HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

17 բանկ հաղթահարեց ԿԲ-ի պահանջը. որը որքան կապիտալ ունի

Հայաստանյան բոլոր բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները։ Ըստ դրանց՝ հաստատվում է տեղեկությունը, որ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պահանջից հետո Հայաստանում այս տարվանից գործունեությունը կշարունակի 17 բանկ, որոնց նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը 30 մլրդ դրամ է։ 

2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ 

Երկու տարվա ընթացքում բանկերի մեծամասնությունը համալրեց նորմատիվային կապիտալի շեմը։ Միայն 4 բանկ չկարողացավ «դիմանալ» նոր պահանջին։ Արդյունքում 21 առևտրային բանկերից մնացին 17-ը։ 

Բանկերի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կազմված ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք բանկերի նորմատիվային (ընդհանուր) կապիտալի չափը 2015 և 2016 թվականների տարեվերջի դրությամբ։ 

Միայն «Յունիբանկ»-ի և «Արցախբանկ»-ի ընդհանուր կապիտալի ցուցանիշներում առաջին հայացքից հակասություն կար, քանի որ դրանք, ըստ հիմնական տնտեսական նորմատիվների մասին հաշվետվությունների, չեն հասնում 30 միլիարդ դրամի։ Ըստ հաշվետվությունների՝ 2016-ի տարվա վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ընդհանուր կապիտալը կազմել է 27 մլրդ դրամ, իսկ «Արցախբանկ»-ինը՝ մոտ 17.9  մլրդ դրամ։ Սակայն, ինչպես երևում է, բանկերի ֆինանսական հաշվետվությունները պատրաստվել են մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ը ընդգրկող ժամանակաշրջանը, քանի որ երկու բանկերի հաշվետվություններին կից ծանոթագրություններում էլ կարդում ենք, որ նշված բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալը 31.12.16թ.-ի դրությամբ հատել է 30 մլրդ դրամի շեմը։ Ինֆոգրաֆիակայում ներկայացրել ենք հենց այդ ցուցանիշները։ Այլ խոսքով՝ ԿԲ-ի պահանջը չի խախտվել. 2017 թվականի հունվարի  1-ի դրությամբ նշված 17 բանկերից յուրաքանչյուրի ընդհանուր կապիտալը գերազանցել է 30  մլրդ դրամի շեմը։ 

ՀՀ բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալը (մլրդ ՀՀ դրամ)
Create bar charts

Այսպիսով, նախորդ տարեվերջի դրությամբ նորմատիվային կապիտալի չափով ՀՀ բանկային համակարգում առաջատարը «Ամերիաբանկ»-ն։ Հաջորդում են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը։ Իսկ ցանկի վերջին հորիզոնականներում են «Հայբիզնեսբանկ»-ը, «Յունիբանկ»-ն ու «Հայէկոնոմբանկ»-ը։ 

Ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք,  2016-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ բանկերից 7-ն էին հաղթահարել 30  մլրդ դրամի շեմը։ Սահմանագծին մոտ էին «Կոնվերս Բանկ»-ը, «Հայբիզնեսբանկը» և «Հայէկոնոմբանկը»։  Նորմատիվային կապիտալի համալրման առավել լուրջ խնդիրներ ունեին «Անելիք Բանկ»-ը, «Զարգացման Հայկական Բանկ»-ն ու «Արցախբանկ»-ը։ 

«Զարգացման Հայկական Բանկ»-ին այդպես էլ չհաջողվեց հասնել 30  մլրդ դրամի շեմին. բանկը միաձուլվեց «Արարատբան»-ին։ Իսկ մինչ այդ «Ինեկոբանկը» գնել էր «ՊրոԿրեդիտ Բանկը», հետո՝ «Հայէկոնոմբանկը» գնեց «ԲՏԱ Բանկ»-ը,  իսկ «Արդշինբանկը»՝  «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter