«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն ու «Արդշինբանկ»-ը վերամիավորվել են
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն ու «Արդշինբանկ»-ը վերամիավորվել են։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին այսօր տեղեկացրել է, որ 2017 թվականի հունվարի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման արդյունքում միացող ընկերության իրավունքների և պարտականությունների, գույքի, պարտատերերի և պարտապաներին վարաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին փոխանցման ակտ։ Արդյունքում՝ հաստատվել է «Արդշինբանկ»-ի փոփոխված կանոնադրությունը և ուժը կորցված է ճանաչվել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ի լիցենզիան:
«Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս»,- ասվել էր հոկտեմբեր ամսին երկու բանկերի տարածած համատեղ հաղորդագրությունում:
Ինչպես այսօր մանրամասնել է ընկերությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված բանկերի վերակազմակերպում՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացնելու միջոցով, որի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Արդշինբանկ»-ը պահպանել է իր գործունեությունը՝ նաև որպես «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ։
Հավելենք, որ դեռևս 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվել էր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։
«Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից։ Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը»,- նշվել էր տարածված համատեղ հաղորդագրությունում
Այս բանկերի վերամիավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Այս պահանջը ուժի մեջ մտավ 2017 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այդ չափանիշի՝ այն բանկերը, որոնց նորմատիվային կապիտալը առաջիկա շուրջ երկու ամսում նվազագույնը 30 մլրդ դրամի չհասնի, կդադարեցնեն գործունեությունը որպես բանկ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել