«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պայթուցիկ նյութերի ներմուծման թույլտվություն է տրվել
Կառավարությունը այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ոորոշման նախագիծը, որով կթույլատրվի «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութեր և պայթեցման սարքավորումներ:
Որոշման նախագծում մի շարք նախարարությունների և պետական կառույցների հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
«Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներկրումը նպատակ ունի ապահովելու ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող աշխատանքների կատարումը»,- նշված է որոշման նախագծում։
Նշենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս ընկերությունը հանդիսասում է նաև Գլաձորի հանքավայրը շահագործել պատրաստվող «Վայք ռեսուրս» ՍՊԸ-ի 75% բաժնետոմսերի սեփականատերը։
Այս ընկերությանը կառավարությունը նաև արտոնություն էր տվել 2010-ին, 2013-ին, բացի այդ վերահսկիչ պալատը 2010-ին առաջարկել էր «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից։
Մեկնաբանել