HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի գրադարանների հիմնական խնդիրները. համալրումը, համակարգիչը և ինտերնետ կապը

Հայաստանի Ազգային գրադարանը տարբեր միջոցառումներ է ձեռնարկել' նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին: Առաջինը նշանավորվել է Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում' Նժդեհին նվիրված ցուցահանդեսի բացումով:

Ապրիլի 26-27-ին Գարեգին Նժդեհին նվիրված ցուցահանդեսը Շրջիկ գրադարանով ներկայացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ ամփոփված են հերոսի մասունքները: Ազգային գրադարանից ժամանած պատվիրակությունը, փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցել են Տաթևում մեկնարկած գիտաժողովի շարունակությանը, ծաղիկներ դրել Գ.Նժդեհի հուշահամալիրին: Գիտաժողովի երկրորդ նիստի ընթացքում, որը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, հնչեցին զեկույցներ' «Կզնութ գյուղի Տեր-Հարությունյանների տոհմը», «Նժդեհը 1912թ. ՀՅԴ դատավարության նյութերում», «Լեռնահայաստանի սահմանների հարցի շուրջ», «Գ.Նժդեհի 1921թ. Թավրիզի դատավարությունը» և այլ թեմաներով:

Հետաքրքիր քննարկում ծավալվեց Գ. Նժդեհի ծննդավայրի հարցի շուրջ: Գիտաժողովի ընթացքում կարևորվեց սյունեցիների դերը Գ.Նժդեհի գլխավորությամբ կազմակերպված ազատագրական պայքարի գործում: Շատերը նկատեցին, որ անվերջ կարելի է խոսել Գ.Նժդեհի, որպես ռազմական, քաղաքական գործչի, փիլիսոփայի մասին, ում համար ազգային շահը վեր էր ամեն ինչից: Գիտաժողովի ավարտին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գիտական նստաշրջանի կազմակերպիչներին և առաջարկեց Սյունիքում անցկացնել ևս մեկ գիտաժողով' այս անգամ նվիրված Սյունիքի պատմության մյուս էջերին:

Առաջարկ եղավ նաև հրատարակել գիտաժողովի նյութերը: Գիտաժողովի ավարտից հետո պատվիրակներն այցելեցին Կապանի ժամանակակից արվեստի թանգարան:

Նժդեհին նվիրված ցուցադրությունը Կապանում ներկայացնելուց բացի Հայաստանի Ազգային գրադարանը շուրջ 2000 միավոր գրականություն է նվիրել Սյունիքի մարզային, Կապանի համայնքային, Մեղրիի քաղաքային, Քաջարանի, 9 գյուղական գրադարաններին և Մեղրիի զորամասին: ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ծանոթացել է մարզի գրադարանների վիճակին, Սյունքիք մարզի գրադարանավարների հետ հանդիպման ժամանակ մեթոդական, մասնագիտական խորհուրդներ է տվել նրանց, խոսել գրադարանային ոլորտի նորությունների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին: Գրադարանավարները դիտել են Շրջիկ գրադարանում բացված ցուցահանդեսը:

Սյունիքի մարզի գրադարանների հիմնական խնդիրը համալրումն է, համակարգչի, ինտերնետ կապի բացակայությունը: Սյունիքի մարզային գրադարանը տեղակայված է բնակելի շենքի առաջին հարկի տարբեր մուտքերում: Չնայած գրադարանը վերանորոգվել է, սակայն ամեն պահի կա վտանգը' վերևի հարկերից ջուր թափվելու, խողովակների անսարքության պատճառով պատերը, գրքերը վնասվելու և այլն:

Կապանի համայնքային գրադարանը քաղաքապետի որոշմամբ դարձել է մանկական գրադարան: Աշխատակիցները վստահեցնում են, որ քաղաքային թիվ 2 գրադարանը վերանորոգման ավարտից հետո քաղաքապետարանի միջոցներով համալրվելու է նաև ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ նորը' արդեն մանկական գրադարանը խիստ կարիք ունի մանկական գրականության: Այս մասին հայտնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter