HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետի հանձնարարականները՝ ներդրումների և Հայաստան-Սփյուռք կապի ակտիվացման համար

Գործադիրի այսօրվա նիստը կրկին մեկնարկեց հանձնարարականներով։

Վարչապետը հայտնեց, որ արտաքին գործերի նախարարության հետ քննարկել է տնտեսական բաղադրիչը դիվանագիտական կորպուսում ակտիվացնելու քայլերը։

Այդ նպատակով Կարապետյանը արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ներկայացնելով հստակ առաջարկություն այլ երկրներում Հայաստանի դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշների ահմանման վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը»,-ասաց վարչապետը։

Ափյուռքի նախարարին վարչապետը հանձնարարեց գործադիր մարմինների ղեկավարների, սփյուռքի հայտնի կառավարիչների, մասնագետների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել ծրագիր երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Հաջորդիվ վարչապետը սփյուռքի, կրթության և գիտության նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ծրագիր՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, այնտեղի կրթօջախների համար կրթական ոլորտի մասնագետների վերապատրաստման, հայ երիտասարդների շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, այնտեղի դպրոցների համար նոր և էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման նպատակով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում սփյուռքի նախարարի հետ համատեղ հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը, նրանց ներկայացնել տեղեկություն զարգացման նախարարության բոլոր հարթակների մասին և կապը մշտապես պահպանել նրանց հետ։

Հաջորդ հանձնարարականը մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարություններին էր ուղղված: Դրա համաձայն` պետք է երկամսյա ժամկետում մշակել համատեղ մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրեր` սփյուռքում հայապահպանության օժանդակման, հայկական մշակույթի տարածման և հայկական արժեքների քարոզման միջոցով Հայաստանը առավել ճանաչելի դարձնելու համար։

Իսկ ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման նպատակով Կարապետյանը կրթության, սպորտի նախարարներին հանձնարարվեց գույքագրել հանրապետության դպրոցների և ԲՈՒՀ-երի սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները։

«Կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն։ Տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան։ Ստանդարտներ գոյություն չունեն։ Մասսայական սպորտի վերաբերյալ, պարոն Ռոստոմյան, գույքագրել ակտիվները, տրված էր շուտ, առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ոնց ենք անում գյուղական համայնքներում էդ սպորտ դահլիճները, ինչ ուժերով, պրագմատիկ տարբերակով ոնց ենք ակտիվացնում։ Ճիշտ եմ ասու՞մ։ Ուշադիր եղեք»,- հավելեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter