HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

«Ֆեյսբուք»-ի բիզնես առաջարկը տեսանյութ հրապարակողներին

Ակտիվ օգտատերերի քանակով ամենամեծ սոցիալական ցանցը համարվող «Ֆեյսբուք»-ը կփորձարկի տեսանյութերի ընթացքում գովազդներ ցուցադրելու քաղաքականությունը, որը տեսանյութեր հրապարակողներին հնարավորություն կտա դրանցում գովազդներ զետեղել մեկնարկից առնվազն 20 վայրկյան հետո: Այս մասին գրել է recode կայքը` հղում անելով «Ֆեյսբուք»-ի իր աղբյուրներին:

«Ֆեյսբուք»-ը, ըստ այդմ, կվաճառի գովազդները և եկամտի 55%-ը կտրամադրի հեռարձակողներին: Այս հարաբերակցությունն է գործում նաև «Յութուբ»-ում, որը գերիշխող է առցանց տեսանյութերի գովազդների ոլորտում:

Թեև «Ֆեսյբուք»-ն ավելի ու ավելի շատ է առաջնահերթություն տալիս տեսանյութերին վերջին մի քանի տարիների ընթացքում, ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն արգելել էր դրանց սկզբում գովազդներ ցուցադրել, ինչն անում են այս բիզնեսի մյուս հիմնական ներկայացուցիչները: Այդ պատճառով հեռարձակողները չէին կարողանում ուղղակիորեն գումար ստանալ տեսանյութերի տարածումից, թեև դրանց ստեղծման համար շատերը մեծ ռեսուրսներ էին ծախսում: Նախկինում այս մեթոդը փորձարկվել է ուղիղ միացումների դեպքում, և հեռարձակողները հնարավորություն էին ստացել եկամուտ ստանալ` տարածելով գովազդային հոլովակներ:

Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել recode-ի` երկուշաբթի հրապարակած տեղեկությունը, սակայն երեկ տարածած հայտարարությամբ ըստ էության հաստատել է այն` հայտնելով ուղիղ միացումների ժամանակ կիրառվող պրակտիկան այլ ֆորմատի տեսանյութերի համար կիրառելու մտադրության մասին: Այս մասին Poynter-ի հետ զրույցում աշնանը ակնարկել էր նաև «Ֆեսյբուք»-ի փոխնախագահ Դեն Ռոսը:

Նոր գովազդների պարամետրերը, ըստ recode-ի, նաև ցույց են տալիս, որ սոցցանցը ավելի շատ կարևորում է տեսանյութեր դիտելու ժամանակը, քան դիտված տեսանյութերի ընդհանուր քանակը:

«Ֆեյսբուք»-ը հաշվարկում է ցանկացած դիտում, որը գերազանցում է 3 վայրկյանը: Սա մեծ քննադատություն է առաջ բերել մեդիա բիզնեսի ոլորտում հատկապես այն բանից հետո, երբ տեսանյութերը սկսեցին միանալ ինքնաբերաբար` օգտատերերի լրահոսում հայտնվելուն պես:

Տեսանյութերում գովազդները կհայտնվեն առնվազն 20 վայրկյան դիտելուց հետո: Դեռևս չի նշվում, թե որքան կլինի դրանց տևողությունը, սակայն հաղորդվում է, որ կարող են օգտագործվել միայն այն տեսանյութերում, որոնք առնվազն 90 վայրկյան տևողություն ունեն: ««Ֆեյսբուք»-ն ասում է հեռարձակողներին, որ գումար աշխատելու համար նրանք պետք է պատրաստեն տեսանյութեր, որոնք կարճ չեն և պահում են օգտատիրոջ ուշադրությունը»,- գրում է recode-ը:

Անցած տարվա հուլիսին, չնայած վերջին եռամսյակում գովազդից ստացած 6,2 մլրդ դոլարի եկամուտին, ընկերությունը հայտարարել էր, որ օգտատերերի լրահոսում գովազդ ցուցադրելու տեղերն արդեն չեն բավարարում, հետևաբար կարիք կլինի նոր օգտատերեր ներգրավել և մտածել ավելի արդյունավետ գովազդների մասին` ավելի թանկ վաճառելու համար: Այլընտրանքային գովազդների կիրառման մասին չորեքշաբթի հայտարարել է նաև «Ֆեյսբուք»-ին պատկանող Instagram-ը, որտեղ գովազդները կհայտնվեն լուսանկարներից ու տեսանյութերից ստեղծված պատմությունների (Stories) միջև: Չի բացառվում, որ առաջիկայում գովազդներ հայտնվեն ընկերությանը պատկանող այլ ծառայություններում ևս, ինչպիսիք են Oculus-ը, Messenger-ը, WhatsApp-ը:

Ինչ վերաբերում է ընկերության վերջին նախագծին, «Ֆեյսբուք»-ը նշում է, որ այն ավելի սերտ կապեր կսահմանի սոցցանցի և նորությունների արդյունաբերության միջև: Ծրագիրը կոչվում է «Ֆեյսբուքի լրագրողական նախագիծ» և վերաբերում է տեղեկատվամիջոցների հետ համագործակցությանը (հատկապես ուղիղ միացումները, 360 տեսանյութերը և «ակնթարթային հոդվածները» բարելավելու միջոցով), լրագրողների վերապատրաստմանը և ընթերցողների մեդիագրագիտությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter