
Բնապահպանն ահազանգում է. Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը կրկին լցվել է Նորաշենիկ գետ (տեսանյութ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը այսօր դարձյալ լցվել է Նորաշենիկ գետ: Այս մասին ահազանգ է ստացել Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Նա նշում է, որ խնդիրը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումն է պարզվածքում, ինչը վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սակայն ՍԹԿ-ն չափելու համար պետք է հետազոտություն կատարի բնապահպանական տեսչության Սյունիքի բաժինը:
Ա. Փարսադանյանը նշում է, որ այսօրվա վթարի մասին ևս տեղեկացրել է տեսչությանը: Խնդիրը ժամանակին բարձացվել է ԶՊՄԿ-ի վարչական գծով տնօրեն Վահե Հակոբյանի մոտ, ով այժմ Սյունիքի մարզպետն է: Ըստ Փարսադանյանի՝ վերջինս պատասխանել էր, թե ինչ գիտեք, որ վթար է, կամ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է:
Վերջին 4 տարիների ընթացքում Արմեն Փարսադանյանը բազմիցս է արձագանքել այս խնդրի մասին, սակայն այն որևէ լուծում չի ստացել: Նա նշում է, որ ԶՊՄԿ-ն իրավունք ունի պարզվածքը թաց թողնել գետ, բայց դա չպետք է գերազանցի ՍԹԿ-ն: «Անզեն աչքով էլ կարող ես տեսնել ջրի ֆիզիկական հատկության փոխվելը»,- ասում է բնապահպանը, ապա շարունակում, որ այսօր, երբ գնացել էր գետ թափվող պարզվածքը նկարելու, 2-3 րոպեից ավելի հնարավոր չէր մնալ տարածքում: Վարորդի մոտ, ըստ նրա, գլխացավ ու սրտխառնոց էր առաջացել:
Նման վթարները, բնապահպանի կարծիքով, ազդեցություն են ունենում նաև շրջակա հողերի վրա: Օրինակ՝ Սյունիք գյուղական համայնքում աճեցրած բանջարեղենը կամ միրգը Կապանի շուկայում խուսափում են գնել, հարցնում են՝ «սովխոզի՞ց» է, ուրեմն չենք ուզում: Պատճառը, ըստ տեղաբնակների, ծանր մետաղներն են:
Ա. Փարսադանյանի կարծիքով՝ այս տարիներին ընկերության ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց վթարները վերացնելու ուղղությամբ: «Դա արհամարհանք է բնակիչների հանդեպ»,- ավելացնում է նա:
Բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ մեր զանգելու պահին գտնվում է դեպքի վայրում, ուսումնասիրում են վթարը և առայժմ որևէ բան չեն կարող ասել: Սակայն դժվարացավ նշել հետազոտության պատասխանի ժամկետը:
Հարցին, թե վերջին 4 տարվա ընթացքում տեսչությունը ԶՊՄԿ-ին քանի անգամ է տուգանել, Լ. Պետրոսյանը պատասխանեց, որ հիմա չի կարող խոսել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել