HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամասիա խոշորացված համայնքի կազմում ընդգրկված գյուղերում կան բազում չլուծված խնդիրներ

Շիրակի մարզի Ամասիա բնակավայր տանող ճանապարհները, չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին, բաց են ու անցանելի: «Բաց են նաեւ Ամասիա փնջի կազմում ընդգրկված մյուս 8 գյուղերի ճանապարհները,- վստահեցնում է խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ջեմմա Հարությունյանը,- աշխատել ենք, որ հատկապես դպրոց, գյուղապետարան, բուժկետ տանող ճանապարհները լինեն անցանելի, միայն գյուղ մտնող ճանապարհները չէ, որ բացել ենք»:

Հայաստանի հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով, հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ամասիայի նախկին վարչատարածքում ձեւավորվել է երկու փունջ՝ Ամասիա եւ Արփի: Ամասիա փնջում ընդգրկվել են Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան, Հովտուն, Բյուրակն, Մեղրաշատ, Ողջի եւ Ամասիա համայնքները: Այս փնջում պետք է լիներ նաեւ Ամասիայից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Հողմիկ գյուղը, սակայն բնակիչները չէին համաձայնվել՝ պնդելով, որ գյուղը միացվի Սարապատ փնջին:

Ջեմմա Հարությունյանը

«Գյուղացիների հետ հանդիպել է տարածքային նախարար Լոքյանը, խոսել է հետները, բայց պիտի ասեմ, որ միանշանակ բոլորի ցանկությունը չի եղել Սարապատ փնջին միանալը, մի մասն ամեն դեպքում կողմ է եղել Ամասիայի տարբերակին, բայց դե երեւի մեծամասնություն չեն կազմել:- ասում է Ջեմմա Հարությունյանը,- Ես կարծում եմ, որ հողմիկցիների համար ասենք բանկի, պոլիկլինիկայի, զագսի ծառայություններից օգտվելու համար ավելի նպատակահարմար կլիներ Ամասիա գալը, քան գնան հասնեն Գյումրի կամ Աշոցք»:

Դեկտեմբերի 7-ից Ամասիա համայնքի կազմում ընդգրկված գյուղական բոլոր բնակավայրերում նշանակվել են լիազոր ներկայացուցիչներ: Այդ նպատակով համայնքների բնակիչների հետ տեղերում կազմակերպվել են հանդիպումներ: Գյուղերից երկուսում՝ Արեգնադեմում եւ Ողջիում, ի տարբերություն մյուս գյուղերի, նախկին գյուղապետերը որպես լիազոր ներկայացուցիչներ չեն ընտրվել: Ջեմմա Հարությունյանի փոխանցմամբ՝ դա եղել է գյուղացիների ցանկությունը: Հանգամանքը, որ կոնկրետ Արեգնադեմի համայնքապետ Աղուն Հազրյանը ՏԻՄ ընտրություններում իր մրցակիցներից մեկն էր եւ պայքարում էր խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար, դերակատարում չի ունեցել:

«Ես ինքս ոչ մի միջամտություն չեմ արել, իր համագյուղացիները չեն ուզել: Պիտի ասեմ, որ անցած ընտրություններում Արեգնադեմի նախկին համայնքապետն իր սեփական գյուղում նույնպես շատ ձայն չէր հավաքել՝ ընդամենը 86 ձայն: Արեգնադեմցիների առաջարկով իրենց գյուղում լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Աշոտ Պողոսյանը, ով Ջրաձորի դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ է աշխատում»: Ողջիում բնակիչների հետ մեկի փոխարեն երկու հանդիպում-քննարկում է եղել: Գյուղը նախկինում ադրբեջանաբնակ է եղել: Երկրաշարժից հետո այստեղ բնակություն են հաստատել Գյումրիից, Բաքվից, Ջավախքից եւ այլ գյուղերից տեղափոխված ընտանիքներ: Բնակչությունը բավականին խայտաբղետ է եւ ընդհանուր հայտարարի գալը ներկայացուցչի առումով բավականին բարդ է եղել: Ի վերջո ողջեցիները համաձայնվել են, որ իրենց լիազոր ներկայացուցիչը լինի ԳԱՄԿ-ի նախկին աշխատակից Նորիկ Մկրտչյանը: Մյուս 6 գյուղերում լիազոր ներկայացուցիչներ են ընտրվել նախկին համայնքապետերը:

Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասում է, որ միացված համայնքների խնդիրները համեմատաբար ավելի շատ են: «Եթե Ամասիայում որոշ չափով լուծված են գիշերային լուսավորության, փողոցների բարեկարգման հարցը, սոցիալ-տնտեսական զարգացման համար ամեն ինչ ունի՝ դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, սպորտ դպրոց, վերջերս կառուցվեց նաեւ ֆուտբոլի դաշտ, գործում է պրոֆտեխուսումնարան եւ այլն, ապա բնակավայրեր ունենք, որ անգամ լուսավորության հարցը լուծված չէ այսքան տարիների ընթացքում»,- ասում է Ջեմմա Հարությունյանն ու բերում Ողջիի օրինակը, որ գտնվում է հայ-թուրքական սահմանից ոչ մեծ հեռավորության վրա, չունի լուսավորության ցանց, ճանապարհները եւ ոռոգման ցանցը գտնվում են շատ վատ վիճակում: Սահմանամերձ Մեղրաշատում եւս խնդիրները քիչ չեն, իսկ Հովտունն անտեսված բնակավայրերի ցուցակում կարող է հանգիստ գլխավորել առաջին հորիզոնականն իր բազում «չկա»-ներով:

Առաջնահերթ բարեկարգվելու են միջհամայնքային ճանապարհները

Խոշորացված համայնքի մոտ 128 մլն դրամ կազմող բյուջեով միաժամանակ 9 բնակավայրերում որեւէ ծրագիր իրականացնելն անհնար է՝ սա շատ լավ հասկանում է նաեւ Ամասիայի նորընտիր ղեկավարը: Համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը գրեթե պատրաստ է, իրականացվելիք մի շարք միջոցառումներ արդեն հստակեցված են: Որոշել են ամեն տարի գոնե մեկ-երկու ծրագիր անել՝ առաջնահերթությունը տալով բնակիչների համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող խնդիրներին: Բնակավայրերի մեծ մասը գազիֆիկացված չեն: Հանդիպումների ժամանակ բնակիչները այս հարցն էլ են բարձրացրել, թեպետ չեն բացառել, որ ձմռանը տները շարունակելու են ջեռուցել ավանդական եղանակով՝ փայտ եւ աթար վառելով:

«Նախ անպայման բարեկարգելու ենք Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն-Ամասիա ճանապարհը, որ սարսափելի վիճակում է եւ անհնար է երթեւեկելը:-ասում է  Ջեմմա Հարությունյանը,-Առաջնահերթ եմ համարում նաեւ Հովտուն եւ Մեղրաշատ բնակավայրերը ջրարբիացման ծրագրում ընդգրկելու հարցը: Այս պահին այդ ծրագրից օգտվում են միայն Ամասիան, Արեգնադեմն ու Գտաշենը: Մյուս գյուղերը եւս հետագայում կընդգրկվեն, որովհետեւ շրջանն անասնապահական է, օրինակ Հովտունում մեծ քանակությամբ անասուն են պահում, բայց արոտավայրերում խմոցներ չկան»:

Ջեմմա Հարությունյանը ցանկանում է նաեւ կենտրոնը 5 բնակավայրերին կապող ավտոբուսային ուղերթի հարց լուծել, գոնե շաբաթական երկու օր հաճախությամբ: Մեկ ուղղությունը կլինի Ամասիա-Բանդիվան-Հովտուն, մյուսը՝ Ամասիա-Բյուրակն-Մեղրաշատ-Ողջի ուղղությամբ: 2017թ.-ին USAD-ի կողմից տրամադրվող 247 մլն դրամով ձեռք են բերելու 17 միավոր գյուղտեխնիկա: Այս ծրագիրը խոշորացված համայնքների համար համարվում է յուրատեսակ ներդրում: Առաջիկայում կառավարության կողմից սոցիալական ծրագրերի իրականացման խոստումներ եւս հնչել են: Որոշ ծրագրեր էլ կշարունակեն իրականացնել Երեւանում գործող «Ամասիա» հիմանդրամի աջակցությամբ:

Աղբահանության հարցը եւս փնջի մեջ ընդգրկված բնակավայրերում բարձիթողի վիճակում է: Ամասիայում մի քանի տարի առաջ այդ խնդիրը լուծում ստացավ: Համայնքի տարածքում շրջելիս կարելի է նկատել նոր աղբամաններ: Փողոցները եւս մաքուր են, կատարվում է կանոնավոր աղբահանություն: Ջեմմա Հարությունյանը մտադիր է սկզբի համար շաբաթական երկու անգամ Ամասիայի աղբատար մեքենան ուղարկել միացված բնակավայրեր՝ աղբահանություն իրականացնելու նպատակով, մինչեւ որ կարողանան ամեն մի գյուղի համար խնդիրն առանձին կարգավորել:

Ամասիայում չկա դեղատուն եւ վարսավիրանոց

6300 բնակիչ ունեցող Ամասիա բնակավայրում չկա դեղատուն եւ վարսավիրանոց: «Մի քանի տարի առաջ անձամբ ես բացեցի դեղատուն, բայց չկարողացանք աշխատեցնել, որովհետեւ բժիշկ չունեինք, բացի դրանից էլ միայն ասկոֆեն-անալգին էր ծախվում, իսկ դրանով դու չես կարող ոչ հարկերդ մուծես, ոչ աշխատավարձ տաս:- նկատում է Ջեմմա Հարությունյանը,- Հիմա որոշել եմ դիմել Գյումրիում գործող դեղագործական երկու խոշոր կազմակերպություններին, տեսնենք որ մեկը կհամաձայնվի, մենք տեղը տանք, քանի որ կա արդեն, իրենք կազմակերպեն գործը, որ մարդիկ ամենահասարակ ցավազրկողի համար չհասնեն Գյումրի»:

Վարսավիրանոց ունենալու հարցն առայժմ անլուծելիների շարքում է: Ամասիայի պրոֆտեխուսումնարանում սովորող աղջիկներից ոչ ոք դեռեւս ցանկություն չի հայտնել համայնքում սեփական գործը սկսել: «Հույս ունեմ, որ մի երկուսը կդիմեն՝ տեղ կտանք, կաշխատեն: Մեծ համայնք է, բայց փաստորեն տարրական բաներ չունենք, որ առօրյա անհրաժեշտություն է,- նեղվում է կին ղեկավարը,- համ էլ գործատեղ կստեղծվի, այնպես չէ էլի, որ Ամասիայում մարդկանց զբաղվածության հարցը 100 տոկոսով լուծված է»:

Ամասիայում չկա հիվանդանոց, միայն համաբուժարանն է գործում, որտեղ երկու բժիշկ են աշխատում եւ մի քանի բուժքույր: Մեկ տարի առաջ փակվել է ծննդաբերական բաժինը: Համայնքի ղեկավարը որոշել է պատկան ատյանների ուշադրությունը հրավիրել Ամասիայում գործող բուժհաստատությունը մասնագետներով ապահովելու խնդրի վրա, որ կարողանան լիարժեք ծառայություններ մատուցել:

Հարցնում եմ նաեւ հայ-գերմանական համատեղ WKS ընկերության՝ տարիներ առաջ Ամասիայում հիմնված կարի գործարանի մասին: «Եթե չեմ սխալվում, մի 20-25 հոգի տեղացի կանայք են աշխատում՝ հիմանակնում կարող-բանվորուհիներ են, վարպետները գալիս են Գյումրիից: Շատ ցածր աշխատավարձ են ստանում՝ 15-25 հազար դրամ, էնքան, որ գործ չկա՝ ճարահատյալ աշխատում են: Ի՞նչ է նշանակում աշխատես 6 ժամ ու ստանաս 15 հազար դրամ աշխատավարձ: Որ հարցնում ես գործարանի տիրոջը, ասում է՝ որակ չեն ապահովում: Բայց արդեն 6 տարի է՝ աշխատում են, լավ, ոչ մի բան չսովորեցի՞ն էս ընթացքում, չեմ հասկանում»,-տարակուսում է Ջեմմա Հարությունյանը:

Ամասիայում պահպանված բազմաբնակարանների կտուրների ու քայքայված մուտքերի չարչրկված հարցը եւս օրակարգում է: Եթե մի երկու շենքի կտուր նախորդ տարիներին վերանորոգվել է համայնքի բյուջեից հատկացված գումարներով, ապա մուտքերի մասով ընդհանրապես ոչ մի գործ չի արվել: «Դեռ հաշվարկ չենք կատարել, սակայն անգամ մեկ շենքի 4 մուտքի հիմնանորոգումն արդեն իսկ մեծ գումար է: Բայց տարբերակ չունենք, պետք է անենք, որովհետեւ դրանք աչքի առաջ պարզապես փլվում են, նկուղները եւս վատ վիճակում են»,-նկատում է Ջեմմա Հարությունյանը:

Նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն արտագաղթի մեղմացմանը

Փակ դռների «շքերթը» բավական տխուր տպավորություն է թողնում հատկապես բնակելի շենքերի հարկերով անցնելիս: Դրանցից շատերը, շենքի հնաբնակների տեղեկացմամբ, 7-10 տարի է՝ փակ են եւ դժվար էլ երբեւէ բացվեն հին կամ նոր տանտերերի համար: «Տերերը ոչ կարողանում են ծախել՝ առնող չկա, ոչ էլ ուզում են հետ գան ապրեն,- ասում է բազմաբնակարան շենքերից մեկում ապրող Գ.Թ.-ն,- աշխատանք չկա՝ մարդիկ ձգտում են ինչքան հնարավոր է՝ փախնեն էստեղից»:

Արտագաղթի հարցն անհանգստացնում է նաեւ համայնքի ղեկավարին: Ջեմմա Հարությունյանն ասում է, որ Ամասիայում գաղափակ կա «էկո խալիներ» արտադրելու, որը լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կտա. «Ուզում ենք հենց բնական թելով գործել՝ առանց ներկելու, քանի որ ոչխարները տարբեր գույների են, ապա կարծում ենք խալիներն էդքան էլ միատոն ու տխուր չեն ստացվի: Մասնագետներ էլ կան, մնում է ճախարակներ ճարենք հարմար: Փոքր խալիներ են լինում, ծավալային գործեր չենք անելու: Բուրդը մարդիկ կարող են անվճար էլ տրամադրել, մնում է լվացողի ու գործողի հարցը: Կարծում եմ՝ սկզբնական շրջանում մի 5-6 հոգի կարող են զբաղվել այդ գործով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter