HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Ինտերնետը բիզնեսի շահութաբեր միջավա՞յր

Տարիներ առաջ Հայաստանում դժվար էր ընկալվում էլեկտրոնային կոմերցիա հասկացությունը եւ համակարգիչների ու ինտերնետի օգնությամբ շահութաբեր բիզնես ստեղծելու հավանականությունը: Այսօր այդ ընկալումը տարբերվում է: Օր օրի Հայաստանում համակարգիչներն էլ ավելի մեծ տարածում են ստանում: Մի քանի տարի առաջվա համեմատ, այսօր շատերն են կարողանում օգտվել նաեւ ինտերնետից: Ավելանում են նաեւ հայկական կայքերը, այդ կայքերում էլ ավելանում են այնպիսիները, որոնք առաջարկում են գնումներ կատարել օնլայն եղանակով:

Արտասահմանյան բազմաթիվ հաջողված կայքերի նմանատիպ գործարքներով ապրանքաշրջանառության եւ եկամուտների չափերը բազմակի անգամ գերացանցում են նույնիսկ խոշոր առեւտրային կազմակերպություններին: Մինչդեռ հայկական կայքերը դեռեւս հեռու են նման հեռանկարից:

Հայկական սակավաթիվ էլեկտրոնային խանութները այսօր զարգացման սաղմնային վիճակում են: Կարծիք կա, որ էլեկտրոնային խանութներից օգտվելու հիմնական խոչընդոտն այն է, որ մարդիկ ցանկանում են ապրանքը գնելուց առաջ այն շոշափել:

Սակայն հայկական ինտերնետ միջավայրում առկա գրեթե բոլոր խանութները չունեն այնպիսի վեբ-ինտերֆեյսեր, որոնք հաճախորդներին վստահություն ներշնչեն:

Խանութների մեծ մասը անվճար կամ վճարովի վեբ-ծրագրեր են, որոնք բեռնվում են ինտերնետից, մասամբ հայաֆիկացվում են եւ ոչ վերջնական վիճակով թողարկվում: Իսկ ապրանքների լուսանկարները կամ դրանց մասին տեղեկատվությունը այնպիսի մակարդակով չի ներկայացվում, որը փոխեր հաճախորդների այն պատկերացումը, թե ապրանքը գնելիս պետք է անպայման շոշափել:

Mamjan.com կայքի հիմնադիրները նշում են, որ իրենց բիզնես-նախագիծը սկսել են մշակել դեռեւս 2005 թվականից, սակայն Հայաստանում դրա կայացման համար միայն իրենց ցանկությունն ու նախաձեռնությունը բավարար չի եղել, քանի որ Հայաստանում այդ ժամանակ բացակայում էին մի շարք կարեւոր ցուցանիշներ' համակարգիչների լայն տարածում բնակչության բոլոր շերտերում, ինտերնետի տրամադրման մատչելի պայմաններ եւ ընդունելի որակը մեծամասնության համար, Էլեկտրոնային վճարման տարբերակների ձեւավորում եւ զարգացում, բնակչության մի մասի մոտ արտաքին ինտերնետային առևտրի փորձառության կուտակում, ավելի մեծ թվով քաղաքացիներ, որոնք կարեւորում են առեւտրի վրա ծախսվող ժամանակի եւ ջանքերի տնտեսումը:

Հայաստանում ամենահայտնի ինտերնետային խանութը, թերեւս, iphone.am-ն է, որը վաճառում է պահանջարկ ունեցող notbook-եր, ինչպես նաեւ մանր կազմտեխնիկա: Խանութը առատորեն օգտվում է Google-ի եւ Facebook-ի գովազդային ծառայություններից: Այս կայքը զարգանում է աստիճանաբար: Պարզ է կառուցված, պատասխանատու խանութի տպավորություն է թողնում: Հաճախորդը մտնում է կայք, գտնում է իր համակարգիչը, եթե ընտրում է այն, նշում է առանձնացված վիրտուալ զամբյուղի մեջ: Կայքում լրացնում է իր կոնտակտային տվյալները, ապա պատվեր տալիս:

Կայքը պատվերը ստանալուց հետո կապ է հաստատում իր հաճախորդի հետ' ճշտելու համար առաքման ժամն ու հասցեն: Երեւանում առաքումը կատարվում է անվճար, իսկ վճարումը կատարվում է տեղում' գնված ապրանքը ստանալուց և զննելուց հետո: Կայքը պոտենցիալ գնորդներին գրավելու համար առաջին էջում տեղադրել է հայտարարություն. «Եթե գնեք նոութբուք iPhone.am-ից և մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գործող խանութներում գտնեք նույն մոդելը ավելի էժան գնով, ապա մենք Ձեզ կվերադարձնենք գումարի տարբերությունը»:

Հայկական ինտերնետ-խանութների մեծ մասը հենց այդպիսի' ոչ ստանդարտ տարբերակով է աշխատում: Հաճախորդը մտնում է կայք, ընտրում ապրանքը, պատվեր ուղարկում, խանութը հեռախոսով ճշտում է պատվերը, առաքում, որից հետո կատարվում է վճարում կանխիկ եղանակով: Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու չտարածվածության պատճառը դարձյալ մարդկանց անվստահությունն է, ինչպես նաեւ հայկական ինտերնետ-բանկինգի ոչ հանրաճանաչ լինելը: Մարդիկ շատ հաճախ նաեւ չեն վստահում իրենց պլաստիկ քարտերի տեղեկատվությունը տրամադրել գործարքի կատարման համար:

Ինտերնետ վճարային համակարգ

2008 թվականին Հայաստանում հիմնադրվում է «Իդրամ» վճարային համակարգը, որի նպատակն է ինտերնետ միջավայրում զարգացնել դրամական փոխանցումների եւ այլ վճարումների իրականացման հնարավորությունները: Այսօր հայկական մեկ տասնյակից ավելի խանութներ օգտվում են համակարգի ծառայություններից: Վճարման համակարգի միջոցով հնարավոր է ոչ միայն հայկական ինտերնետ-խանութներից գնումներ կատարել, այլեւ մարել հարկերն ու վարկերը, լիցքավորել բջջային հեռախոսները, կատարել կոմունալ ծառայությունների վճարումները, իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ' Coinstar Money Transfer և Blizko դրամական փոխանցումների համակարգերով: Ծառայությունից օգտվելու համար օգտագործողները պետք է գրանցվեն համակարգում, լիցքավորեն հաշիվը մի քանի եղանակներով (Իդրամ քարտեր, կանխիկ լիցքավորում, վճարային տերմինալներ, պլաստիկ քարտեր, առցանց փոխանակում, բանկային փոխանցում), ապա օգտվեն ծառայություններից:

Գրախանութներն ինտերնետում

Հայաստանում ամենատարածված ինտերնետ խանութները գրախանութներն են (book.am, books.am buybook.am): Book.am կայքը հայկական գրավաճառ ընկերության ինտերնետային էջն է: Գրավաճառ ընկերությունը ստեղծվել է 2005 թվականին ' «Զանգակ -97» հրատարակչության նախաձեռնությամբ: Կայքը առաքում է կատարում Հայաստանի եւ արտասահմանյան երկրների տարածքներում: Գնումների վճարումները կատարվում է մի քանի տարբերակով' վերադիր վճար' եթե պատվերի առաքումը կատարվում է փոստային համակարգով, կանխիկ վճար' եթե պատվերի առաքումը կատարվում է առաքիչի միջոցով (Երեւան քաղաքում), բանկային փոխանցում Book.am-ի հաշվեհամարի վրա: Միջազգային վճարային քարտերից գանձումը կատարվում է 2checkout.com ընկերության միջոցով: Իսկ Books.am կայքը հանդիսանում է «Գրքերի աշխարհ» գրախանութների ցանցի ինտերնետ-հարթակը, որտեղ վաճառվում են բոլոր այն գրքերը, որոնք առկա են գրախանութների ցանցում:

շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Նարեկ
Վերջերս ստեղծվել է նոր ինտերնետ խանութ, որը աշխատում է դեռևս Ղարաբաղի տարածքում, www.bestmarket.am: Խանութում չեն գործում վճարային համակարգեր, գնորդը վճարում է առձեռն, գնված ապրանքի առաքման դեպքում առաքիչին: Դա հնարավորություն է տալիս գնորդին տեղում ստուգել գնված ապրանքի որակը: Իսկ գնված ապրանքի առաքումը իրականացվում է 24 ժամվա ընթացքում:
Էլեն Ախնոյան
Բարև Ձեզ, ինձ հետքրքրում են տեղեկություններ էլեկտրոնային բիզնեսի և վճարման համակարգի մասին ծրագրային մակարդակում: Պատրաստվում եմ գրել կուրսային աշխատանք այդ թեմայով և ցանկանում եմ ունենալ տեղեկություններ նաև Հայաստանում իրականացվող էլեկտրոնային բիզնեսի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
ArCa
Իսկ ինչու չեք նշել www.arca.am վճարային համակարգը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter