HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլվիս Կոստելլո. Բանակային մտքեր երկաթակող մոդեռնիզմի շուրջ

Նաիրա Հայրապետյան

«Իմ առաջին ուղևորությունը Բելֆաստ 1978 թվականին էր. ես այնտեղ տեսա մարտական հագուստներ կրող պարզ, սովորական տղաների: Նրանք շրջում էին փողոցներում և զինված էին ավտոմատներով: Նրանք այլևս միայն լուրերի երեկոյան թողարկումներում չէին: Այս պատկերն իր ողջ փորձառությամբ աշխարհով մեկ ներխուժեց վարձկանների և արքայական բանակների պատկերացումներում: Երգն այս նախադրյալի հիման վրա է ստեղծվել. «Նրանք միշտ գտնում են բանվոր դասակարգից մի տղայի, որպեսզի սպանի»… Չգիտեմ՝ ով է դա ասել, գուցեև ես եմ եղել, բայց կարծես թե իրոք այդպես է»:

Անգլիացի ճանաչված երաժիշտ, երգիչ-երգահան Էլվիս Կոստելլոն այսպես է բացում իր երգերից մեկին առնչվող փակագծերը, որոնք, այնուամենայնիվ, այդքան էլ չեն բացվում: Խիստ քննադատությունների ու միաժամանակ մեծ ընդունելության արժանացած նրա «Oliver’s Army»-ն այդպես էլ շատերի համար մնում է անհասկանալի տեքստով կամ բառերով երգ: Սակայն կա մի բան, որն առանց կասկածի որևէ նշույլի հստակ է՝ «Oliver’s Army»-ն դեմ է պատերազմներին:

Իռլանդական Բելֆաստ քաղաքում անգլիական զինուժի դեսուդեն շրջելը ծանր տպավորություն էր թողել երաժշտի վրա: Զինվորական համազգեստի մեջ պատսպարված տղաները, թեկուզև իրենց պարզ ու պատանեկան դեմքերով, խիստ ճնշող էին: Նրանց լուսե հայացքները ոչինչ չէին կարողանալու անել, եթե հնչեր զենքով խոսելու հրամանը: «Նրանք միշտ կարողանում են գտնել բանվոր դասակարգից մի տղայի, որպեսզի սպանություն գործի…». այս մտքից և շրջապատող տեսարանից ճնշված՝ նա անմիջապես Լոնդոն մեկնեց: Վերադարձի ճանապարհին, ինքնաթիռի մեջ Կոստելլոն գրեց «Oliver’s Army»-ն՝ իր ամենաքննադատված, քննարկված, մերժված ու հանդիսատեսի կողմից ամենասիրված երգերից մեկը: Այն բազմիցս սուր գրաքննության ենթարկվեց հատկապես Անգլիայում:

«Oliver’s Army»-ն թողարկվեց նույն տարում, «Armed Forces» ալբոմի կազմում: Այն Կոստելլոյի և նրա «The Attractions» անվամբ բենդի համատեղ երկրորդ ալբոմն էր, իսկ երաժշտտի ձայնադարանում՝ երրորդը: Ի դեպ, նախնական տարբերակում Կոստելլոն այն անվանել էր «Emotional Fascism»:  Հավանաբար օլիվերյան բանակի գործունեությունն ու գաղափարն էլ նա ավելի հին ժամանակներից եկող ֆաշիզմի մի օրինակ էր համարում: Ֆաշիզմ, որը, պարզվում է, էմոցիոնալ էլ կարող է լինել:

Երգի սինգլը թողարկելուց հետո հաջողությունն ու հետաքրքրությունը քաղաքական ենթատեքստով լի  այս գործի հանդեպ ավելի լայն տարածում գտավ: «Oliver’s Army»-ն լսում էին նաև երաժշտության համար, երբեմն՝ առանց բառերին ուշադրություն դարձնելու: Այն մեծ հաջողություններ ունեցավ և՛ մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում՝ երաժշտական չարտերում մնալով շաբաթներ շարունակ: «Oliver’s Army»-ն ամենահաջողվածն սինգլն է համարվում Կոստելլոյի երաժշտական կյանքում:

Երգի վերնագիրը կապվում է 17-րդ դարի անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելի հետ։ Պատմությունից հայտնի է, որ այս ղեկավարի օրոք և՛ Անգլիան, և՛ հարակից երկրները՝ Շոտլանդիան, Իռլանդիան,  դժվար օրեր են ապրել: Սակայն սեփական երկրի շահերն իր տեսլականով ձևավորող ընդդիմադիր այս գործչին հաջողվում է շատ բան փոխել: Նա իր կազմավորած նոր բանակի ուժով հաստատում է միանձնյա իշխանությամբ ռազմական բռնապետություն՝ վերջ դնելով թագավորական իշխանությանը: Քաղաքացիական այդ պատերազմի ժամանակ Կրոմվելը ստեղծում է բանակի նոր մոդել՝ երկաթյա օրենքներով ու կարգապահությամբ, որի համար պատմության մեջ այն դրոշմվեց «երկաթակողերի բանակ» անվամբ:  Հենց այս բանակի հիման վրա է ձևավորվել բրիտանական ժամանակակից զինուժը, որի ավանդական ու մոդեռն շարունակությունը Կոստելլոն տեսավ իռլանդական Բելֆասթում: Հավանաբար հիշեց նաև հեռավոր 1652 թվականը. գերեվարված, արյունաքամ Իռլանդիան, ապա՝ Կրոմվելի երկաթակողերի առջև ծնկի իջնող Շոտլանդիան ու որոշեց՝աշխարհում մինչ օրս ոչինչ չի փոխվել:

«… Oliver՚s army are on their way

And I would rather be anywhere else

But here today … »

Եթե այն ժամանակ դեմոկրատական զանգվածի ճնշմամբ ստեղծվեց գյուղացիներից ու աշխատավոր մյուս խավից հավաքագրված երկաթե բանակը, ապա այսօր այնտեղ գործազուրկ կամ բանվոր դասակարգի որդիներն էին, աղքատ ընտանիքների զավակներ, որոնց մեծ մասը 16 տարին անգամ հազիվ էր բոլորել: Նրանք պիտի սպանեին, ճնշեին ու ծնկի բերեին ապստամբներին՝ նոր «հանունների» համար:

Կոստելլոն քաղաքականացված իր տեքստում նշում է թիրախ-երկրները, աշխարհագրական այլ անուններ, իսկ դրանք միայն ուղիղ իմաստով չեն ընտրվել: Դրանք վտանգավոր գոտիներն են, որ ձգվում են Հարավային Աֆրիկայից դեպի Պաղեստին, սառը պատերազմի խորհրդանիշ համարվող «Չարլի» հսկիչ-անցակետից մինչև Չինական պարիսպ հասնող ճանապարհ և այլուր: Այս անուններում, իհարկե, նա նաև ներառում է այդ պահին ալեկոծվող Հյուսիսային Իռլանդիան:

Երգի տեքստում այսպիսի տողեր կան՝ «Only takes one itchy trigger/ One more widow, one less white nigger». մի քոր եկող ձգան՝ ընդամենը մեկով ավել այրու և մեկով պակաս սպիտակ նեգրի գնով: Ասում են, որ այսպես էին անվանում իռլանդացիներին անգլիացիները՝ սպիտակ նեգր: Այդ անունով էին բնորոշում իրենց կրոնական և որոշ էթնիկ խմբերին նաև իրենք՝ իռլանդացիները: ԱՄՆ-ում նույնպես այն գործածվում էր իռլանդացի ներգաղթյալներին բնութագրելիս: Կոստելլոն ևս իռլանդական ծագում ուներ:

լուսանկարը՝ Ջեյմս Օ’Մարայի

Երբ Էլվիս Կոստելլոն գրեց «Oliver’s Army»-ն, 1979 թվականն էր, և նա աչքի առաջ ուներ այդ ժամանակաշրջանի իրադարձությունները, պետական գործիչների քայլերն ու դրանցից բխող իր մտահոգությունը: Անցել են տասնյակ տարիներ և ոչ այս մեկը, ոչ էլ որևէ այլ հակապատերազմական երգ դեռևս չի կարողացել փոխել աշխարհի մեծերի մտադրությունը՝ չնայած ռազմական ուժերից առավել մեծ քանակ ունեցող ունկնդիրների բանակին: Փոխարենը Կոստելլոյի թվարկած աշխարհագրական սահմաններն ու վտանգավոր գոտիներն ավելացել են, ընդլայնվել՝ ընդգրկելով երկրագնդի ամենահեռավոր սահմանները: Դրանք մշտապես հզորների դիտակետում են: Նրանք բանակներն ուղղորդում են այնտեղ՝ հանուն նոր գաղափարների տակ թաքնված մեծ շահերի: Ու քանի դեռ այդ աշխարհագրական տարածքներում ապրող մարդկային խաղաղ բնակավայրերը ոմանց համար միայն սև ոսկու դաշտեր են, սպիտակ նեգրեր դեռ կշարունակվեն գտնվել…. Հոգ չէ, թե աշխարհում կավելանա ևս մեկ այրի և կպակասի ևս մեկ լուսավոր հայացք: 

Գլխավոր լուսանկարը վերցված է americansongwriter.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter