HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գալոյան

Օպտիմալացման իրական պատճառը

Հանրակրթության համակարգում կատարվող բարեփոխումները մտել են բավական հետաքրքիր փուլ: Կրթության ներկա նախարար Սերգո Երիցյանն իր պաշտոնին հասավ օպտիմալացում կոչվող ծրագիրը քննադատելով: Դարձավ նախարար ու շարունակեց օպտիմալացնել կրթությունը` իր բազմաթիվ հարցազրույցներում պնդելով, որ դատապարտված է իրագործել նախկինում ընդունված ծրագրերը; Կրթության նախկին նախարարն էլ պատասխան հարցազրույցներում իրեն արդարացնող հիմնավորումներ է բերում: Օպտիմալացում անվանված ծրագիրը, փաստորեն, քննարկվում է բացառապես քաղաքական ոլորտում: Պետական պաշտոնատարներից որեւէ մեկը չի համարձակվում հասարակությանը պարզ ներկայացնել վիճակագրական այն գործընթացները, որոնք դարձել են այս ծրագրի իրական պատճառ:

 Ինչ էր կատարվում 

1985-92 թթ. կարելի է անվանել ժողովրդագրական պայթյունի տարիներ: 20-րդ դարում Հայաստանում ծնելիության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է հենց այս շրջանում: 1992-ին սկսված տնտեսական ճգնաժամն ուղեկցվեց ծնելիության կտրուկ անկմամբ: 92թ-ից սկսվեց նաեւ մեծ արտագաղթ: Պետությունը պաշտոնապես ընդունում է, որ երկրի բնակչության թիվը նվազեց 600-700 հազարով: Էմիգրացիոն գործընթացներն ուսումնասիրող տնտեսագետներն ու դեմոգրաֆները զգուշացնում էին, որ երկրից առաջին հերթին արտագաղթում է վերարտադրություն ապահովող տարիքի բնակչությունը: Այս ուսումնասիրությունները հասարակական պատշաճ վերաբերմունքի չարժանացան: Ծնելիության նվազման հետեւանքները հասարակական կյանքում նկատելի են դառնում տարիներ անց: Մինչդեռ 90-ականների կեսերին դպրոցական տարիքի էր հասնում 1985-92 թթ. ծնված երեխաների սերունդը: Այսինքն` հասարակական կյանքում հակասաական պատկեր էր ստեղծվել. մի կողմից արտագաղթ եւ ծնելիության նվազում, մյուս կողմից ` դպրոցահասակ երեխաների թվաքանակի աճ: 2002թ. Հայաստանում կար 1444 դպրոց, ավելի շատ, քան Խորհրդային Հայաստանում: 

Պետությանը դժվար չէր արձագանքել դպրոցականների թվի աճին: Երկրում գործող բուհերը տասնամյակներ շարունակ ավարտում էին ավելի շատ մանակավարժներ, քան անհրաժեշտ էր կրթական համակարգին: 1996-99թթ. հանրակրթական դպրոցի քանակական ցուցանիշների պիկն էր: Աշակերտների թիվը 99-ին ռեկորդային էր` 602,5 հազար: Զուգահեռաբար աճում էր նաեւ դպրոցներում աշխատողների (ուսուցիչների) թվաքանակը: 99-ին ռեկորդային էր նաեւ ուսուցիչների թիվը` 62 հազար: Փաստորեն, մակավարժական կադրերի առատությունը հնարավորություն տվեց դպրոց ընդունել աշակերտների աննախադեպ մեծ խմբաքանակ: 

Հետո պատկերը կտրուկ փոխվեց: Անցած տարի առաջին դասարան ընդունվեց նույնքան աշակերտ, որքան ավարտեց 10-րդ դասարանը` մոտ 45 հազար: Սա բնական ցուցանիշ չէ, որովհետեւ առաջին դասարանցիների 80-85 տոկոսն է, որ հասնում եւ ավարտում է 10-րդ դասարանը: Մինչեւ կրթության արդյունավետացման ծրագրի հրապարակային իրագործումը կրթության նախարարությունը դպրոցների տնօրեններին պարտադրում էր կրճատել ուսուցիչների թիվը: Այս պահանջներին ուսուցիչները տնօրենների հետ միասին գտան բավական ինքնատիպ լուծում: Իրար հետ համաձայնության գալով շատ ուսուցիչներ անցան կես դրույքի: Այսինքն, մեկ հաստիքի վրա աշխատում էր երկու ուսուցիչ:

Ներկա պատկերը

 Իշխանություններն իրենց նեղություն չեն տալիս տեղեկացնելու հասարակությանը, թե ինչու են սկսել իրագործել հանրակրթական դպրոցի օպտիմալացման ծրագիրը: Նաեւ այն պատճառով, որ այս ծրագիրը անխուսափելի է, որովհետեւ 1999 թ-ից սկսած կտրուկ նվազում է աշակերտների քանակը: Հանրակրթական դպրոցներում 96-ին սովորում էր 580 ազար աշակերտ , 97-ին 591 հազար, 98-ին 596 հազար, 99-ին 603 հազար: Այս թիվը բարձրակետն էր, այնուհետեւ սկսվեց անկումը: 2000-ին դպրոց էր հաճախում 580 հազար, 2001-ին 572 հազար, իսկ 2002-ին 535 հազար աշակերտ: Այն, որ առաջիկա տարիներին եւս նվազելու է աշակերտների թիվը դժվար չէ եզրակացնել ուսումնասիրելով ծնելիության ցուցանիշները: Որպես օրինակ կարելի է դիտարկել մինչեւ մեկ տարեկան երեխաների թիվը:

1998-ին Հայաստանում կար 43 հազար 400 երեխա, 2002-ին ընդամենը 31 հազար 600: Այսինքն, յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի պակաս թվով աշակերտներ են մտնելու հանրակրթական դպրոց, իսկ դա նշանակում է, որ պետութունը պարտավոր է կրճատել մանկավարժների քանակը: Այսօր յուրաքանչյուր ուսուցչին բաժին է ընկնում 8-11 աշակերտ: Հատկապես բարձր է ուսուցիչների թիվը Շիրակի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում: Ըստ մեր կրթության ոլորտի պաշտոնատար անձանց այս թիվը մոտ երկու անգամ բարձր է միջազգային չափանիշներից. Եվրամիության անդամ երկրներում յուրաքանչյուր ուսուցչին բաժին է ընկնում 17 աշակերտ: Պաշտոնական այն բացատրություները, թե հիմանկանում կրճատվելու են կենսաթոշկային տարիք ունեցող մասնագետները շատ արագ դուրս եկավ շրջանառությունից: Որովհետեւ կենսաթոշակային տարիքի ուսուցիչների թիվն ընդամենը 3.5 հազար է, իսկ կրճատել անհրաժեշտ է շատ ավելի մեծ թվով ուսուցիչների: Պաշտոնապես հորինվեցին այլ պատճառներ էլ, օրինակ, ոչ մասնագիտական կրթությունը: Սա եւս անլուրջ պատճառ է եւ հասարակությունը չի ընկալում, որովհետեւ համալսարանական կրթությամբ ֆիզիկոսին կամ կենսաբանին 2-3 տարի դպրոցում աշխատելուց հետո չի կարելի ոչ մասնագետ համարել: Հասարակությունը նկատում է, որ թե նախորդ , թե ներկա նախարարները հրապարակային ելույթներում անխնա քննադատում են օպտիմալացման ծրագիրը: Քննադատությունը ոչինչ չի նշանակում , որովհետեւ գործնականում նրանք այդ ծրագրի ջատագովն ու կիրառողն են: Կիրառում են այն պարզ պատճառով, որովհետեւ ծանոթ են ժողովրդագրական տվյալներին:

Հասկանալու փորձ 

 Այսօր Հայաստանում հանրակրթական դպրոցների 3-7-րդ դասարաններում սովորող (այսինքն, 10-14 տարեկան երեխաների) քանակը 371 հազար 400 է: Նրանցից ուղիղ տասը տարի փոքր (1-4 տարեկան) երեխաների թիվը ընդամենը 151 հազար 300 է: Այսինքն, տասը տարի հետո 3-7-րդ դասարանների աշակերտների թիվը կկրճատվի 2.5 անգամից ավելի: Աշակերտների թվի նվազում որքան էլ սահուն ընթանա պետությունն այսօր արդեն պարտավոր է զուգահեռաբար նույնքան «սահուն» իրականացնել ուսուցիչների կրճատման գործը:

Առաջին հայացքից տարօրինակ է, որ պետական պաշտոնատար անձինք օպտիմալացումն սկսելով հասարակությանը տեղյակ չեն պահում այդ բարեփոխում կոչված իրական պատճառների մասին: Ոչ ոք բարձրաձայն չի խոսոտովանում, որ սա ընդամենը սկզիբն է եւ յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի մեծ թվով ուսուցիչներ են դուրս թողնվելու դպրոցից: Որովհետեւ դպրոցն իմաստ ունի միմիայն աշակերտների գոյության դեպքում, իսկ աշակերտների թվի կտրուկ նվազման մասին կարծում ենք, որ չեն խոսում այն պատճառով, որ եթե տասը տարի հետո 2.5 անգամ կրճատվում է 10-14 տարեկանների թիվը, ապա 15 տարի հետո նույնքան կկրճատվի նաեւ զինապարտության տարիքի տղաների քանակը: Իսկ դա արդեն երկրի անվտանգության ոլորտի խնդիր է, որի մասին մեր չինովնիկները գերադասում են պարզապես լռել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter