HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

ԿԲ-ն գործարար համբավի պաշտպանության նպատակով դիմել է դատարան

Կենտրոնական բանկը գործարար համբավի պահանջի մասին հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (գործը քննելու է դատավոր Գոռ Թորոսյանը)՝ ընդդեմ քաղաքացի Սամվել Սահակյանի, որը դեկտեմբերի 21-ից սկսած, ըստ բանկի, « ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի միջոցով տարածված հայտարարություններով ներկայացրել է Կենտրոնական բանկի համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկություններ»:       

Հիշեցնենք, 2016թ. վերջին Սամվել Սահակյանը «Հետքին» պատմել էր, թե ինչպես է Կենտրոնական բանկը ոտնահարել իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւ իր անձնական տվյալները պարունակող լուսանկարները տրամադրել երրորդ կողմի:

Կենտրոնական բանկը դատարանից հայցել է պարտավորեցնել Սամվել Սահակյանին հերքել ԿԲ-ի հասցեին արված զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, ինչպես նաեւ՝ վճարել փոխհատուցում՝ 2 մլն դրամ:

Ուշագրավ է, որ բանկը որպես հայցի ապահովման միջոց միջնորդել է դատարանին արգելել ինչպես Սամվել Սահակյանին, այնպես էլ այլ անձանց ԶԼՄ-ներով, սոցիալական կայքերով կամ այլ եղանակով հրապարկել հայցադիմումում նշված՝ ԿԲ-ին առնչվող տեղեկություններ:

Միջնորդությունը հիմնավորելու համար Կենտրոնական բանկը նշել է երկու հանգամանք: Առաջին՝ որ պատասխանողի կողմից առ այսօր հրապարակվում են «զրպարտչական բնույթի տեղեկություններ»՝ նպատակ ունենալով արատավորել ԿԲ-ի գործարար համբավը, եւ դա կարող է հիմք հանդիսանալ հետագայում համապատասխան հայցի համար: Իբրեւ երկրորդ հանգամանք ԿԲ-ն մատնանշում է այն, որ հարապարկված տեղեկություններն առնչվում են ֆինանսական կազմակերպությանը (նկատի ունի «Ֆ.Ի.Կ.Օ» ՈւՎԿ-ն), «որոնց շարունակաբար աճող քանակը հետագայում կարող է խնդիրներ ստեղծել ֆինանսական համակարգի կայունության տեսանկյունից՝ ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն ներշնչելով հասարակության շրջանում»:

Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկն այս գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետական մարմինը չի կարող գործարար համբավ ունենալ, դա վերաբերում է մասնավոր ձեռնարկություններին: Ղազարյանը հղում է անում ՍԴ 2011թ. 997 որոշմանը, որով (11-րդ կետ) դատարանը սահմանել է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»:

Բացի այս՝ Կենտրոնական բանկը Սամվել Սահակյանի կողմից մուտքագրված փաստաթղթի առնչությամբ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել էր ոստիկանություն՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: Սամվելի տեղեկացմամբ՝ ԿԲ դիմումի հիման վրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գործ է հարուցել, որին միացվել է իր դիմումի կապակցությամբ հարուցված գործը:

Համարելով, որ կատարվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) արգելված արարք, Սահակյանը դիմել էր դատախազություն, որն էլ նրա դիմումը հասցեագրել էր ոստիկանություն՝ ընթացք տալու համար:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էլ վարչական վարույթ էր հարուցել Սամվել Սահակյանի դիմումի հիման վրա, որի շրջանակում քննվել էր նրա բողոքն ընդդեմ Կենտրոնական բանկի: 2017թ. հունվարի 12-ին գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնում տեղի ունեցած լսմանը ԿԲ ներկայացուցիչները միջնորդել են գործակալությանը վարչական վարույթը վերացնել եւ դիմումը վերադարձնել, քանի որ «գտնում են, որ Գործակալության իրավասության մեջ չի մտնում դիմումատուի պահանջի գնահատումը»:  «ԴԻմումատուի պահանջը վերաբերում է Քր. օրենսգրքի 144 հոդվածով նախատեսվող արարքի գնահատմանը, ինչը դուրս է գործակալության իրավասությունից»,- Սամվելի տեղեկացմամբ՝ ասել են ԿԲ ներկայացուցիչները: Գործակալության որոշումը կողմերին դեռ չի ուղարկվել:

Մեկնաբանություններ (2)

Lilit
ԿԲ թող նախ բացատրի թե էդ մարդու նկարները ու տվյալները ինչպես են հայտնվել էդ կազմակերպության ձեռքում հետո նոր դիմի դատարան
Վալյա
ԿԲ-ն իբրև գործարար համբավ ունի..մի հատ էլ դիմել է դատարան....ինքն է որոշել նախահարձակ լինել? Թալանչիներ են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter