
Կառավարության աշխատակազմը գրում է բացառապես ոսկեզօծ ու արծաթազօծ նոթատետրերում
Կառավարության աշխատակազմը 2016 թվականի ընթացքում մի քանի պայմանագիր է կնքել «Ակտիս» տպագրական սրահի հետ, ձեռք բերելով փափուկ կազմով, ոսկեզօծ ու արծաթազօծ նոթատետրեր ու գրառումների գրքեր:
Դեկտեմբերի 19-ին կառավարության աշխատակազմը 648 հազար դրամի պայմանագիր է կնքել «Ակտիս» ՍՊԸ-ի հետ՝ ընկերությունից գնելով «տպագրված շաբաթյա գրառումների գրքեր»:
648 հազար դրամը շատ ուշագրավ է, վճարվել է ընդամենը 60 գրքույկի համար: Մեկ գրքույկի արժեքը ավելի քան 10 հազար դրամ է: Ըստ ապրանքի տեխնիկական նկարագրի՝ գրքույկի թերթերի քանակը 60 է, ունի կաշվե կազմ: Կազմը եզրակարված է, երեսամասում պատկերված է կառավարության եւ շենքը, եւ արծաթափայլ դաջվածքը:
Գրքույկի միջուկի կողային մասերն արծաթափայլ են:
Կարելի է ենթադրել, որ այս գրքույկները ձեռք են բերվել կառավարության աշխատակազմի բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց համար:
![]() |
![]() |
Կառավարության աշխատակազմի եւ «Ակտիս» ՍՊԸ-ի միջեւ հաջորդ պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 12-ին: 840 հազար դրամ արժողությամբ սույն պայմանագրով՝ կառավարությունը «Ակտիս» ընկերությանը պատվիրել է 70 հատ «ամենօրյա գրառումների գրքեր», որի մեկ միավորի արժեքը 12 հազար դրամ է:
Այս մի գրքույկը 160 թերթանի է, կրկին կառավարության շենքի պատկերով եւ «ՀՀ կառավարություն» արծաթափայլ դաջվածքով: Գրքույկի միջուկի կողային մասերը արծաթափայլ են, կազմը՝ իտալական:
Հաջորդ պայմանագիրը՝ կրկին «Ակտիս» ՍՊԸ-ի հետ, կնքվել է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին: Գնումների առարկան՝ նոթատերտրեր, ընդհանուր գինը՝ 825 հազար դրամ: Այս գումարով կառավարությունը «Ակտիս» ընկերությունից գնել է 825 հատ նոթատետր:
Այն փոքր՝ A5 չափսի նոթատետր է, արծաթափայլ՝ իտալական արտադրության գալարներով, շապիկի վրա՝ եռաչափ ՀՀ զինանշանի արծաթափայլ կամ ոսկեզօծ դաջվածքով:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ տարեվերջին 990 հազար դրամ ամանորյա բացիկներ էր գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը՝ 1800 դրամ:
Մեկնաբանել