
Սառեցված թռչնամսի գործով ՊԵԿ-ը դեռ քրեական գործ չի հարուցել
Պաստառների անվան տակ սառեցված թռչնամիս ներկրելու դեպքի առթիվ Պետական եկամուտների կոմիտեն դեռևս քրեական գործ չի հարուցել:
Հիշեցնենք, հունվարի 30-ին ՊԵԿ-ը հայտարարեց, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Մասնավորապես հաղորդվել էր, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա «պաստառ»։ Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ-ի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, բացահայտել էին, որ քաղաքացին իրականում շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել։
«Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և իրականացվում է վարչական վարույթ: Հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կհարուցվի քրեական գործ»,- «Հետք»-ի հարցմանը այսօր պատասխանել է ՊԵԿ-ը:
Ընթերցողներին հիշեցնենք` պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության հետ ուղարկված լուսանկարից երևում էր, որ սառեցված թռչնամիսը «Mountaire farms» ընկերության արտադրանքն է: Գրել էինք նաև, որ «Mountaire farms»-ի ապրանքատեսակները` սառեցված թռչնամիսը, մինչ այժմ Հայաստանում սերտիֆիկացրել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին առնչվող «Ալեքս-Գրիգ» ընկերությունը:
ՊԵԿ ուղարկված մեր հարցին` արդյոք պարզվել է, թե ով է հաղորդագրության մեջ նշված ՀՀ քաղաքացին և ում համար էր Հայաստան բերում սառեցված թռչնամիսը, ստացել ենք հետևյալ պատասխանը.
«22.500 կգ քաշով սառեցված հավի բուդը ՌԴ-ից ՀՀ տեղափոխած քաղաքացին հանդիսանում է միջազգային բեռնափոխադրումների իրականացմամբ զբաղվող «Սոյուզտռանսավտո» ՍՊ ընկերության աշխատակից, «Դաֆ» մակնիշի, 005AA85 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Սարգսյանը, իսկ ՀՀ-ում ստացողը՝ «Զուսյա» ՍՊ ընկերությունը»:
Ավելի պարզ` ՊԵԿ-ը չի անդրադարձել «Mountaire farms» ընկերության և «Ալեքս-Գրիգ»-ի առնչությանը, ոչ հերքել է, ոչ հաստատել` նշելով, թե ապրանքը բերվում էր «Զուսյա» ՍՊԸ-ի անվամբ: ՊԵԿ-ի սկսած վարչական վարույթի բացահայտումներն այսքանով ավարտվում են, համենայնդեպս մեզ այսքանն են հաղորդել:
Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` «Զուսյա» ՍՊԸ-ի հիմնադիրը, երեկվա դրությամբ` նաև միակ բաժնետերն ու տնօրենը, Գևորգ Վահանի Սեդրակյանն էր: Այսօր, սակայն, ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ գրանցվել են Գագիկ Սալիկոյի Զոհրաբյանի անվամբ:
Այժմյան բաժնետիրոջ` Գագիկ Զոհրաբյանի ռեգիստրի տվյալներում գրանցված է մի էլեկտրոնային հասցե, որ այս պատմությունը կապում է ՊԵԿ-ի վերջերս կատարած մեկ այլ բացահայտման հետ:
Գագիկ Զոհրաբյանի` ռեգիստրում գրանցված էլեկտրոնային հասցեն` [email protected]-ը տանում է «Լիգա Տրանս» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջ: Իսկ այս ՍՊԸ-ի հիմնադիրը` Գագիկ Ավդալյանը, վերջերս ներգրավված է եղել ՊԵԿ-ի` փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու մեկ այլ խոշոր բացահայտման մեջ:
Մասնավորապես, անցած տարվա հոկտեմբերին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից:
Ըստ հաղորդագրության` իրավախախտը` Գագիկ Ավդալյանը, նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում. «Ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով»: Գ. Ավդալյանի մի քանի ընկերություններում ՊԵԿ-ը խախտումներ էր բացահայտել:
Ինչ ընկերություն է «Զուսյա»-ն: Կոնտակտային որևէ տվյալ առայժմ չենք կարողացել պարզել, որովհետև այն Հայաստանում գրեթե պատմություն չունի: Այս ընկերությունը ՊԵԿ-ի հարկ վճարողների բազայում «նոր գրանցված» կարգավիճակ ունի, իսկ գրանցման ամսաթիվը 2017թ. հունվարի 18-ն է: Այսինքն` դեռ մեկ ամիս չկա, ինչ գրանցվել է «Զուսյա»-ն, սակայն 22 տոննա թռչնամիս է ներկրել: Շեշտենք` ըստ ՊԵԿ-ի:
Փորձեցինք Հայաստանի տարբեր սուպերմարկետներում պարզել` արդյոք վաճառում են «Mountaire farms» ընկերության սառեցված հավի միսը: ՊԵԿ-ի պատասխանում նշված էր, որ ներկրվել է մասանվորապես սառեցված «հավի բուդ»: Երևանի տարածքում մեր այցելած մի քանի սուպերմարկետներից միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» սուպերմարկետներում էր վաճառվում «Mountaire Farms»-ի սառեցված հավի բուդ: Սառեվցած մսերի տուփերի վրա, որպես ներկրող, սակայն, նշված է ոչ թե «Զուսյա» ՍՊԸ-ն, այլ հենց «Ալեքս-Գրիգ»-ը: Սառեցված մսերի տուփերի վրա չկա հայերեն մակնշում:
![]() |
![]() |
«Mountaire Farms»-ի սառեցված հավի բուդը. «Երևան Սիթի» | Ներմուծողը «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն է |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սառնարանի համամապատասխան բաժնի վրա փակցված է պիտակ` հետևյալ գրառմամբ. «Հավի բուդ Մունտարի արտադրված է Բրազիլիա պահպանել -2C -18C-ում արտադրության և պիտանելիության ժամկետը փաթեթավորման վրա Ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ»:
Շարունակելի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել