
Ամբաստանյալ դատավորին առողջական խնդիրների պատճառով դատարան չէին ներկայացրել
Արաքս Մամուլյան
Կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով քրեակատարողական հիմնարկն այսօր նրան դատարան չէր ներկայացրել:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Բարսեղյանի բացակայության հիմքով հետաձգեց այսօր նշանակված դատական նիստը՝ մինչ այդ գործում ներգրավելով մյուս ամբաստանյալի՝ ըստ մեղադրանքի՝ կաշառք պահանջելուն և ստանալուն միջնորդած Էլզա Զաքարյանի պաշտպաններին:
Իշխան Բարսեղյանն, ով Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին, դատական համակարգում է 20 տարուց ավելի: 1999 թվականից սկսած՝ մինչև ձերբակալման պահը աշխատելիս է եղել նույն դատարանում, որտեղ այժմ ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Դատական նիստից հետո Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, օր օրեր առաջ իր պաշտպանյալը բերանի խոռոչի փոքր վիրահատություն է ենթարկվել, ատամնաշարի հետ կապված խնդիրներ ունի, որոնք առաջացել են Բարսեղանին բերման ենթարկելու ընթացքում:
«Օպերատիվ- հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոչ համաչափ ուժ է կիրառվել Իշխան Բարսեղյանի նկատմամբ»,- ասաց Էլբակյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ իր պաշտպանյալը բարձրաձայնել է իրեն բռնության ենթարկվելու մասին: Այս կապակցությամբ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մեզ չեն բավարարում»,- ասաց Էլբակյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ եզրակացություն են տվել փորձագետները:
Մեկնաբանել