
2017-ին կարտադրվեն նոր որակի կենսաչափական անձնագրեր եւ ID քարտեր
Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի՝ նախորդ տարվանից հետաձգված մրցույթը կանցկացվի այս տարի:
«Դեռ մրցույթ հայտարարված չէ, սակայն դա չի նշանակում, որ գործընթացը չի ընթանում բնականոն հունով: Նախորդ տարվա աշնանը վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը մշակում է նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տեխնիկական առաջադրանքը: Հանձնաժողովի կողմից պետք է բոլոր հնարավոր հարցերը վեր հանվեն, որից հետո կհայտարարվի մրցույթ»,- ասաց ԱՎՎ պետը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Հայաստանում սպառվել էր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Չնայած «PWPW S.A.» լեհական ընկերությունը, որը շահել էր Հայաստանին կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտ մատակարարելու մրցույթը, իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 24-ին պատվիրակներ կժամանեն Հայաստան, որպեսզի համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվի, քանի որ գործող պայմանագրով նախատեսված 300 հազար հատ անձնագրերն արդեն մատակարարվել էին, լեհերի հետ նոր պայմանագիր չկնքվեց:
Պայմանագրի ժամկետը չերկարացնելը հայկական կողմի դիրքորոշումն էր: Մնացական Բիչախչյանն այն ժամանակ «Հետք»-ին հայտնել էր, որ ցանկանում են նոր՝ ավելի որակյալ կենսաչափական անձնագրեր պատվիրել, ինչը 2011թ. հայտարարված մրցույթի արդյունքում լեհական ընկերության հետ կնքած պայմանագրի դրույթներից դուրս է:
Բիչախչյանը նաեւ հայտնել էր, որ նոր որակի կենսաչափական անձնագրերի գնման մրցույթը կհայտարարվի հենց 2016 թվականին:
Մնացական Բիչախչյանը / police.am
Այսօր արդեն Անձնագրային եւ վիզաների վարչության պետն ասաց, որ լեհական ընկերությունը, չնայած պայմանագրով սահմանված 300 հազար նմուշի հատկացմանը, նախորդ տարվա աշնանը նաեւ լրացուցիչ խմբաքանակ է հատկացրել Հայաստանի ոստիկանությանը: Եվ առայժմ ոստիկանությունն ունի բավարար քանակությամբ կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր:
Մնացական Բիչախչյանն ասաց, որ մրցույթ է հայտարարվելու ոչ միայն ՀՀ քաղաքացիների կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համար, այլեւ, մեկ փաթեթում, կացության քարտերի, հատուկ անձնագրերի, փախստականների վկայականների համար: Դրանք մինչ այժմ հատկացվել են թղթային տարբերակով, սակայն նորերը կլինեն պլաստիկ եւ էլեկտրոնային՝ կենսաչափական փաստաթուղթ:
Նախատեսված է ողջ գործընթացը՝ տեխնիկական առաջադրանքների մշակում, մրցույթի հայտարարում եւ տպագրություն, կազմակերպել 2017 թվականի ընթացքում:
Մեկնաբանել