
2016 թվական՝ բարդ տարի լրագրողների համար
«Լրագրողների գործունեությանը խոչընդոտելը ծանր հանցագործություն է»
2016 թվականին Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել ԶԼՄ 26 ներկայացուցիչ (լրագրող եւ օպերատոր), որոնցից 19-ը՝ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման դեպքերի լուսաբանման ժամանակ: «2016 թվականը բարդ տարի էր լրագրողների եւ ԶԼՄ-ի համար»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիետի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2016 թվականի ԽԱՊԿ տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ:
Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ՝ նա արձանագրեց, որ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 2016-ին աճել է.
Խախտումների տեսակները |
2015 թ.
|
2016 թ.
|
Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ |
8 (23 աշխատակից) |
10 (26 աշխատակից) |
Ճնշումներ` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ |
67 |
52 |
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ |
30 |
33 |
Դրանք արձանագրվել են ոչ միայն հուլիսին Սարի թաղի դեպքերի ժամանակ, այլեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս:
Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում լուրջ խնդիր կա լրագրողների նկատմամբ բռնությունների գործերի քննության առումով: 2008 թվականից սկսած՝ ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ավելի քան 100 դեպք, սակայն Դատական դեպարտամենտի վիճակագրության համաձայն՝ դրանցից միայն 2-ի դեպքում է գործ հարուցվել Քր. օրենսգրքի 164 հոդվածով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը: Ըստ նրա՝ սա դիտավորություն է եւ խտրական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որպիսի հիմքով գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե: Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանում այս գործերով չկա պատշաճ հետաքննություն, նախաքննություն եւ դատաքննություն: Եթե դատաքննություն էլ լինում է, ապա այն ավարտվում է տուգանքով: Իրավաբանը հիշեցնում է 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» եւ 2016-ի Սարի թաղի դեպքերը:
««Էլեկտրիկ Երեւան»-ից հետո թվում էր, թե փոփոխություն կլինի: Սարի թաղի դեպքերի կապակցությամբ 8 քրեական գործ է հարուցվել, որոնցից 7-ի նախաքննությունն ավարտվել է, բայց մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական անձանց, ոչ թե պաշտոնյաներին, որոնց պարագայում պետք է կիրառվեին Քր. օրենսգրքի 308. 309, անգամ 309-ի պրիմ հոդվածները»,- ասաց պրն Ղազարյանը: Նա պնդեց, որ սա մանիպուլյացիա է, որը կանխելու համար պետք է մեծացնել հասարակական ճնշումը իրավապահների վրա:
«Սրանք բարդ գործեր չեն նախաքննական, հետաքննչական մարմինների համար, որովհետեւ ամեն ինչ նկարահանված է: Բայց քննությունը տեղից չի շարժվել, եւ ես չեմ հավատում, որ որեւէ մեկը համարժեք պատժի կենթարկվի»,- համոզված է Արա Ղազարյանը:
Լրագրողների գործունեությանը խոչընդոտելը նա դասեց ծանր հանցագործությունների շարքին, որովհետեւ այդ գործողությունն ուղղված է «հասարակական բարիքի դեմ»: Իրավաբանը համոզված է, որ «Սարի թաղում լրագրողներին պատժելու հրաման է եղել, որովհտեւ եթե լրագրողները մազապուրծ լինելով փախչել են, նրանց հետապնդել են եւ ծեծել»:
Զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքների առումով Հայաստանում լրագրողները բավական պաշտպանված են
ԽԱՊԿ զեկույցի համաձայն՝ 2016-ին վարույթ են ընդունվել ԶԼՄ-ների ներգրավվածությամբ 17 նոր դատական գործեր, որոնցից 14-ը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Երկու դատական գործեր քրեական են եւ կապված են լրատվական կայքերի ներկայացուցիչների կողմից դրամաշորթության հետ։ Մեկ գործ էլ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը։
Իրավաբան Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ Զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքների առումով Հայաստանում լրագրողները բավական պաշտպանված են: «Ինչպես կանխատեսել էինք 2011-ին, բավական բարդացել եւ թանկացել է լրագրողներին դատի տալը»,- ասաց պրն Ղազարյանը եւ նշեց, որ այդ դատական գործերի առնչությամբ միակ խնդիրը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումն է: Այն պայմանավորված է դատավորների խիստ ծանրաբեռնվածությամբ՝ մեկ դատավորին Հայաստանում տարեկան բաժին է ընկնում 1500 գործ, ինչը նվազեցնում է գործերի քննության արդյունավետությունը:
ԶԼՄ-ի գործունեության 2016-ի մարտահրավերներից Աշոտ Մելիքյանը հիշատակեց նաեւ հեռարձակման թվայնացումը, որը Հայաստանը չկարողացավ այնպես իրականացնել, որ որեւէ հեռուստաընկերություն, նաեւ՝ լսարանը չտուժի: «Մինչդեռ դա պատուհաս դարձավ 10 մարզային հեռուստաընկերությունների համար»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել