
«Սերվիսային» մտածողության հետեւանքները
Իշխանական կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսություն սկսելու հարցում միջնորդ դառնալու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկությունը միանգամից մի քանի ենթատեքստ է պարունակում:
Նախ' հարց է առաջանում. ի պաշտոնե նա ունե՞ր նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք: ՄԻՊ-ի գործունեության իրավական հիմքը ՀՀ Սահմանադրության 83.1 հոդվածն է, որով սահմանվում է, որ օմբուդսմենը «...իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»:
Իր այս միակ գործառույթն իրականացնելու համար «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով իրականում ընդամենը երեք մեխանիզմ է նախատեսված: Ընդունել եւ ընթացք տալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձնանց կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացվող բողոքներին, հանգես գալ ՄԻ մասին առանձին հարցերի հետ կապված պարզաբանումներով եւ տարեկան կտրվածքով ներկայացնել օմբուդսմենի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին ընթացիկ կամ արտահերթ զեկույցներ: Օրենքում միջնորդության անգամ հնարավորության մասին ոչ մի խոսք չկա:
Կարելի է, իհարկե, եզրակացնել, որ իր գործունեության բնույթով նա յուրօրինակ միջնորդի դեր է կատարում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիների միջեւ, բայց բացառապես քաղաքացու իրավունքների եւ ազատությունների շրջանակներում:
Ավելին, օրենքի 7-րդ հոդվածով, որը վերաբերում է պաշտպանի' քննարկման ենթակա բողոքներին, հստակ նշվում է, որ «Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները»:
Այսինքն' բացի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից` պաշտոնատար անձանց կողմից մարդկանց իրավունքների խախտման դեպքերի հետ պաշտպանն օրենսդրորեն առհասարակ չի կարող գործ ունենալ: Մինչդեռ տվյալ դեպքում ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ իշխանական կոալիցիան ոչ միայն պետական մարմիններ, այլեւ անգամ իրավաբանական անձինք չեն: Չկա նաեւ պաշտպանի գործունեության հիմքը' մարդու խախտված իրավունքների հանգամանքը:
Հետեւաբար, ի պաշտոնե Կարեն Անդրեասյանը նման նախաձեռնություն ցուցաբերելու որեւէ իրավական հիմք չունի' չնայած պնդում է, թե կարող է հակառակն ապացուցել' հղում կատարելով օրենքի 2-րդ հոդվածին:
Խնդիրն այն է, որ այս հոդվածով նախատեսվում է, որ պաշտպանը մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն իրականացնում է «օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքների» հիման վրա:
Նա, թերեւս, փորձում է կառչել «հասարակական համակեցության» եւ «սոցիալական արդարության» ձեւակերպումներից, որոնք, չափազանց ընդհանրական հասկացություններ լինելով, կարող են տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ եւ արդարացնել ցանկացած քայլ, գործողություն, հայտարարություն: Բայց անգամ այս դեպքում դժվար է ապացուցել, որ այդ հասկացությունները կարող են քաղաքական ուժերի միջեւ միջնորդ դառնալու իրավական հիմք ապահովել:
Այստեղից էլ հաջորդ հարցը. արդյոք պաշտպանն այս քայլն անելիս հաշվի չէ՞ր առել, թե որքան խարխուլ են իր փաստարկները, եւ թե ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ անձնապես իր եւ պաշտպանի ինստիտուտի համար:
Չի կարելի բացառել, իհարկե, որ Կ. Անդրեասյանն այդ առաջարկությունն արել է իրապես հակընդդեմ երկու քաղաքական բեւեռի միջեւ շփման աղերսներ գտնելու եւ չվերացող հասարակական բեւեռացվածությունը չեզոքացնելու միանգամայն բարի մտադրություններով ու իր ուժերի նկատմամբ մեծ ինքնավստահությամբ:
Երիտասարդ գործչի համար սրանք, իհարկե, դրական բնութագրիչներ են: Սակայն խնդիրն այն է, որ անգամ հասարակության շահերից բխող գործողությունները պետք է լինեն պաշտոնյայի իրավասությունների շրջանակներում. հակառակ դեպքում դրանք վերածվում են ինքնագործունեության, որոշ դեպքերում' նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահման:
Սակայն, այս քայլը բխել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ անձամբ Կարեն Անդրեասյանի պատկերացումներից: Դեռ երկու ամիս առաջ Ազգային ժողովում նա հայտարարեց. «Ինձ համար մարդու իրավունքների պաշտպանությունը ծառայություն է, սերվիս, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով, ցանկացած քաղաքացու եւ ցանկացած մարդու»:
Օմբուդսմենի աշխատանքն ինչ-որ չափով իսկապես ծառայություն է հիշեցնում: Սակայն նման մոտեցումը սահմանափակում է ՄԻՊ ինստիտուտի իրական նշանակությունը: Իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ կարելի է մատուցել բոլորին' անկախ նրանից' խախտվե՞լ են մարդկանց իրավունքները, թե՞ ոչ, եւ ում կողմից են խախտվել: Եթե այն սոսկ սերվիս լիներ, ապա ՄԻՊ ինստիտուտ հնարելու կարիք առհասարակ չէր լինի. այդ ծառայությունները փայլուն կերպով կմատուցեին փաստաբանները:
Պատահական չէ, որ օրենքը, ինչը նաեւ առհասարակ միջազգային պրակտիկայում է կիրառվում, նախատեսում է, որ մարդու իրավունքների պաշտպանը լինի լայն հասարակայնության մեջ հեղինակություն վայելող որեւէ մեկը, ով իր տեսակով, հասարակական վստահության ներուժով կարող է ազդել առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության գիտակցման արմատավորման վրա թե հասարակության եւ թե պետության ու պետական ծառայողների շրջանում:
Պարզապես ծառայություն մատուցելով' համապետական ու հասարակական նշանակության այսպիսի գործառույթ ուղղակի անհնար է իրականացնել, այն էլ Կ. Անդրեասյանի պարագայում, ում, բացի լրագրողական եւ փաստաբանական շրջանակներից, շատ քչերը գիտեին, եւ ով հաստատապես հասարակական լայն վստահության, առավելեւս հեղինակության ռեսուրս չունի:
Այսինքն' ստացվում է, որ այդ գաղափարախոսությանը հարմարվելու փոխարեն նոր պաշտպանն իր այս առաջարկով այդ գաղափարախոսությունն ու սկզբունքներն է հարմարեցնում իրավունքների պաշտպանության մասին իր պատկերացումներին:
Սա, իսկապես, աղետալի հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ աղավաղվում է մի ողջ համակարգի փիլիսոփայության իմաստը, եւ վերջնարդյունքում կարող է հանգեցնել առհասարակ այնպիսի իրավիճակի, երբ օմբուդսմենի ինստիտուտը վերածվի պարզապես կույր աղիքի, որը հարկավոր չէ ոչ հասարակությանը, ոչ պետությանը եւ ոչ էլ շարքային քաղաքացուն:
Թե ինչի վրա էր հույս դրել օմբուդսմենը, նաեւ մոտիվացիայի եւ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից է դժվար ըմբռնելի:
Չի կարելի բացառել, որ նա միամտաբար այդպիսով փորձել է անձամբ իր եւ ՄԻՊ-ի հասարակական-քաղաքական կշիռը, պահանջարկը բարձրացնել' հաշվի առնելով իր մասին առկա ոչ միանշանակ կարծիքն ու վերաբերմունքը: Սակայն միջնորդության առաջարկություն ներկայացնելը, այն էլ այս ձեւով, այս հիմնավորմամբ եւ այս պահին, դրա համար լավագույն տարբերակը չէր:
Նախ' Անդրեասյանն այն հեղինակությունը չէ, որին ՀԱԿ-ը եւ իշխանությունը միջնորդի դեր վերապահեն, անգամ եթե դրա կարիքը խիստ ունենային: Փաստն այն է, սակայն, որ մասնավորապես ՀԱԿ-ը դրա կարիքն առհասարակ չունի, որովհետեւ, մեծ հաշվով, ոչ թե երկխոսելու, այլ այդ ճանապարհն օգտագործելով' իշխանության նկատմամբ ճնշումները մեծացնելու եւ իշխանափոխություն իրականացնելու շատ հստակ նպատակ ունի:
Իսկ դրա համար միջնորդներն ավելորդ խողովակ ու գլխացավանք են: Իշխանությունը, բացառապես երկխոսության համատեքստում, եւս դրա կարիքը չունի: Բայց ահա զուտ մարտավարական նկատառումներով պաշտպանի ինստիտուտը ՀԱԿ-ի դեմ շատ նուրբ ու նյարդային շախմատային պարտիայում օգտագործելու կարիք կարող էր ունենալ:
Ուշագրավ է, որ Կարեն Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնում միջնորդի դեր կատարել «Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ»: Իրականում ՀԱԿ-ի խնդիրը ոչ թե իշխող կոալիցիան է, այլ երկրի ղեկավարը` Սերժ Սարգսյանը, ով իր իշխանությունն ամրապնդելու համար է ստեղծել ու վերահաստատել կոալիցիան:
Սա, ըստ էության, ձեւաչափի փոփոխության նախաձեռնություն կարելի է համարել' ՀԱԿ-Սերժ Սարգսյանի փոխարեն ՀԱԿ-կոալիցիա անցումով, ինչը միայն Սերժ Սարգսյանին խաղից հանելու եւ այդպիսով երկխոսության մակարդակն իջեցնելու խնդիր է լուծելու:
Նման մարտավարական քայլը նպատակ ունի օրակարգից հանել արտահերթ նախագահական ընտրությունների հարցը' իբրեւ այլընտրանք դիտարկելով ծայրահեղ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Որովհետեւ անհնար է պատկերացնել, թե ինչպես է կոալիցիա-ՀԱԿ ձեւաչափով քննարկվելու նախագահին հրաժարական պարտադրելու, նոր արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը:
Այս «տրյուկի» իմաստը ՀԱԿ-ում, կարծես թե, հասկացել են: Պատահական չէր հետագայում երկխոսության համար իշխանության պատվիրակության կազմում պաշտպանին ներգրավելու մասին խայթող ակնարկը: Ուստի, կարելի է եզրակացնել, որ անգամ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը նոր, հուժկու հարված հասցնելու գնով նետված այս խայծը որսացուն կուլ չտվեց:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Մեկնաբանել