Իռլանդիա և այլն:  

Ավանդական և յուրահատուկ խորհրդով այս թխվածքը մի շատ գեղեցիկ երգ դարձավ Սթինգի ալբոմներից մեկում՝«If on a Winter՚s Night»–ում՝ «Soul Cake»-անունով և թողարկվեց 2009թ.:

Գլխավոր լուսանկարում` Ֆ. Սինատրայի «A Jolly Christmas from Frank Sinatra» ալբոմի շապիկի պատկերն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter